Սեպտեմբերի 26-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում «Խումար՝ ուրիշի խնջույքում» (ըստ Ա. Օստրովսկու) ներկայացումից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին տրվեց Միջազգային թատերական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում: Այդ առիթով Երեւան էր ժամանել Միջազգային թատերական ակադեմիայի նախագահ Դմիտրի Վլասովը, ով հանդիսավոր պայմաններում շնորհեց շքանշանը, ակադեմիկոսի թիկնոցը, գլխարկը… Արարողությանը ներկա էին ՌԴ դեսպանատան աշխատակիցներ, Հայաստանի թատերական գործիչների նախագահ Հ. Ղազանչյանը: Վերջինս ՀԹԳՄ ոսկե մեդալով պարգեւատրեց Դ. Վլասովին:
Երեկ ռուսական թատրոնում կայացած ասուլիսի ընթացքում լրագրողները շփվեցին ակադեմիայի նախագահի հետ: Վերջինս ցնցված էր ռուսական թատրոնի դերասաններով, հայ հանդիսատեսով… Գառնիի հեթանոսական տաճարով, որտեղ եւս հասցրել էր այցելել: Դ. Վլասովը ասուլիսի ընթացքում ասաց, որ Ա. Գրիգորյանը վայելում է համընդհանուր սեր ու հարգանք ոչ միայն այստեղ՝ հայրենիքում, այլ նաեւ հայրենիքից հեռու: Նաեւ նշեց, թե ակադեմիայից մի քիչ նեղսրտած է վրաց հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, ում՝ ակադեմիկոսի կոչում շնորհելը ինչ-ինչ պատճառներով հետաձգվում է: