ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դժգոհ է Երեւանի քաղաքապետարանի որոշումներից, որոնցով Հայ ազգային կոնգրեսին արգելվում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել։ Պատասխանելով tert.am-ի հարցին՝ Օմբուդսմենը նշեց. «Բացասական եմ գնահատում դա»։ Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքապետարանը մի քանի անգամ մերժեց Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ–ի դիմումները։ Ըստ Արմեն Հարությունյանի՝ ինքն անգամ հատուկ զեկույցում է անդրադարձել այդ խնդրին՝ նշելով, որ Հայաստանում հավաքների հետ իրավակիրառ պրակտիկան խնդրահարույց է։ Օմբուդսմենը որոշել է զբաղվել հանրահավաքներ կազմակերպողների իրավունքների պաշտպանությամբ։ «Դա է պատճառը, որ ձեռնամուխ ենք եղել «Հավաքների մասին» օրինագծի մշակմանը, որն այսօր Վենետիկի հանձնաժողովում է։ Սպասում ենք նրանց կարծիքին»,- նշեց Արմեն Հարությունյանը։ Վենետիկի հանձնաժողովը հոկտեմբերին օրինագծի վրա աշխատելու համար երկու փորձագետ է ուղարկելու Հայաստան։ Փորձագետների աշխատանքից հետո օրինագիծը, ըստ Արմեն Հարությունյանի, կդրվի հանրային քննարկման։