Այսօր Հայաստանի թանգարանների աշխատողների համար կմեկնարկի «Hands-on» կրթական ծրագրեր» թեմայով դասընթացը:
Այն վարելու են Լուվրի դպրոցի թանգարանագիտության, Ֆրանսիայի ազգային ժառանգության ինստիտուտի պրոֆեսոր Մարի-Կլարտե Օ՛Նեյլը եւ «Հռոմ 3» համալսարանի փորձարարական մանկավարժության պրոֆեսոր, թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ/ՍԵԿԱ) նախագահ Էմմա Նարդին: Երկու փորձագետները եւ Թանգարանների միջազգային խորհրդի հայաստանյան ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը երեկ լրագրողների հյուրերն էին: Դասընթացը, որին կմասնակցեն Երեւանի, մարզերի եւ ԼՂ-ի թանգարանների 16 աշխատակիցներ, նպատակ ունի գիտելիքներ եւ հմտություններ տրամադրել կրթական նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ հայ հասարակության համար ոչ այնքան հայտնի Hands-on եւ minds-on մեթոդների վերաբերյալ: «Թանգարանները սովորաբար վատ համբավ ունեն եւ ասոցացվում են տաղտկալի, փոշոտ միջավայրերի հետ, դա նաեւ այն պատճառով է, որ թանգարաններն ինտերակտիվ չեն: Կարեւոր է նաեւ հավաքածուի որակը, Հայաստանում դուք ունեք հարուստ մշակութային ժառանգություն»,- նշեց Մարի-Կլարտե Օ’Նեյլը: Հիմնականում կրթության ոլորտում կիրառվող hands-on մեթոդի դեպքում օգտագործվում են ոչ թե օրիգինալ իրերը, այլ կրկնօրինակները, որոնց միջոցով այցելուները նաեւ տեղեկատվություն են ստանում: ԻԿՕՄ/ՍԵԿԱ նախագահ Է. Նարդինի խոսքով՝ «Մանուկների եւ գիտության թանգարաններում յուրաքանչյուր ցուցանմուշ ստեղծված է շոշափելու համար, բայց այժմ մեր առջեւ խնդիր է կանգնած ինտերակտիվ դարձնել հնագիտության, արվեստի եւ այն բոլոր դասական թանգարանները, որոնց հավաքածուներին ձեռք տալ չի կարելի»:
«Առավոտը» Թանգարանների միջազգային խորհրդի հայաստանյան ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանից հետաքրքրվեց, թե բացի թանգարանները ինտերակտիվ դարձնելուց, ի՞նչ քայլեր են արվում հայաստանյան շատ թանգարանների անմխիթար վիճակը շտկելու առումով: Նա պատասխանեց. «Մենք խիստ անհանգստացած ենք ջերմային, խոնավության ռեժիմի պահպանության հարցերով, որովհետեւ թանգարաններ կան, որոնք ապահովված չեն ջերմակարգավորիչ, օդակարգավորիչ տեխնոլոգիաներով: ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող թանգարաններն ավելի բարվոք վիճակում են, իսկ մարզերի թանգարաններում անելիքներ շատ կան»: