Ընդամենը 3 ամիս առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարում էր, թե հնարավոր չէ այլ լուծում, քան «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունն է: Եվ սա միակ 180 աստիճանով փոփոխությունը չէ նրա դիրքորոշումներում:
Հունիսի 23-ին, երբ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը՝ առաջին ընթերցմամբ, ՀՅԴ խմբակցության անունից ելույթում Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Ես առաջարկում եմ այնուամենայնիվ «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունից խուսափել եւ անհրաժեշտ բարեփոխումները կրթության համակարգում տեղավորել ուրիշ օրենքների մեջ»: Սակայն կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը թեեւ եզրափակիչ ելույթում պատրաստակամություն հայտնեց «միասին աշխատել՝ որոնելու համար իրավական ճանապարհ «Լեզվի մասին» օրենքին ձեռք չտալու», այսուհանդերձ նախապես ասաց. «Շատ է խոսվում, որ օրենքի փոփոխության անհրաժեշտություն չկա, եւ գործող օրենսդրությունը թույլ է տալիս մեզ իրականացնել այն ծրագրերը, որոնց համար մենք նաեւ եկել ենք ԱԺ՝ այս օրինագծով: Ցավոք սրտի, այս 2,5 ամիսների ընթացքում եւ ոչ մի իրավական լուրջ տեղեկանք, հիմնավորում, բացի քաղաքական ելույթներից, մեզ չներկայացվեց: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ իրավական լուծումը, այլ տեսակի լուծումը, քան այն առաջարկը, որ մենք արել ենք՝ գոյություն չունի»:
Անցավ հազիվ 3 ամիս, եւ ԱԺ լսումներում պարզվեց, թե ՀՀԿ-ն որոշել է ձեռք չտալ «Լեզվի մասին» օրենքին: Վահան Հովհաննիսյանը երեկ «Առավոտի» հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ գտնվեց այն լուծումը, որը հայտարարվում էր, թե գոյություն չունի՝ այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պարոն Աշոտյանին այս հարցում «արջի ծառայություն» են մատուցել նրանք, ովքեր ընդհանրապես այդ տեսքով առաջարկել են բերել օրենքը եւ փորձագիտական գնահատականներով նախարարին ուղարկել խորհրդարան: Ինչի պատճառով եւ «Լեզվի մասին» օրենքին ձեռք չտալու վերաբերյալ մեր առաջարկի իրականացումը նա անվանեց անհնարին: Իսկ հիմա պարզվեց, որ դա հնարավոր է, եւ հենց այդ տեսքն էլ ստացել է այս ամբողջ «բարեփոխումը»: Սա, իհարկե, կարելի է համարել հաղթանակ, քանի որ մենք վերջապես ապացուցեցինք, թե դա հնարավոր է, եւ հենց այդպես էլ վարվեց նախարարությունը»: Նրա «մենք ապացուցեցինք» պնդման կապակցությամբ նկատեցինք, որ ՀՅԴ պատգամավորները փոփոխությունների առաջարկ չեն արել օրենսդրական այս փաթեթի վերաբերյալ: Վահան Հովհաննիսյանն ի պատասխան հիշեցրեց, որ Աշոտյանը լսումներում շնորհակալություն հայտնեց ՀՅԴ-ին. «Մասնավոր զրույցների ընթացքում, բանավոր նրան հայտնվել է այդ տեսակետը: Եվ դրա համար պետք չէր անպայման գրավոր առաջարկ անել: Երբ տեղեկացանք, որ այս փոփոխությունը լինելու է՝ այլեւս գրավոր առաջարկ ներկայացնելու կարիքը չտեսանք»:
Հունիսի 23-ի այդ եզրափակիչ ելույթում Արմեն Աշոտյանը նաեւ հայտարարել էր. «Առանձին հետազոտելու եւ հետաքրքրությունների առարկա է այն հասարակական խմբավորումը, որն աշխատում է այս օրենքի դեմ: Կարծում եմ, սա օրենքի հետ կապ չունի, եւ ավելի շատ նախընտրական ցանցային տեխնոլոգիաների կիրառման փորձարկումն է ընդամենը: 2012-13 թվականներին, կարծում եմ, ավելի հստակ կլինի այն թեզը, որ այսօր ես առաջ եմ քաշում, որ այս կազմակերպված դիմադրությունը ոչ այնքան եւ ընդհանրապես «Լեզվի մասին» օրենքի հետ բուն առնչություն չունի, որքան ցանցային տեխնոլոգիաների կիրարկման փորձարկման առաջին փորձն է, փորձաքարն է: Իրանի, այսպես կոչված, «Twitter»-յան հեղափոխության շարունակության եւ հնարավորության զոնդաժն է Հայաստանի Հանրապետությունում, օրինակ՝ «Facebook»-ի միջոցով»։ Հաճելիորեն զարմանալի էր նման կասկածներ ունեցող պրն Աշոտյանից լսումների ընթացքում այժմ տեղեկանալը, թե այս գործընթացում ամենամեծ ձեռքբերումն է համարում հանրային քննարկումը եւ քաղաքացիական ինստիտուտների նոր տեսակի ձեւավորումը. «Հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբի եւ իշխանությունների միջեւ ծավալված երկխոսությունը համարում եմ խիստ կառուցողական ու, թույլ տվեք ասել՝ նաեւ մոդելային»: Հավելեց, թե սա է «ոչ միայն օրինաստեղծ, արդյունավետ, արգասաբեր աշխատանքի գրավականը, այլ նաեւ իշխանություն-հասարակություն հարաբերություններում այն ոսկե բանաձեւը, որով կարող ենք հասնել հաջողության՝ լուծելով մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները»:
Արմեն Աշոտյանը նաեւ լսումներում ազդարարեց. «Ինչպես քննարկումների ողջ ընթացքում, այնպես էլ այսօր՝ պետք է հայտարարեմ, որ մենք բաց ենք ցանկացած օրենսդրական նախաձեռնության, առաջարկի, լրացման քննարկման համար: Այն, ինչ եղել է ի սկզբանե՝ շարունակվում է նաեւ այսօր»: Սակայն արդյոք այս պնդումը համապատասխանո՞ւմ է իրականությանը, եթե նկատի առնենք, որ անտեսվեցին այն բոլոր առաջարկները, որոնք «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամները ներկայացրել էին Հանրային խորհրդին ուղղված բաց նամակի տեսքով՝ Միջազգային Բակալավրիատի կիրառման եւ Հայաստանում ժամանակակից դպրոցներ հիմնելու հնարավոր եղանակների առնչությամբ: Մեկ այլ օրինակ՝ խումբը առաջարկներ էր ներկայացրել «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի» նախագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Թե ինչ ճակատագիր ունեցան այդ առաջարկները՝ մեր խնդրանքով երեկ «Ուրբաթ» ակումբում հիշեցրեց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Նվարդ Մանասյանը. «Գործընկերներիս ներկայացրած առաջարկները, որոնք ուղարկել էինք ԿԳՆ՝ հետագայում պարզեցինք, որ չեն քննարկվել: Նույնիսկ չեն էլ մերժել որեւէ պատճառաբանությամբ եւ չեն ներառել ծրագրում: Մենք որեւէ պատասխան չենք ստացել, թեեւ բաց ենք եղել կառուցողական համագործակցության տեսանկյունից»: