Սեպտեմբերի 17-ին Իջեւանում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Սամվել Մարդանյան) Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղի բնակիչներ, 1977թ. ծնված Ասապ Քամալ-օղլի Աբդուլաեւին եւ 1981թ. ծնված Ռաշադ Քամալ-օղլի Աբդուլաեւին ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի առաջին մասով դատապարտեց երեքական տարվա ազատազրկման: Աբդուլաեւ եղբայրներն այս տարվա ապրիլի 14-ին մաքսանենգ ճանապարհով, Բագրատաշենի մաքսակետով Հայաստան էին ներկրել մոտ հինգ միլիոն դրամ արժողությամբ 9 անուն դեղորայք: Նրանք ապրանքը թաքցրել էին արեւածաղկի տոպրակների տակ: ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին ադրբեջանցիներին եւ նրանց հետ համագործակցած Հայաստանի քաղաքացի, դեղորայքի բիզնեսով զբաղվող Արմեն Առաքելյանին՝ կանխելով դեղորայքի ապօրինի ներկրումը:
Ադրբեջանցի եղբայրների փաստաբան Ազատ Շահբազյանը հայտնեց, որ պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի դեմ, սակայն դեռ չի ստացել դատավճիռը: Նրա խոսքերով, եղբայրներից կրտսերը՝ Ռաշադը տառապում է բավական ծանր հիվանդությամբ՝ հեպատիտ C-ով, նրանց ընտանիքները նյութական ծանր վիճակում են:
Ներկայումս մաքսանենգ եղբայրները Նուբարաշենի մեկուսարանում են: