Անցած ուրբաթ օրը, Նյու Յորքում անցկացված Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների ընկերակցության գագաթաժողովում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Երեկ այդ մասին հաղորդել է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը՝ մանրամասնելով, թե ԱՄՆ կառավարությունը ստիպված է եղել ներողություն խնդրել «բարեխիղճ մոլորության» համար, որի արդյունքում Ֆիլիպինների պետական դրոշը այդ երկրի առաջնորդ Բենինգո Ակինոյի ետեւում տեղադրվել է գլխիվայր:
Ավանդույթի համաձայն, դա նշանակում է, որ Ֆիլիպինները գտնվում է պատերազմական վիճակում: Այդ երկրում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ Ռեբեկա Թոմփսոնը հայտարարել է, թե տեղի ունեցածը ոչ ավելի, քան «բարեխիղճ մոլորություն» է եղել, եւ որ ԱՄՆ-ն շատ է արժեւորում Ֆիլիպինների հետ սերտ փոխհարաբերություններն ու գործընկերությունը: Դիվանագետի ասելով, Նյու Յորքում անպայման կպարզեն, թե այդպիսի միջադեպ ինչպե՞ս կարող էր պատահել:
Ֆիլիպինների ԱԳՆ ներկայացուցիչ Էդ Մալայան իր կողմից հայտարարել է, թե ֆիլիպինյան կառավարությունը հասկանում է, որ դա ընդամենը մոլորություն է եղել, որը «չպետք է ուշադրությունը շեղի իսկապես կարեւոր գործերից՝ գագաթաժողովի արդյունքներից, որոնք վկայել են ԱՄՆ-ի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրների միջեւ աննախադեպ համագործակցության մասին»: Ընդսմին, սխալը միանգամից չէ, որ նկատվել է: Այն, որ Ֆիլիպինների պետական դրոշը գլխիվայր է կախվել, չեն նկատել գագաթաժողովին մասնակցած ո՛չ այդ երկրի նախագահը, ո՛չ լրագրողները: Ավելին, գլխիվայր կախված դրոշի ֆոնին նախագահ Բենինգո Ակինոյի լուսանկարը կիրակի օրը տեղադրվել էր նաեւ խաղաղօվկիանոսյան պետությունների կառավարությունների կայքում:
Հիշեցնենք, որ Ֆիլիպինները միակ երկիրն է, որի դրոշը պատերազմի ժամանակ գլխիվայր փոխվում է: Սովորաբար դրոշի՝ խաղաղություն եւ ճշմարտություն խորհրդանշող երկնագույն շերտը վերին հատվածում է՝ կարմիր գույնի վերեւում: Բայց երբ երկիրը պաշտոնապես գտնվում է պատերազմական վիճակում, դրոշի գույները գլխիվայր շրջվում են, եւ կապույտ շերտը հայտնվում է պայքարն ու քաղաքացիների խիզախությունը խորհրդանշող կարմիր գույնի տակ: