Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԳԱՎԱՌԱՄԻՏ ԷԼԻՏԱ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ՏԵՌՈՐ»

Սեպտեմբեր 28,2010 00:00

\"\"ԵՊՀ արդեն նախկին աշխատակից Նվերա Գալստյանը նման որակումներ է տալիս ԵՊՀ- ին եւ բուհի կողմից իր հանդեպ վերաբերմունքին:

Նվերա Գալստյանը 1981 թվականից աշխատել է ԵՊՀ ուսումնամեթոդական վարչությունում՝ որպես ավագ տեսուչ: Այժմ նրա աշխատանքային պայմանագիրը լուծվել է, մեր զրուցակցի բառերով՝ անհեթեթ պատճառաբանություններով եւ փաստաթղթային տեռորի արդյունքում:
Նա ասում է, որ միայն 2006 թվականին է իմացել, թե Աշխատանքային պայմանագիր գոյություն ունի: «2006-ից պայմանագիր է կնքվել, որը տեղի է ունեցել հետեւյալ կերպ` դատարկ բլանկի վրա ստորագրել են տվել՝ իբրեւ պայմանագիր է, նույնիսկ նշված չէր, թե ինչ ժամկետների մեջ է այն: Ավելի ուշ, հարցում անելով կադրերի բաժնին, իմացա, որ հին աշխատողների պայմանագիրը անժամկետ է լինում»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Ն. Գալստյանը ու հայտարարում, որ վերջին տարիներին ինքը հալածանքների է ենթարկվել, ենթատեքստում էլ իր քաղաքական հայացքներն են եղել: Ասում է՝ ԵՊՀ հանրապետական ղեկավարությունը տեղյակ էր, որ ինքը ՀԱԿ-ի հանրահավաքներին է գնում: ԵՊՀ նախկին աշխատակիցը հայտնեց նաեւ, որ իր հանդեպ հալածանքները ուժեղացել են հատկապես անցյալ տարի սեպտեմբերին, երբ վերադարձել է արձակուրդից, իսկ դրանից առաջ հիվանդանոցային բուժման մեջ էր, որովհետեւ աշխատավայրի խարխուլ աթոռի ջարդվելու պատճառով ընկել եւ վնասել էր ողը: «Ես իմ աշխատանքային պարտականությունները միշտ պատշաճ մակարդակով եմ կատարել, իմ կողմից վերահսկվող ֆակուլտետների դեկանների հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ եմ եղել: Նրանցից ոմանք միշտ ակնարկում էին, թե իմ դեմ դավեր են նյութվում»,- հիշում է Ն. Գալստյանը: Նաեւ հավելում, որ արձակուրդից վերադառնալուց 4 օր հետո սեղանին են դրել, իր ձեւակերպմամբ՝ 4 աշխատակիցների ստորագրությամբ զրպարտագիր, թե իբր իր բացակայությունների պատճառով գործը ծանրանում է նրանց վրա. «Դրանք այն աշխատակիցներն էին, որոնք հովանավորվում էին իրենց կողմից: Ի դեպ, զրպարտագրի տակ դրված էր այն ամսաթիվը, երբ ես հիվանդանոցում եմ եղել: Փաստորեն, հիվանդանոցում գտնվելու օրերին աշխատակիցները իբր բաժնի վարիչին են դիմել, նա՝ վարչության պետին, վարչության պետն էլ զեկուցագիր է ներկայացրել ռեկտորին: Ես չստորագրեցի այդ զրպարտագրի տակ, որովհետեւ ընդամենը 4 օր էր, ինչ վերադարձել էի արձակուրդից: ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը ինձ կանչեց սենյակ, որտեղ ներկա էր բակալավրիատի բաժնի վարիչ Գուրգեն Հովհաննիսյանը, որը բոլոր ընտրություններին Մուրացանի առաքյալի պատմուճանը հագած, Սեւանա լճի ավազանում իր հեղինակությունն է փորձում՝ «Առաջ Հայաստան» գոռալով: Ներկա էր նաեւ ԵՊՀ իրավաբան Արմեն Թադեւոսյանը: Նրանք ինձ ասացին, որ 3 օր չգամ, մինչեւ հարցս քննարկեն, քաջ գիտակցելով, որ 3 օր անհարգելի բացակայողին ազատման հրաման տալու իրավունք ունեն»: Տիկին Գալստյանը, սակայն, երեք օրերին ներկայացել է համալսարան, ստորագրել հաճախումների մատյանում, զուգահեռ էլ դիմել տարբեր ատյաններ, մասնավորապես՝ ԱԺ, նախագահի աշխատակազմ, ԿԳ նախարարություն եւ այլն: Նաեւ նամակ է ուղարկել ԵՊՀ ռեկտորին, որի պատասխանը մինչ օրս չի ստացել: Ն. Գալստյանն ասում է, որ իրեն ավելի ընդգծված են հալածել հատկապես ԿԳ նախարարին դիմելուց հետո, այնուհետեւ, անցյալ տարվա սեպտեմբերի 17-ին տրվել է հրաման՝ աշխատանքը ոչ պատշաճ կատարելու համար նկատողություն հայտարարելու մասին, հետո հետեւել է հաջորդ նկատողությունը՝ աշխատանքային ռեժիմը խախտելու վերաբերյալ, այնուհետեւ լուծվել պայմանագիրը: Ն. Գալստյանը դատի է տվել ԵՊՀ-ին, սակայն դատական երկու ատյաններում բուհն է հաղթել: Նիստերին խնդրել է ներկա լինել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին, ասում է՝ նրանց ներկայությունը զգաստացնող էր, բայց՝ անպտուղ: Այժմ էլ պատրաստվում է վճիռը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. «Լի եմ վճռականությամբ, ոչ մի քայլ չեմ զիջելու: Ունեմ արժանապատվություն՝ ես այս երկրի քաղաքացին եմ: Ցավով եմ փաստում, բայց այժմ համալսարանում գավառամիտ էլիտա է հավաքված, որոնցից շատերը անգամ աշխատանքի ընդունվելու դիմում չեն կարողանում գրել: Սա՛ է Երեւանի պետական համալսարանը՝ «միայնակ մայր» բուհը»:
ԵՊՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարեն Գրիգորյանը խնդրի մասին հեռախոսով «Առավոտին» հայտնեց հետեւյալը. «Նվերա Գալստյանը կարգապահական տույժերի է ենթարկվել իր պարտականությունները չկատարելու համար, եւ համալսարանը լուծել է նրա հետ աշխատանքային պայմանագիրը: Բողոքարկել է դատական ատյաններում, հայցը մերժվել է, համարել են, որ գործատուն ճիշտ է: Ինչ վերաբերում է անաշխատունակության թերթիկին, մեր իրավաբանը դատական նիստերից մեկի ժամանակ է այն տեսել: Գալստյանի խնդիրն է, թե ինչ քայլերի կդիմի հետագայում»: Այն հարցին, որ Ն. Գալստյանը հայտարարում է, թե իր հետ քաղաքական հայացքների համար են նման կերպ վարվել, Կ. Գրիգորյանը պատասխանեց. «Նման բան չկա, դա անհիմն մեղադրանք է համալսարանի հասցեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել