Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՆԻՆ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ՈՒԺՈՎ ԵՆ ՏԱՐԵԼ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Օրեր առաջ տպագրվել է Հայկազ Մակարյանի «Պարոն խելագարը. հավերժ Ջուլիա» բանաստեղծությունների գիրքը

\"\"Պատանի հեղինակը որբ է, 1 տարի է, ինչ գտնվում է ծնողազուրկ երիտասարդների «Սերնդապահ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանու ներքո:

2004թ. մարտի 18-ին Աշտարակի հիվանդանոցում մահացել է Մակարյանի մայրը: Հայրը հեռացել է ընտանիքից: «14 տարեկանում ես առաջին անգամ հանդիպեցի հորս: Ես արագ-արագ մոտեցա հորս, որպեսզի համբուրեմ նրան: Սակայն նա ինձ անպետք իրի պես մի կողմ շպրտեց: Նա ասաց, որ ես անցանկալի ծնունդ եմ եղել, որ չի էլ ուզում իմ մասին լսել: Ես լալագին խնդրում էի հորս, որ թույլ տա գոնե զրուցել իր հետ»,- պատմում է Հայկազը:

Հայկազի խնամակալն են դառնում մորաքույրն ու տատը:

«Նրանք որոշեցին ինձ ուղարկել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, որպեսզի դառնայի զինվոր: Այնտեղ մնացի ընդամենը 4 օր, գալով տուն՝ հանդիպեցի «տնեցիների» հանիրավի մեղադրանքներին: Զայրացած ձեռքս ապակիով կտրեցի՝ չհասկանալով դրա ծանր հետեւանքները հետագայում: Մորս մահվանից հետո ես 100 000 դրամ էի հափշտակել եւ զբաղվում էի համակարգչային խաղամոլությամբ: Սակայն դա տեւեց 2 ամիս, իսկ մորաքույրս եւ տատս անընդհատ հիշեցնում էին ինձ դրա մասին, վիրավորում էին՝ ինձ անվանելով վիժվածք»,- պատմում է Հ. Մակարյանը: Հ. Մակարյանը, որը չի էլ թաքցնում իր թերություններն ու թուլությունները, սթափ գնահատելով դրանք, նաեւ հայտնում է, որ հաճախակի էին դարձել իր եւ հարազատների միջեւ վեճերը, որն ավարտվում էր նրանց կողմից ոստիկանության բաժին դիմելով:

«Ոստիկանները գալիս ու ինձ կտտանքների էին ենթարկում: Հարազատներիս ներկայացմամբ՝ գիշատիչ գայլ էի, նրանք ստում էին, թե ես ծեծում եմ իրենց»,- նշում է նա:

Հայկազը պատմում է, որ լարված իրավիճակի մեջ լուսավոր պատուհան բացվեց. սիրահարվում է մեկին, սակայն իր սիրած աղջկա եղբայրների կողմից դանակահարվում է՝ այս տարվա հունվարի 26-ին: Հ. Մակարյանը դիմում է ոստիկանության բաժին, սակայն ոչինչ չի ապացուցվում, ավելին, հաստատում են, թե «հեռախոսն աչքին դանակ է երեւացել»: «Բռնի ուժով տարան հոգեբուժարան՝ հոգեբույժ Հայկուշ Հովհաննիսյանի մոտ: Ստիպեցին, որ գրեմ, թե ուզում եմ պառկել: Հոգեբուժարանի փոխտնօրենն ասաց, որ ինձ կպառկեցնի հարկադրաբար: Այդպես էլ եղավ. 5 օր պառկեցի հոգեբուժարանում: Ուզում էի տուն գնալ, սակայն 3-րդ բաժանմունքի վարիչ Գարիկ Պեդոյանը իր գործն էր անում: Ծաղրում էր ինձ, ասելով, որ գիժ եմ: Հոգեբուժարանում տեղեկացա, որ ոստիկանների պահանջով են ինձ տեղափոխել հոգեբուժարան: Այդ ընթացքում դեղեր էին տալիս, ինչից դեռ ուշքի չեմ եկել»,- շարունակում է արտասովոր պատմություններով խմբագրությունում հայտնված պատանի զրուցակիցս: Մակարյանն ասում է, որ հոգեբուժարանից դուրս գալով զանգել է հոգեբույժին, սպառնալով, թե նա պատասխան պիտի տա իրեն դեղեր տալու, իր նկատմամբ կատարվածի համար:

Հ. Մակարյանն ընդունելություն է խնդրել ՀՀ առողջապահության նախարարից: ԱՆ-ից տեղեկացրել են անգամ հանդիպման օրը՝ հոկտեմբերի 1:

Նա մտադիր է իր հետ կատարվածի մասին տեղեկացնել նախարարին, ասում է, որ ինքը միանգամայն առողջ է եւ չի ուզում երբեւէ խնդիրներ ունենալ ոստիկանության, հոգեբուժարանների կամ հիվանդանոցների հետ:

Մակարյանն իր հետ կատարվածի մասին տեղեկացրել է նաեւ «Սերնդապահ» կազմակերպության նախագահ Անահիտ Ցոգոլակյանին, որը այցելել է Աշտարակ, տեսել է Մակարյանի մորաքրոջն ու տատիկին, զրուցել հոգեբուժարանի աշխատակիցների հետ: Կազմակերպությունը վերջիններից պահանջել է, որ Մակարյանի հետ կապված ցանկացած հարցով իրազեկեն իրենց: Ինչ է սպասվում Հայկազին՝ հայտնի չէ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել