Անապատացած այգու համար պատասխանատվությունն իրար վրայից գցում են
Օր օրի մայրաքաղաքում կանաչ տարածքները պակասում են, եղածին էլ տիրություն անող չկա: Եվ ինչպես երեւանցիներն են կանխատեսում, շատ դեպքերում կանաչ զանգվածները միտումնավոր են չորացնում, որպեսզի դրանց տեղում նոր զվարճանքի օբյեկտներ ու բնակելի էլիտար շենքեր կառուցեն: Անապատացած տարածքների հատկացումներն ավելի անաղմուկ են ընթանում: Այսօր մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կան այնպիսի պուրակներ, որտեղ անգամ մատղաշ ծառերը չեն հասցնում մի քիչ մեծանալ. չորանում են չջրելու եւ չխնամելու պատճառով:
Արաբկիր համայնքի Կոմիտասի փողոցի գյուղմթերքների շուկայի եւ Ռադիոֆիզիկայի ու Առողջապահության ինստիտուտների հարեւանությամբ գտնվող փոքրիկ այգուց գրեթե ոչինչ չի մնացել: Եթե ժամանակին այս այգին գոնե ջրվում էր եւ բավականին կանաչ տարածք էր, ապա այսօր ընդամենը մի քանի կանաչ ծառ է մնացել: Այգում եղած մի քանի հին ծառերը մի կերպ են «գոյատեւում», այն էլ խոր արմատներ ունենալու հաշվին, որոնք սնվում են ստորգետնյա ջրերից: Իսկ երիտասարդ մոտ 15 ծառ ամբողջությամբ չորացել է: Բանն այն է, որ այգին գրեթե չի խնամվում: Այգու հարեւանությամբ գտնվող «Զանգակ» հրատարակչությունն ընդամենը ջրում է այգու այն հատվածը, որը գտնվում է հրատարակչությանը մոտ: Մեզ հետ զրույցում հրատարակչության աշխատակիցները վստահեցրին, որ իրենք, այսպես ասած, ընկերականով դիմել են Ռադիոֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրենին եւ ափսոսանք հայտնել, որ ծառերն անտերության են մատնված: Ինչին ի պատասխան՝ փոխտնօրենը վստահեցրել է, որ կմտածեն այդ մասին: Հրատարակչության աշխատակիցները, կրկին ընկերականով, դիմել են ինստիտուտի աշխատակիցներին, որ գոնե վերջիններս մեկ-մեկ այգին ջրեն: Սակայն ինստիտուտի աշխատակիցները վստահեցրել են, որ ջուր չունեն:
«Առավոտը» փորձեց պարզել, թե ո՞ւմ է պատկանում «լքված» այգին: Պարզվեց, որ այգին անտեր է: Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը վստահեցրեց, որ այգին իրենց հաշվեկշռում չէ, եւ նման այգիները, որոնք գտնվում են ինստիտուտներին, հիվանդանոցներին կամ այլ ձեռնարկություններին կից, հենց այդ ձեռնարկություններին էլ պատկանում են, հետեւաբար խնամքն էլ նրանց վրա է. «Մենք ունենք հստակ սահմանված տարածքներ, որոնք մեր կանաչապատման բաժինը խնամում եւ ջրում է: Եթե այդ այգին ինստիտուտի հարեւանությամբ է, ապա այդ ինստիտուտն էլ պետք է տեր կանգնի: Խնդիրն այն է, որ նրանք պետք է ՋՕՄ-ի հետ պայմանագիր կնքեն, ոռոգման ջրի համար վճարեն, որպեսզի կարողանան այգին ոռոգել: Դա շատ չնչին գումար է»: Իսկ Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Նորայր Խաչատրյանն էլ հերքեց, որ այգին իրենց է պատկանում. «Մեր հաշվեկշռում միայն ինստիտուտի շենքն է: Առաջ այգին ջրում էին, վերջերս աշխատողների հետ կապված խնդիր եղավ, դրա համար այգին էլ չէր ոռոգվում: Բայց ես նորից կզբաղվեմ այդ հարցով, եւ հենց վաղն էլ մի բան կանենք»:
Փորձեցինք նաեւ Արաբկիր վարչական շրջանից պարզել, թե այգին ո՞ր հիմնարկությանն է պատկանում: Սակայն կոմունալ բաժնի պատասխանատուն վստահեցրեց, որ այգին իրենցն էլ չէ. «Մենք ինչ ունեինք-չունեինք՝ այգիներ, շենքեր, հանձնել ենք քաղաքապետարանին»:
Փաստորեն, եթե այգում ծառեր հատվեն կամ էլ այն շուտով վերածվի անապատի՝ ոչ մի ձեռնարկություն դրա համար պատասխանատվություն չի կրի: