Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակը վայելում է ժողովրդի բացարձակ վստահությունը»

Սեպտեմբեր 29,2010 00:00

Վարչապետ Տիգրան Սարգսյանի բլից-հարցազրույցն ու կարճ պատասխանները՝ «Առավոտին»

– Պարոն վարչապետ, վերջին շրջանում Ձեր հասցեին անընդհատ մեղադրանքներ հնչեցին, որ շատ եք զբաղվում Ձեր PR-ով, հեռուստաեթերից բարդ նախադասություններ եք ասում՝ գեղեցիկ բառերով, մարդիկ հիանում են, սակայն դրանից մեր տնտեսությունում առկա խնդիրները լուծում չեն ստանում: Ինչպե՞ս կարձագանքեք այդ մեղադրանքներին:

– Չեմ արձագանքի:

– Ինչո՞ւ: Սա այն դեպքերի՞ց է, որ լռությունը համաձայնության նշան է:

– Չէ: Պարզապես ոչ բոլոր գնահատականներին պետք է հակառակվել:

– Մոտ մեկ տարի է՝ Ձեր բլոգը գործում է. վերլուծություն ունե՞ք, ի՞նչ տվեց դա Ձեզ եւ հայ հանրությանը:

– Ուղղակի կապ:

– Իսկ դրա արդյունքում որեւէ խնդիր, որեւէ հարց լուծում կամ պարզաբանում ստացա՞վ:

– Իհարկե: Տասնյակ:

– Մի օրինակ կբերե՞ք:

– Ոչ: Կոռեկտ չէ:

– Վերջին շրջանում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների արդյունքում հայկական բանակի խնդիրները հասարակական բազմակողմանի քննարկման առարկա դարձան: Հետեւե՞լ եք այդ քննարկումներին, չե՞ք կարծում, որ անհրաժեշտություն կա վերանայելու բանակի նկատմամբ վարվող ընդհանուր քաղաքականությունը, մասնավորաբար՝ կադրային քաղաքականությունը:

– Ոչ:

– Ինչո՞ւ:

– Որովհետեւ կարծում եմ, որ ընդհանուր քաղաքականությունը ճիշտ հիմքերի վրա է դրված:

– Նորմա՞լ եք համարում, որ մեր բանակում նման բաներ են տեղի ունենում:

– Իհարկե՝ ոչ:

– Ոչինչ պետք չէ՞ անել դրանք նվազագույնի հասցնելու, բացառելու համար:

– Այն քաղաքականությունը, որը իրականացնում ենք, պետք է իրականացնենք մինչեւ վերջ: Եվ այդ քաղաքականությունը ճիշտ հիմքերի վրա է դրված, որի արդյունքում այսօր բանակն այն բացառիկ կառույցներից մեկն է, որը վայելում է մեր ժողովրդի բացարձակ վստահությունը: Այս վստահությունը մի քանի անգամ գերազանցում է մյուս բոլոր կառույցների նկատմամբ վստահությանը: Դա նշանակում է, որ բանակաշինությունը դրված է ճիշտ հիմքերի վրա, եւ պետք է հետեւողական լինել, բոլոր ռեֆորմները տանել առաջ եւ հասցնել իրենց տրամաբանական ավարտին: Չկա որեւիցե ոլորտ, որտեղ մենք չունենք բացթողումներ եւ թերություններ, ուղղակի ճիշտ գնահատականի պետք է արժանանան եւ դրականը, եւ բացասականը:

– Վստահության դրսեւորո՞ւմ է, որ մարդիկ նորից զարտուղի ճանապարհներ են փնտրում երեխաներին բանակ չուղարկելու համար:

– Իհարկե, ոչ: Ես ասում եմ, որ կան խնդիրներ, բայց եթե խնդիրներ կան, չի նշանակում, որ հաջողություններ չկան: Ես ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել նրան, որ պարտավոր եք հավասարակշռված ներկայացնել. ձեռքբերումների կողքին՝ խնդիրները, բացթողումները: Բայց այնպես չստացվի, որ գիշեր-ցերեկ բանակի մասին բացասական տեղեկատվություն տարածեք: Դա արդար չի լինի բանակի, կարծում եմ՝ նաեւ երկրի նկատմամբ:

Հ. Գ. Հարցազրույցը կայացել է բառիս ուղիղ իմաստով ոտքի վրա «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» մրցանակաբաշխությանը հաջորդած ֆուրշետի ընթացքում: «Առավոտը» դեռ էլի ուրիշ հարցերի պատասխաններ կցանկանար լսել Հայաստանի վարչապետից, բայց վերջինս ասաց, որ արդեն չարաշահում եմ իր համբերությունը, խորհուրդ տվեց շնորհակալ լինել, որ համբերատար պատասխանեց այսքան հարցերի: Շնորհակալ եմ, բայց նաեւ չտրված հարցեր ունեմ: Ոչինչ, մեկ ուրիշ անգամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել