Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի կեղծելու են ընտրությունները

Սեպտեմբեր 29,2010 00:00

Մտահոգված է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ՄԱԱ-ում պատասխանելով հարցին, որ եթե այսօր լինեին ընտրությունները՝ ո՞ր քաղաքական ուժերը հնարավորություն կունենային անցնել ԱԺ՝ ասաց, թե չի կարող կանխատեսում անել: «Առավոտը», սակայն, հիշեցրեց, որ իշխանական գործիչներն արդեն անում են նման կանխատեսումներ՝ ՀՀԿ-ին դարձյալ վերապահելով առաջնության դափնին, իսկ ԲՀԿ-ին հատկացնելով երկրորդ տեղը: Նշեցինք, թե համահունչ վերլուծություններ են անում նաեւ որոշ սոցիոլոգներ, եւ կանխատեսելով պրն Հովհաննիսյանի արձագանքն այս հիշատակմանը՝ մեջբերեցինք Ահարոն Ադիբեկյանի հարցազրույցից. «Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ես կա՛մ վաճառված եմ, կա՛մ վատ սոցիոլոգ եմ, որովհետեւ ես նրան տվել էի 6%, իսկ ինքն ասում էր՝ չէ, 19: Բայց նա ստացավ այնքան, որքան ես ասել էի: Ես ճիշտ էի, բայց նա ինձնից ներողություն չխնդրեց»: ՀՅԴ խմբակցության ղեկավարը նախ ասաց. «Չեմ պատրաստվում նրանից ներողություն խնդրել, որովհետեւ ես երբե՛ք չեմ ասել՝ 19, ես գնացել եմ հաղթանակի։ Իսկ նա, իհարկե, ասել է 6%, եւ ես ստացել եմ 6%։ Բայց ո՞վ է առաջինն ասել 6%՝ նա՞, թե՞ նրան պատվեր տվողները. այս է հարցը։ Հավանաբար, սկզբից ասել են 6% նրանք, ովքեր վճարել են այն մարդուն, որը չգիտես ինչու՝ ինձնից ներողություն է հայցում։ Կարծում եմ, որ սոցիոլոգների դերը մեր հասարակության մեջ մանիպուլյատորների դերի է վերածվել: Նկատի ունեմ քաղաքական կանխատեսումները՝ այլ ոչ սոցիոլոգներին, որոնք աշխատում են ուրիշ ասպարեզներում: Իսկ այս ասպարեզը, որի մասին խոսում է պարոն Ադիբեկյանը՝ այնպես է ապականված հենց իր ջանքերով եւ իր նմանների, որ այլեւս այդ ոլորտի մեջ ինչ-որ բան որոնելու, խոսելու, քննարկելու բացարձակապես ցանկություն չունեմ։ Մանավանդ վերջին սկանդալից հետո, որտեղ նա պաշտպանության նախարարության հետ իր հարաբերություններն էր փորձում ճշտել, եւ պարզվեց, որ այնտեղ իրեն քիչ են վճարել, դրա համար էլ իր կանխատեսումներն ու ընդհանրապես տեսակետները բոլորովին այլ բնույթ ստացան։ Կարծում եմ, որ ինքն այդտեղ բացահայտեց մոտավորապես մեթոդաբանությունը, որով աշխատում է»:

Անդրադառնալով քաղաքական գործիչների կանխատեսումներին՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Հենց սա է ինձ համար մտահոգիչ: Քաղաքական ուժը, որը 100%-ով վստահ է, որ ինքը պետք է հաղթի՝ պետք է դրա համար ունենա առնվազն 2 հենակետ: Մեկը՝ նա պետք է վստահ լինի, թե ինքն այնքա՜ն լավ է աշխատել, այնքա՜ն երջանկություն, հաց ու կարագ է հասցրել սեփական ժողովրդին, այնպիսի՜ տնտեսական վերելք է ապահովել, այնպիսի՜ նվաճումներ՝ միջազգային ասպարեզում, այնպիսի երջանիկ մանկություն է (ինչպես ասենք՝ ընկեր Ստալինը) տվել մեր պատանի սերնդին, որ վստահաբար 100%-ով կընտրվի։ Երկրորդը՝ եթե նա վստահ է, որ կեղծելու է։ Ուրիշ տարբերակ չկա: Եթե քաղաքական ուժն իսկապես իր հույսը կապում է ժողովրդի ձայնի հետ եւ անկեղծ, առանց փողի, առանց ընտրակաշառքի, առանց վարչական ռեսուրսի կիրառման, առանց վախեցնելու է ուզում ստանալ ժողովրդի ձայնը ու չի պատրաստվում կեղծել, ուրեմն մնում է առաջինը՝ նա պետք է վստահ լինի, որ ժողովրդի համար շատ լավ բան է արել։ Ես կարծում եմ, որ այսօրվա կոալիցիայից եւ ոչ մի քաղաքական ուժ նման հաստատում, պնդում, նման վստահություն չի կարող ունենալ, որովհետեւ տեսնում ենք՝ ինչպես է ապրում ժողովուրդը»: ՀՅԴ խմբակցության ղեկավարն ամփոփեց. «Այդ ի՞նչ է արել իշխող կուսակցությունը ժողովրդի ձայները շահելու համար: Ոչի՛նչ: Ուրեմն՝ մնում է երկրորդ ճանապարհը: Սա էլ որպես մտահոգություն ես սկզբից հայտնեցի»:

 

Հ. Գ. Անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանի հայտարարությանը, թե 2008-ին, նախագահի ընտրության ժամանակ, հավատացել էր, որ Վահան Հովհաննիսյանն իրոք ուզում էր նախագահ դառնալ, բայց հետո հասկացել, որ ոչ նա, ոչ իր կուսակցությունն առանձնապես չեն ուզում դա՝ ՀՅԴ բյուրոյի անդամն ասաց. «Ցավում եմ, որ նա այդպիսի գնահատական է տվել։ Ուղղակի իր քաղաքական կարիերայի մեջ նա միշտ առնչվել է այնպիսի լիդերների հետ, որոնք հիմնականում աչքի են ընկել հիստերիայով: Եվ երբ իմ կողմից չի տեսել հիստերիա՝ հավանաբար ենթադրել է, որ ես այդքան էլ չեմ ցանկանում»: Հավելեց. «Ում նկատի ունեմ՝ չհարցնեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել