Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻՆ

Սեպտեմբեր 29,2010 00:00

Կոմիտասի այգու հարեւանությամբ դելֆինարիայի կառուցումը բնապահպանների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել: «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանը պատրաստվում է նամակով դիմել Երեւանի քաղաքապետարան եւ բնապահպանության նախարարություն՝ պահանջելով դելֆինների՝ Հայաստան ներկրելու թույլտվության փաստաթղթերը: Այս մասին հայտնում են «ԷկոԼուր» հ/կ-ից: Ըստ նույն աղբյուրի, դելֆինարիա կառուցելու վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել: «Ոչ լսում են արել, ոչ մի բանից գաղափար չունեն: Կենդանաբանության ինստիտուտը պետք է չիմանա՞ր դրա մասին: Մեր կլիմայական պայմանները թույլ չեն տալիս այստեղ դելֆինարիա կառուցել, դրա համար էքսպերտիզա է պետք, էքսպերտի կարծիք է պետք»,- ասել է Սիլվա Ադամյանը եւ հավելել. «Դա կենդանիների շահագործում է»:

ՄԱԿ-ի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը նշել է, որ դելֆիններին պահելու համար անհրաժեշտ կլինի մոտ 1500 խմ խմելու ջուր, որը շրջանառու ջրամատակարարման միջոցով պետք է թարմացվի: Քնարիկ Հովհաննիսյանի խոսքերով՝ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը դելֆինարիայի կառուցման վերաբերյալ գրություն չի ստացել, ինչը ենթադրել է տալիս, որ ջուրը մատակարարելու է «Երեւան ջուր» ընկերությունը: Այսինքն՝ դելֆինարիան կառուցվելու է երեւանցիների խմելու ջրի հաշվին:

Ըստ բնապահպանների տեղեկությունների՝ դելֆինարիան կառուցում է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, իսկ դելֆիններին Օդեսայից Հայաստան է բերելու ուկրաինական մի ընկերություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել