Երկուշաբթի օրը Ռուսաստանն ու Չինաստանը հայտարարել են Արեւելյան Սիբիրից դեպի Չինաստան ձգվող նավթամուղի առաջին հատուկ խողովակաշարի շինարարության ավարտի մասին: Reuters-ի մատուցմամբ, նախատեսվում է, որ այդ խողովակաշարով Չինաստանը ռուսական նավթ կարող է ստանալ արդեն 2011թ. հունվարից՝ առաջիկա 20 տարիների ընթացքում, թեեւ այդ երկիրը մտադիր է ապագայում ավելացնել ներկրվող նավթի ծավալները:
BBC-ի փոխանցմամբ էլ, չինական հատվածում նավթամուղի այդ հատվածի բացման արարողությանը մտադիր է մասնակցել նաեւ կիրակի օրը Չինաստան ժամանած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Վերջինս այդ երկիր է մեկնել՝ նպատակ ունենալով ամրապնդել Չինաստանի հետ «ռազմավարական գործընկերությունը» եւ պայմանավորվել նաեւ ռուսական կողմի համար ընդունելի գնով ռուսական գազի մատակարարումների մասին: ՌԴ-ն վաղուց է ուզում գրավել չինական գազի շուկան, բայց դրա գնի շուրջ կողմերն արդեն մի քանի տարի է, ինչ համաձայնության գալ չեն կարողանում: «Գազպրոմից» հաղորդել են, թե Չինաստան կատարած Մեդվեդեւի այցի շրջանակներում նախատեսվում է մի քանի՝ ապագա պայմանագրի հիմքը հանդիսացող փաստաթղթերի ստորագրում: