Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում արգելվել է «Մութ սիրտ» գործողությունը» գիրքը

Սեպտեմբեր 28,2010 00:00

\"\"Ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի պատճառաբանությամբ, Պենտագոնը հրահանգել է այրել ԱՄՆ բանակի փոխգնդապետ Էնթոնի Շեֆերի «Մութ սիրտ» գործողությունը» գրքի 9500 օրինակները: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Գիրքը պատմում է Աֆղանստանում փոխգնդապետի գործունեության մասին եւ նվիրված է աֆղանական արշավանքի վճռորոշ փուլին: ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության կարծիքով, ազգային անվտանգությանն սպառնալիք են ներկայացնում Շեֆերի գրքում հրապարկված տվյալները, որոնց համաձայն, հատուկ ծառայությունները տեղյակ են եղել 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպչի՝ Մոհամեդ Աթթայի մասին: Գրքում նաեւ այլ գաղտնի տեղեկություններ կան: Նախքան պաշտպանության նախարարությունը կդիմեր Շեֆերին՝ խնդրելով չզրուցել լրագրողների հետ, նա հասցրել էր հարցազրույց տալ FOX News-ին, եւ ասել, որ Պենտագոնը նախ հավանություն է տվել գրքի տպագրմանը, սակայն հետո խառնվել է հետախուզական վարչությունը, եւ գիրքը փաստացի արգելվել է:
«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ էլ, երկուշաբթի օրը վաճառքի է հանվել հայտնի լրագրող Բոբ Վուդվորդի հեղինակած «Օբամայի պատերազմները» վերտառությամբ նոր՝ թվով 16-րդ, եւ հերթական սկանդալային բացահայտումներ պարունակող գիրքը: Վերջինը պատմում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ նրա վարչակազմի բարդ փոխհարաբերությունների, Աֆղանստանում պատերազմի վերաբերյալ Պենտագոնի հետ նրա տարաձայնությունների, բարձրաստիճան պաշտոնյաների հարաբերությունների եւ պատերազմին վերաբերող գաղտնի նյութերի մասին: Բոբ Վուդվորդը ԱՄՆ ամենաազդեցիկ լրագրողներից է, հայտնի իր աղմկոտ լրագրողական հետաքննություններով, որոնցից ամենահայտնին Ուոթերգեյթյան սկանդալային բացահայտումներն են, որոնք 70-ականների կեսերին նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականի պատճառ դարձան:
Այս գրքի վրա Վուդվորդն աշխատել է 18 ամիս, բացառիկ հարցազրույցներ է ունեցել Օբամայի եւ նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ օգտվել է ԱՄՆ նախագահի, նրա կաբինետի անդամների, խորհրդականների եւ հետախուզության ղեկավարների միջեւ ավելի քան 20 գաղտնի խորհրդակցությունների եւ մոտ 40 մասնավոր զրույցների նյութերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել