Ի՞նչ են փնտրում օտար ափերում անվանի արվեստագետները
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Մարտիրոսյանը ընտանիքով մեկնել է Կանադա՝ մշտական բնակության: Այս փաստը ժխտում է տարածված այն կարծիքը, թե հայրենիքից հեռանում են միայն նրանք, ովքեր ստեղծագործական անբավարարվածությամբ են տառապում, չեն գնահատվում, չեն հասնում իրենց հնարավորությունների լիակատար բացահայտմանը:
Ա. Մարտիրոսյանը պետական ջազ նվագախմբի ղեկավար նշանակվեց մաեստրո Կոնստանտին Օրբելյանից հետո, ով 1956թ.-ից՝ 36 տարի այս կոլեկտիվի համբավը հասցրեց համաշխարհայինի: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օրբելյանն էլ 1992թ. մշտական բնակության մեկնեց ԱՄՆ: Օրբելյանը ոչ միայն պահպանեց երկարակյաց նվագախումբը (այն հիմնադրվել է 1938թ.՝ Արտեմի Այվազյանի եւ Ցոլակ Վարդազարյանի կողմից), այլեւ վերածեց ջազ նվագախմբի: 70-ականներին սա մեր այն նվագախումբն էր, որ ԽՍՀՄ-ից առաջինը մեկնեց ջազի հայրենիք ԱՄՆ: Տարիներ շարունակ Օրբելյանի ղեկավարած կոլեկտիվը մեր երգիչների հետ (Զ. Տոնիկյան, Տ. Հովհաննիսյան, Ս. Տերյան, Ն. Սարգսյան եւ այլք) արեւմուտքում ցուցադրեց երաժշտական բարձրակարգ ներկայացում՝ հայ կոմպոզիտորների հարուստ երկացանկով, ինչպես նաեւ համաշխարհային հռչակ վայելող այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործություններով, ինչպիսիք են Էլինգթոնը, Բեյսին եւ այլք: Հանրահայտ ջազ քննադատ Ջոն Վասերմանը ժամանակին լսելով հայ երաժիշտների ելույթը, ասել է՝ սա մի այլ բան է. արեւելյան հմայքով համեմված ջազ:
Օրբելյանական տարիները միանշանակ չենք կարող համեմատել Ա. Մարտիրոսյանի գործունեության հետ, թեեւ վերջինս վայելում էր իշխանությունների ջերմ աջակցությունը: Նրա ղեկավարությամբ նվագախումբը այդպես էլ հանդես չեկավ եւ ոչ մի մենահամերգով: Այստեղ մեղքը, միանշանակ, մշակույթի նախարարությանն է, որովհետեւ վերջինս այդպես էլ չհասկացավ, որ էստրադային մեծ նվագախումբը առանց մեներգիչների՝ չաշխատող օրգանիզմ է: Նշենք, որ կոլեկտիվի համերգներին հրավիրվում էին հայաստանյան շոու-բիզնեսի երգիչներ, նվագախումբն էլ պարբերաբար մասնակցում էր կառավարական «փակ» համերգներին, որոնց համար, ինչպես հայտնի է, տրվում են բարձր հոնորարներ: Հետաքրքիր է՝ ի՞նչ է անում Կանադայում նվագախմբի արդեն երբեմնի ղեկավարը:
Նվագախմբի թափուր տեղի համար հոլովվում է ընդամենը մեկ՝ ճանաչված ու հիանալի երաժշտի՝ սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցի անունը:
Ինչպես երեւում է, մշակույթի նախարարությունում թափուր մնացած տեղի համար դեռ չեն էլ շտապում նշանակում կատարել: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը «Առավոտին» հայտնեց. «Դեռ վաղ է, այդ հարցով նախարարությունը կզբաղվի»:
Ա. Մարտիրոսյանի այս քայլին, ինչպես մեզ հայտնի դարձավ, շուտով կհետեւի նաեւ հայտնի գործիքավորող Արա Թորոսյանը (Մուրզիկը): Սակայն նա չհաստատեց այն տեղեկությունները, թե գնում է մշտական բնակության: Նա «Առավոտին» հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին մեկնում է ԱՄՆ՝ ընդամենը Թաթայի մենահամերգի առիթով: