Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ԿՐԿԻՆ ԲԱՐԵՀԱՃ ՉԵՂԱՎ ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԱՆԴԵՊ

Սեպտեմբեր 28,2010 00:00

\"\"
Պոկում վարժությունում աշխարհի չեմպիոն
Արա Խաչատրյանը:

Հազվադեպ է լինում, որ աշխարհի չեմպիոն տված թիմը մրցավայրից տուն է վերադառնում ոչ այնքան բարձր տրամադրությամբ:
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը 85 կգ քաշային կարգում բոլորի համար անսպասելի ոչ միայն զրկվեց աշխարհի չեմպիոնի երկրորդ ոսկե մեդալից, այլեւ անչափ կարեւոր օլիմպիական վարկանիշային միավորներ չվաստակեց: Մեր թիմին երկրորդ տհաճ անակնկալը մատուցեց Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը, չլսելով մարզիչների՝ պոկում վարժության առաջին մոտեցումը նախապես հայտարարած 170-ի փոխարեն 165 կգ-ից սկսելու հորդորը, մոտեցումներն սկսեց 170 կգ-ից ու երեք անգամ ձախողվելով՝ ստացավ զրո միավոր:
Ամբողջ հույսը մնաց քաշային կարգը փոխած Արա Խաչատրյանի վրա: Գյումրեցի ծանրորդը, որ գերազանց մարզավիճակում էր, առաջին մոտեցմամբ 170 կգ-ն գլխավերեւում պահելուց հետո, թեեւ այնուհետեւ անհաջողության մատնվեց 175 կգ-ում, բայց երրորդ փորձով սանձեց նաեւ այդ ծանրությունը եւ արժանացավ պոկում վարժությունում աշխարհի չեմպիոնի կոչմանը: Այս հաղթանակը նրան շոշափելի առավելություն էր տալիս հիմնական մրցակցի՝ օլիմպիական չեմպիոն Յոնգ Լուի նկատմամբ, որը բավարարվել էր 170 կգ-ով: Ամեն բան հրաշալի էր ընթանում, եւ Արան շատ մոտ էր աշխարհի չեմպիոն դառնալուն: Սակայն ճակատագիրը հայ ծանրորդին դաժան անակնկալ էր պատրաստել: Հրում վարժության առաջին մոտեցման համար պատվիրված 201 կգ-ն, որը Արայի համար մարզումային ծանրություն էր, բարձրացնելիս նա տեխնիկական սխալ թույլ տվեց, որի հետեւանքով արմնկահոդի խախտում եւ հոդաշապիկի վնասվածք ստացավ: Նրան անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց: Լավ էր, կոտրվածք չկար, ու վնասվածքն այնքան էլ լուրջ չէր, եւ բժիշկների ասելով՝ մարզիկը ամենայն հավանականությամբ կկարողանա մասնակցել եկող տարվա աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը:
Նույն օրը պայքարի մեջ էր ներգրավվել նաեւ +75 կգ քաշային կարգ տեղափոխված Հռիփսիմե Խուրշուդյանը, որը 123+ 160=283 կգ-ով գրավեց չորրորդ տեղը եւ կանանց հավաքականի հաշվարկին բերեց 22 վարկանիշային միավոր: Այսպիսով, մեր աղջիկների թիմն ընդհանուր հաշվարկով վաստակեց 80 վարկանիշային միավոր եւ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակցության առավելագույն՝ չորս տեղ ապահովեց: Ճիշտ է, վերջնական թիվը հայտնի կդառնա միայն 2011թ. աշխարհի առաջնությունից հետո:
Հայաստանի ծանրորդներից վերջինը մրցահարթակ մտավ վանաձորցի Արթուր Բաբայանը: Նա էլ երկամարտում ցույց տվեց 394 կգ (176+218), ինչը յոթերորդ ցուցանիշն էր եւ 19 միավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել