Օրերս Երեւանի Կամերային թատրոնում կայացավ երիտասարդ բանաստեղծուհի Աննա Երուսալիմսկայայի «Բանաստեղծություններ եւ մինիատյուրներ» ժողովածուի շնորհանդեսը:
«Ես ավարտել եմ Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ծրագրավորող եմ, ունեմ գերազանցության դիպլոմ, բայց մասնագիտությամբ երբեք չեմ աշխատել»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Երուսալիմասկայան ու հավելեց, որ իրեն ավելի շատ դուր է գալիս թարգմանչի աշխատանքը: Նա նշեց, որ բանաստեղծություններ սկսել է գրել 14 տարեկանից: «Առաջին բանաստեղծությունս գրել եմ դպրոցական տարիքում: Դրանցից մի քանիսը ուղարկեցի «Պիոներ» հանդես, բայց, ավաղ, չտպագրեցին, ավելին, բանաստեղծություններս, չգիտես ինչու, ենթարկվեցին խիստ քննադատության: Ինձ համար դա հարված էր: Հիշում եմ՝ այնքան էի հուզվել, որ անգամ պատռեցի այդ բանաստեղծությունները»,- ասում է հեղինակը:
Մեր զրուցակիցը ասաց նաեւ, որ ստեղծագործելու համար իրեն հատուկ պայմաններ պետք չեն: Բանաստեղծություն, ըստ Աննայի, կարող է ծնվել, օրինակ, լավ երաժշտություն լսելիս, ֆիլմ դիտելիս… Ա. Երուսալիմսկայան «Առավոտին» տեղեկացրեց նաեւ, որ մի քանի օրից իր ժողովածուն կհայտնվի երեւանյան գրախանութներում: Պահանջարկի դեպքում կվերահրատարակվի: Բանաստեղծուհու առաջին ժողովածուի լույսընծայմանը աջակցել է «P.R. Creative Teamworq» պրոդյուսերական կենտրոնը, ի դեմս նրա ղեկավար Ռուբեն Փաշինյանի: