Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մի մասը զրկված է որակյալ էներգամատակարարումից
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղը բառիս բուն իմաստով Երեւանին կպած է: Երեւանի Ջրվեժ թաղամասն ու Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղը իրար խառնված են՝ գյուղացու տունն ու քաղաքացու բնակարանը բաժանված են մեկ փողոցով, ու տեղանքին անծանոթը չի էլ նկատի, որ, ասենք մի 100 մետր ճանապարհ անցել է մի քանի անգամ Երեւանից Կոտայքի մարզ գնալ-գալով: Երեւանամերձ գյուղը, սակայն, ունի սոցիալական խնդիրներ, որոնք հաստատ չես արդարացնի մարզկենտրոնից կամ մայրաքաղաքից՝ իր հեռավորությամբ:
«Առավոտին» դիմած ջրվեժցիներն ասացին, որ գյուղի եկեղեցուն հարող տարածքում, մասնավորաբար՝ թիվ 10 եւ թիվ 12 փողոցներում, էներգամատակարարումը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: Լարվածությունը տատանվում է, քիչ չեն դեպքերը, երբ շարքից դուրս է եկել ջրվեժցու սառնարանը, հեռուստացույցը կամ կենցաղային որեւէ տեխնիկա: Տուժած ջրվեժցիներից ոչ մեկը որեւէ անգամ որեւէ կառույցից փոխհատուցում չի ստացել:
Ջրվեժի գյուղապետ Ռոբերտ Պետրոսյանը, ընդունելով իր համագյուղացիների բողոքի հիմնավորվածությունը, ասաց, որ հարցը սրվում է հիմնականում ձմռանը, երբ էականորեն աճում է էլեկտրաէներգիայի ծախսը, եւ արդեն քանի տարի ձմռանը նույն անլուծելի խնդրին են բախվում Ջրվեժի թիվ 10 եւ թիվ 12 փողոցների մոտ 35 տների բնակիչները: Բողոքավոր ջրվեժցիներն ասացին, որ վերջին ձմռանը՝ 2009-2010 սահմանագլխին գյուղապետը նամակով դիմել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը եւ խնդրել հարցը կարգավորել: 2010-ի հունվարի 14-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տեխնիկական տնօրեն Կ. Դարբինյանը գյուղապետ Ռ. Պետրոսյանին տեղեկացրել է, որ «Ջրվեժ գյուղի եկեղեցու եւ նրան հարող թիվ 10 եւ թիվ 12 փողոցների բնակչությանը էներգամատակարարման նպատակով անհրաժեշտ է տեղադրել 250 կՎԱ հզորությամբ ԿՏԵ (կոմպակտ տրասֆորմատորային ենթակայան-խմբ.), որի համար կպահանջվի 5×5=25 քմ հողատարածք: Համայնքապետարանի աշխատակիցների եւ «էներգացանցնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ մասնագետների համատեղ ուսումնասիրությունից հետո ընտրվել է առավել նպատակահարմար տարածք: Խնդրում ենք քննարկել ԿՏԵ-ի հողահատկացման հարցը»:
Այս նամակից հետո Ջրվեժի ավագանու որոշմամբ տարածք է առանձնացվել, նախագիծը՝ հաստատվել եւ ուղարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Գյուղապետ Ռոբերտ Պետրոսյանը ասաց, որ ավելի քան 3-4 ամիս է՝ ինչ հաստատված նախագիծը էլցանցում է, բայց ոչ մի տեղաշարժ չկա: Ջրվեժում չգիտեն անգամ իրենց գյուղում ԿՏԵ տեղադրելու աշխատանքները ընկերությունը այս տարի՞ կիրականացնի, թե՞ ձմեռ 2010-2011-ն էլ իրենց համար էլեկտրաէներգիայի տատանումներով եւ խափանումներով հագեցած կլինի:
Ջրվեժի թիվ 10 եւ թիվ 12 փողոցներում էներգամատակարարման վիճակը պարզաբանելու առաջարկով դիմեցինք նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Ըստ ՀԷՑ-երից ստացած պատասխանի. «Այսօրվա դրությամբ Ջրվեժի տարածքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից իրականացվել են հետեւյալ աշխատանքները. անցկացվել է 850 մ 10 կՎ օդային գիծ, կառուցվել 250 կՎ հզորությամբ 1 ԿՏԵ, 2 ենթակայան, անցկացվել 900 մ 10 կՎ օդային գիծ: Երկու նախագիծ ավարտվել է, մեկը գտնվում է ավարտական փուլում, գերեզմանների մոտ տեղադրվել է 1 ԿՏԵ եւ 1 ԿՏԵ վերակառուցվել»: Լավ է, որ գործ է արվել: Վատ է, որ ընկերությունը չի ասում, թե ինչո՞ւ այսօր բան չի անում կամ ե՞րբ մի բան կանի՝ Ջրվեժի թիվ 10 եւ թիվ 12 փողոցներում էներգամատակարարման անմխիթար վիճակը բարելավելու համար:
Հ. Գ. Եթե չեն լուծվում մայրաքաղաքամերձ գյուղերի ոչ այնքան բարդ խնդիրները, պետք չէ զարմանալ, թե ինչու են դատարկվում Հայաստանի սահմանամերձ գյուղերը: