Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը «Ազատություն» ռ/կ-ին Հանրային խորհրդի՝ օտարալեզու դպրոցների վերաբերյալ որոշման առնչությամբ հայտարարել էր. «Հանրային խորհուրդը որոշում չի ընդունել: Ընդունել է Հանրային խորհրդի մի մասը, այսինքն՝ Փոքր հանրային խորհուրդը»:
Նշել էր. «Նույնիսկ մարդիկ էլ կան, որոնք չեն մասնակցել Հանրային խորհրդի այդ նիստին, որոնք, իհարկե, դեմ են դպրոցների բացմանը, բայց իրենց չեն հրավիրել»:
Հանրային խորհրդի անդամ Կարինե Դանիելյանն «Առավոտին» այս կապակցությամբ հայտնեց. «Հանրային խորհրդի պատասխանը Ռուբեն Վարդանյանին, ճիշտ է, Վազգեն Մանուկյանն է ստորագրել, եւ այն իրոք քննարկվել է Փոքր խորհրդի նիստում: Բայց մեր առաջին քննարկման ժամանակ՝ Հանրային մեծ խորհրդի նիստում, ոչ ոք որոշման դեմ չի խոսել: Բոլորը միաձայն ընդունել են այն որոշումը, թե մենք դեմ ենք «Լեզվի մասին» օրենքի փոփոխությանը: Եվ խնդիր չկար՝ ում հրավիրել կամ չհրավիրել: Փոքր խորհրդի օրակարգն ուղարկվում է բոլորին եւ առաջարկվում է մասնակցել: Ով կարող է՝ գալիս-մասնակցում է»: