Լրահոս
Օրվա լրահոսը

1000 ռուբլի ստուգողին եւ ինքնաթիռի տոմս՝ ԱՄՆ

Սեպտեմբեր 28,2010 00:00

\"\"Լոս Անջելեսի XPRESS Media ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Ատոմցը՝ իր անցյալի եւ ներկայի մասին:

Երբ օրերս պատահաբար հանդիպեցինք երգիչ Արմեն Ատոմցին, առաջին տպավորությունն այն էր, որ նա հրավիրվել է մասնակցելու «Երգում է 70-ականների Երեւանը» նախագծին: Նրան շատերը կհիշեն ժամանակին «Հայհամերգ» միավորման «Էրեբունի», «Արմինա» վոկալ-գործիքային անսամբլներից, «Արեւածագ» եւ «Համբերդ» ռոք խմբերից (վերջինիս հիմնադիրն է): Երգիչն ասաց, որ հրավիրված չէ նախագծին մասնակցելու, ուղղակի իր դստեր՝ Ալինայի հետ Հայաստան է ժամանել ամերիկացի հայտնի երգիչ Դանիել Դեքերի մենահամերգի կազմակերպման համար, որը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Զրույցի ժամանակ պարզվեցին մի շարք մանրամասներ, որոնք առիթ են հանդիսացել, որ նա հեռանա հայրենիքից, ապաստան գտնի ԱՄՆ-ում: Ա. Ատոմցը, որն ավարտել է նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը՝ պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոցը, այսօր Լոս Անջելեսի XPRESS Media ընկերության հիմնադիր տնօրենն է, որն այս տարի տոնում է 15-ամյակը:
1990-ականների սկզբին Կանազի մշակույթի պալատի տնօրեն էր ընտրվել Ատոմցը, ում տեղի վրա շատերը մեծ ախորժակ ունեին: Եվ հենց այդ պատճառով էլ անհնար էր դարձել նրա գործունեությունը, մասնավորապես, իր խոսքերով ասած՝ ժողովրդական վերահսկողության կոմիտեի կողմից իրականացվող ամենօրյա ստուգումների եւ քաշքշուկների պատճառով: «Մինչ Կանազի մշակույթի պալատի տնօրենի պաշտոնը ստանձնելը, իբրեւ ռեժիսոր մեծ ցանկություն ունեի օպերային ներկայացում բեմադրել Ազգային թատրոնում, ինչը չստացվեց: Թատրոնի ղեկավարները ամուր փակեցին դռներն իմ առջեւ»,- հիշեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով մշակույթի պալատի իբրեւ տնօրեն իր գործունեությանը՝ նա ներկայացրեց հետեւյալը. «1990թ. ընտրվեցի տնօրեն, եւ հենց այդ ժամանակից էլ սկսվեցին խոչընդոտները: Ալյումինի գործարանի ղեկավարները, որ խորհրդային դաստիարակություն ստացած մարդիկ էին, ձեռնամուխ եղան իրենց «սեւ» գործին: Տնօրենի պաշտոնի համար նրանք եւս 12 թեկնածու «հայթայթեցին», թեեւ ընտրության ժամանակ ձայների մեծամասնությունն իմ օգտին էր: Ու երբ ղեկավարությունը հասավ նրան, որ տապալեց ժողովրդի ընտրությունը, մշակույթի պալատի ողջ անձնակազմն ու գործընկերներս նստացույցի ելան ՀԱՄԽ-ի շենքի դիմաց: Սա էլ ոչինչ չտվեց: Ինձ սպասվում էր ամենամեծ փորձությունը. ամիսը մոտ 20 անգամ «Նարոդնի կոնտրոլից» ստուգողներ էին գալիս: Մի օր էլ հերթական եւ, բարեբախտաբար, վերջին ստուգողները եկան, որոնցից մեկը ընկերս էր ու ինձ պարզապես ասաց՝ խնդրում եմ, դիմում գրի ու ազատվի: Հիշելով, որ քույրս բնակվում է ԱՄՆ-ում, խորհուրդ տվեց, որ հեռանամ երկրից: Վերջում էլ ամաչելով խնդրեց, որ 1000 ռուբլի գտնեմ իր կոլեգա ստուգողի բերանը փակելու համար… 1991-ին ընտանիքով տեղափոխվեցինք Լոս Անջելես: Հավելեմ, որ դեռ 80-ականների կեսերից հանդիսացել եմ «Առլեքին» միջազգային թատերական ընկերության փոխնախագահը (գրասենյակը՝ Մոսկվայում), կազմակերպել հայաստանյան ու արտասահմանյան թատերախմբերի փոխայցելություններ, եւ երբ ընկերության նախագահ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Մելքոնյանին հայտնեցի ԱՄՆ բնակության մեկնելու մտադրությանս մասին, նա փորձում էր հետ պահել, նույնիսկ առաջարկեց ապրել եւ ստեղծագործել Մոսկվայում: Բայց ես վճռել էի՝ ԱՄՆ մեկնեցի»:
Ատոմցը պատմեց, որ ինչպես ցանկացած էմիգրանտ, ինքն էլ տարբեր աշխատանքներ է կատարել այնտեղ, ու մի օր էլ հրավիրվել Լոս Անջելեսում գործող «Արա» հայկական TV, ստեղծել է հեղինակային «Էքսպրես» երաժշտական ծրագիրը: Այս TV-ի լուծարումից հետո հիմնել է «Էքսպրես» հեռուստաընկերությունը: Հարցին՝ դժվար չէ՞ ԱՄՆ-ում դիմանալ շուրջ 15 հայկական TV-ների մրցակցությանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, հեշտ չէ: Այսօր արդեն ուզում ենք ինտեգրվել ամերիկյան հեռուստադաշտին, եթեր ենք հեռարձակում նաեւ անգլերեն հաղորդումներ, տեխնիկապես համապատասխանում ենք ամերիկյան մեդիային: Բազմաժանր են մեր հաղորդումները: Եթեր ենք տրամադրում ոչ միայն հայերին, այլեւ աշխարհահռչակ օտարազգիներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930