Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԻԶՄԸ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է

Սեպտեմբեր 29,2010 00:00

\"\"Արամ Գասպարիչի պատասխանը Արման Գրիգորյանին

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանին շատ տարօրինակ է թվում այն, որ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին փորձում է հանդես գալ սոցիալ-դեմոկրատիայի հիմքերից: Տարակուսում է, թե տարբեր գաղափարական հոսանքներից կազմված ՀԱԿ-ն ինչպե՞ս է դա անելու: «Եթե նպատակ կա իրականում բանավեճ սկսել եւ հասկանալ սոցիալ-դեմոկրատիայի ակունքները՝ մենք պատրաստ ենք այդպիսի բանավեճի մեջ մտնել: Մեր ծրագիրն էլ սոցիալ-դեմոկրատական է եւ կոչվում է «Դեմոկրատական սոցիալիզմի հայկական մոդել»,- նկատի ունենալով այդ առիթով ՀԱԿ անդամ Արման Գրիգորյանի վերջերս արած հայտարարությունները՝ ասում է մեր զրուցակիցը: Անկախ Հայաստանում իբրեւ սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն կրող ուժի հիմնադիր, որը անցած ճանապարհ եւ պատմություն ունի, Արամ Գասպարիչը նաեւ վրդովված է: Պատճառը ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի՝ «Առավոտի» սեպտեմբերի 24-ի համարում տպագրված «Սոցիալ-դեմոկրատների եւ ազատականների միջեւ գաղափարախոսական տարածությունը փոքրացել է» վերնագրով հարցազրույցն է: Գասպարիչը տպավորություն է ստացել, որ պրոֆեսոր Արման Գրիգորյանը նոր է սկսել ուսումնասիրել սոցիալ-դեմոկրատիան: Արամ Գասպարիչը հարկ է համարում ՀԱԿ-ի ներկայացուցչին հիշեցնել, որ իր կողմից արված «հայտնությունը» եվրոպական իրականության մեջ արվել է դեռ 6-7 տարի առաջ, երբ Թոնի Բլեերը եւ Գերհարդ Շրյոդերը հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Գասպարիչը, սակայն, մի նրբություն է ընդգծում. «Հարցն այն է, որ դա վերաբերում է եվրոպական սոցիալ-դեմոկրատական եւ լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսություններին: Փաստ է, որ այնտեղի հասարակական եւ արտադրական հարաբերությունների զարգացման մակարդակը, մեղմ ասած, խստագույնս է տարբերվում հայկական իրողությունից: Ուստի՝ հայտարարությունները, որ դա կիրառելի է նաեւ Հայաստանում, պարզապես ծիծաղելի են: Բեւեռացված հասարակությունում, որտեղ ընդհանրապես բացակայում է սոցիալական արդարության սկզբունքը, նույնիսկ խոսել երկու գաղափարախոսությունների նույնացման մասին, անհնար է: Նման փորձը կլինի երկիրը թալանելու եւ քանդելու հերթական փուլը»:

Արամ Գասպարիչը կարծում է, որ ՀԱԿ ներկայացուցիչը թերեւս մոռացել է սոցիալ-դեմոկրատիայի հիմնական սկզբունքներից մեկի՝ սոցիալական արդարության մասին, քանզի հարցազրույցում նա այդ մասին որեւէ կերպ չի հիշատակում: Գասպարիչն այդ առիթով իր համոզմունքն ունի. «Որովհետեւ սոցիալական արդարության սկզբունքը կիրառելու որեւէ հնարավորություն չունեն եւ իրենց իշխանության օրոք չեն էլ արել: Ես չգիտեմ՝ ՀՀՇ-ի հետ պարոն Գրիգորյանն իշխանության եղել է, թե՝ ոչ, համենայնդեպս, ՀՀՇ-ի իշխանության տարիներին էլ սոցիալական արդարության սկզբունք գոյություն չի ունեցել»: ՀՀՇ-ի կենսագրությունը վերհիշելով՝ Գասպարիչը նշում է, որ այսօր այս դեգերումների մեջ հայտնված ուժը դեռ 1991-ին փորձ արեց սոցիալ-դեմոկրատ ներկայանալու, սակայն դա այնքան անհասկանալի էր նաեւ «սոցինտեռնի» ղեկավարության համար, որ նույնիսկ չքննարկեցին հարցը: Ու Գասպարիչի կարծիքով՝ այդ էր պատճառը, որ ՀՀՇ-ն որոշեց դառնալ ազատական. «Դա շատ հարմար էր. հայտարարեցին, որ ազատականությունն է, որ կփրկի երկիրը, որ ազատ շուկան կկողմնորոշի եւ կապահովի անհրաժեշտ բարեկեցությունը: Հետո այդ քաղաքականությունը լավագույնս տապալվեց, այսօր էլ պարոն Գրիգորյանը հայտարարում է, որ, այո, առանց կարգավորելու շուկան գործել չի կարող»: Գասպարիչը հիշեցնում է, որ կարգավորվող շուկայի սկզբունքը սոցիալ-դեմոկրատիայի մյուս հիմնական սկզբունքն է, ու հատկապես սոցիալ-դեմոկրատական հավակնություններով ՀԱԿ-ականների համար մեջբերում Վիլլի Բրանտին. «Շուկան այնքանով՝ որքանով հնարավոր է, պետական կարգավորումն այնքանով՝ որքանով անհրաժեշտ է»: Նա ընդգծում է, որ Դեմկուսի ծրագրի տնտեսական հատվածը հիմնված է հենց այդ երկու՝ սոցիալական արդարության եւ կարգավորվող շուկայի սկզբունքների վրա: Իսկ Արման Գրիգորյանին, ով հարցազրույցում մեղադրում է քաղաքական ուժերին, որ չեն խոսում շուկայի կարգավորման մասին, չի զլանում տեղեկացնել. «Արդեն 20 տարի է՝ մենք այդ մասին ենք խոսում, բացատրում ենք, որ չկա մի պետություն, որտեղ այդ սկզբունքը կիրառվի եւ հաջողության չհասնի: Իսկ չկիրառումը բերել էր այն անարխիային, թալանին, որ սկսվեց Հայաստանում 90-ականներից ու շարունակվում է մինչ օրս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել