Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եվրոպական լեզուների օրը՝ ԵՊՀ-ում

Սեպտեմբեր 28,2010 00:00

Սեպտեմբերի 26-ը եվրոպական լեզուների միջազգային օրն է: Երեկ այդ կապակցությամբ ԵՊՀ-ի Չարենցի անվան դահլիճում համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում: Ֆակուլտետի ուսանողները 6 եվրոպական լեզուներով հանդես եկան եվրոպական լեզուների դերի ու նշանակության մասին զեկուցումներով եւ երաժշտական համարներով: Ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանի խոսքով՝ «Տարիներ շարունակ ինտեգրվում ենք Եվրոպային, բայց դա պետք է անել խելացիորեն: Մեզ մոտ եվրոպական լեզուների առումով ծայրահեղությունից ծայրահեղություն է. պետք է կարողանանք ճիշտ որոշել եվրոպական լեզուների տեղն ու դերը մեր հասարակության մեջ եւ կրթական համակարգում»: Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դեկան Սամվել Աբրահամյանը նշում է. «Համալսարանում միշտ մեծ ուշադրություն է դարձվել լեզուների ուսումնասիրմանը: Մեր ֆակուլտետում 6 եվրոպական լեզու է դասավանդվում: Եվրոպական լեզուների օրը բոլոր երկրներում է նշվում, եւ դրա նպատակն այն է, որ նպաստի լեզուների ուսումնասիրմանը: Դա համարվում է միջմշակութային հաղորդակցության զարգացման կարեւոր փորձ»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ միջոցառման բացման խոսքում ոչ այնքան կարեւորեց օրվա խորհուրդը, որքան վերանորոգված Չարենցի անվան դահլիճի նկատմամբ իր մտահոգությունը՝ «Հուսամ՝ մի երեք տարի այս սրահը մեզ կծառայի, յոլա կգնանք այս նստարաններով, շատ արագ չեք փչացնի»: Անդրադառնալով Եվրոպական լեզուների օրվան ԵՊՀ-ում, նա շեշտեց. «Լեզուների տիրապետելն այսօր արդեն անհրաժեշտություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել