Իսկ Իտալիայի մարզերն ու համայնքները շարունակում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
«Աշխարհում ամենաշատը Իտալիայի համայնքներն են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ բոլոր որոշումներն ընդունվում են միաձայն»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա մարզի հայկական «Ծիծեռնակ» համայնքի ղեկավար, իտալահայ Դանիել Թեմրեզյանը: Իտալիայում հայկական համայնքը գործում է ըստ մարզերի: Ուդինե, Բերտիոլո, Տրիվինիանո Ուդինեզե, Լեստիցա, Պոցոլո դե Ֆրիուլի, Պազիան դի Պրատո. սրանք իտալական այն համայնքներից են, որոնք արդեն ճանաչել են ցեղասպանությունը: Այսօր նաեւ Դինիանի, իսկ վաղը Սպիլինբերգո համայնքն է պատրաստվում քննարկել ցեղասպանության հարցը:
Իսկ Դանիել Թեմրեզյանը նաեւ ճանաչված քանդակագործ է, նրա աշխատանքները ցուցադրված են Հռոմում, Վենետիկում, Հայաստանում: «Ծիծեռնակ» միությունը, որը ստեղծվել է 2001 թվականին՝ 20 հայ ընտանիքների նախաձեռնությամբ, նպատակ ունի իտալական այդ մարզում ծանոթացնել եւ տարածել հայ ժողովրդի պատմությունը, Հայաստանում էլ ներկայացնել իտալական Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա մարզը: Ուդինե քաղաքում արդեն բացվել է 1915 թվականի զոհերի հիշատակին նվիրված հայկական զբոսայգի: Իսկ Պազիան դի Պրատոյի քաղաքապետը «Ծիծեռնակ» միությանը առաջարկել է հայկական զբոսայգում փոքր մարզական կենտրոն կառուցել: Պարոն Թեմրեզյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ քայլեր են արվում Իտալիայում հայկական ինքնությունը պահպանելու համար, կա՞ն արդյոք հայկական դպրոցներ, մշակութային օջախներ: Պարզվեց, որ Հռոմի միայն մեկ դպրոցում հայերեն դասաժամեր կան եւ միայն: Իտալիայում չկան հայկական երգչախմբեր կամ մշակութային կենտրոններ: Կան փոքր ինքնագործ խմբեր, որոնք, սակայն, համերգներով հանդես չեն գալիս: Ցեղասպանության ժառանգների մի զգալի մասն էլ, Թեմրեզյանի խոսքով, այլեւս հայերեն չի խոսում: «Իտալիայում էլ հայերը ձուլվում են: Դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում, մարդը սկսում է սոցիալական այն միջավայրի մասը դառնալ, որտեղ ապրում է: Բայց հոլոքոստից հետո հրեաները հավաքվեցին Իտալիայում, միավորվեցին, ստեղծեցին իրենցը, իսկ հայերը, չնայած նրան, որ իտալական հասարակության կողմից լավ վերաբերմունքի արժանացան՝ համախմբվելու փոխարեն ձուլվեցին տեղական հասարակության հետ»,- նկատեց պարոն Թեմրեզյանը:
Իտալահայ մեր հայրենակցից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչո՞վ են զբաղվում հայերն Իտալիայում: Ասաց, որ ցեղասպանությունից փրկվածների ժառանգների 90%-ից ավելին փաստաբաններ, բժիշկներ, ճարտարապետներ են, իսկ նրանք, ովքեր վերջին շրջանում են գնացել Հայաստանից, չնայած բարձրագույն կրթություն եւ դիպլոմ ունենալուն, ստիպված են այլ աշխատանքներ կատարել, քանի որ հայկական դիպլոմը Իտալիայում չի ընդունվում: Իտալիայում հայերը հայերի հետ չեն ամուսնանում. «Մեր համայնքում, որտեղ 20 հայ ընտանիք կա, դեռ չի գրանցվել դեպք, որ հայը հայի հետ ամուսնանա»:
Հ. Գ. Հիշեցնենք, որ հայերի ձուլվելու մասին ահազանգ հնչել է նաեւ Հարավային Ամերիկայի երկրներից. «Առավոտ», 10.06.2010՝ «Հարավային Ամերիկայի հայերը ձուլվում են»: