Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեսչյա՞ն, թե՞ Հախվերդյան

Սեպտեմբեր 28,2010 00:00

Համեմատական վերլուծության փորձ

Հին չինական երաժշտական տեսաբանները նշում էին, որ երաժշտությունը ժամանակի ոգին է, այն իր մեջ ներառում է տվյալ ժամանակի մարդկանց ընդհանրական էությունը՝ բարքերը, մտածելակերպը, հարաբերությունները, ճաշակը, կենցաղը, հավատքը, աստվածներն ու սատանաները: Ցավոք, նորանկախ Հայաստանի երգիչներին երգի փիլիսոփայություն եւ աշխարհայացք կպցնելը մեծ մեղք է հենց փիլիսոփայության նկատմամբ: Ավելի շուտ նրանց փիլիսոփայությունը անդիմությունն է. անդեմ սեր, անդեմ Հայաստան, անդեմ մարդ: Երգիչը, որ չի ապրում իր երգածը, ավելի վատ է, քան մագնիտոֆոնը: Ցավոք, այդպիսին են այսօր մեր «աստղերը»՝ մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ: Անդիմության էպիդեմիայի մեր ժամանակներում երկու երգչի կարելի է առանձնացնել, որոնք երգի մեջ դրել են էներգիա, սեր, արժանապատվություն եւ սեփական քրտինք: Արթուր Մեսչյան եւ Ռուբեն Հախվերդյան: Չնայած այս երգիչների աշխարհայացքը, երաժշտական մտածելակերպը ձեւավորվել է Սովետական Հայաստանի ժամանակներում, սակայն նրանց թեմաները, երաժշտությունը, մոտեցումները ավելի կենդանի եւ արդիական են, քան նորանկախ Հայաստանում լույս աշխարհ եկած երգիչների զգալի մեծամասնության «արվեստը»՝ կտրված Երեւանի փողոցներում քայլող մարդուց, սոցիալական միջավայրից, ճաշակից եւ շատ հաճախ տարրական բանականությունից: Ստորեւ փորձեմ համեմատել Հախվերդյանին եւ Մեսչյանին:
Սոցիալական մտածելակերպ: Հախվերդյանի եւ Մեսչյանի երգերը ամենաշատը տարբերվում են սոցիալական միջավայրի նկատմամբ վերաբերմունքով: Հախվերդյանի մոտ ներկա են ծիածանի բոլոր երանգները, նա գտնվում է սոցիալական միջավայրի կիզակետում, չի խորշում իջնել մինչեւ վերջ, դատապարտելով վատ երեւույթները՝ ինքն իրեն ընկալում է չկտրված հոռի բարքերից, նա չի հավատում բարոյախոսությանը, սկեպտիկ է, թերահավատ է օրինաչափությունների եւ իմպերատիվների նկատմամբ, մինչդեռ Մեսչյանի մոտ սեւ ու սպիտակի տրամաբանությունը տարածվում է գրեթե ամենուր, սոցիալական միջավայրը ծնում է մեղք, որը պետք է քավել եւ ձգտել լույսին, մարդը Մեսչյանի մոտ միշտ «մեղավոր» է, նա պետք է ձգտի կատարելության եւ քավության, մինչդեռ Հախվերդյանը մարդուն սիրում է այնպես, ինչպես նա կա, առանց մաքրագործման հրամայականի: Մեսչյանի մոտ երգը, արվեստը կատարսիսի նման մի բան է, որին պետք է ձգտի հասարակությունը: Կատարսիսն է բոլոր հարաբերությունների իմաստը, մինչդեռ Հախվերդյանի մոտ առանց մեղքի չկա կյանքի քաղցրություն: Հախվերդյանը հասարակությանը նայում է հենց միջից, նա իրեն չի առանձնացնում, որովհետեւ սիրում է կյանքը, մարդուն՝ իր բոլոր գույներով: Մեսչյանը նայում է մի տեսակ վերեւից, լույսին ձգտողը միշտ վերեւում պետք է լինի ճգնավորի նման, որը խորշում է խառնվելուց՝ ցույց տալով ճիշտ ճանապարհը:
Լեզու եւ ոճ: Վերոնշյալ մոտեցումներն էլ կանխորոշում են այս երկու երգիչների լեզվամտածողությունը: Մեսչյանի լեզուն ստերիլ է, զերծ կենցաղից, մի փոքր պաթոսով եւ դժվարամարս բառերով, ցանկացած զիջում նրա համար գռեհկություն է եւ շեղում ճանապարհից: Չկան կոնկրետ կերպարներ, մեծ է ընդհանրականությունը, մարդը անդեմ է, քանզի լույսի պետք է ձգտեն բոլորը անխտիր, հետեւաբար կոնկրետությունը թեմաների մեջ նվազագույնի է հասցված: Մեսչյանի մոտ բառերը բաժանված են կարելիի եւ ոչ կարելիի, նա երբեք չի իջնի անթույլատրելի բառերի մակարդակին, ոչ մի առօրեականություն, ոչ մի մասնավոր դեպք, միայն ճշմարիտ բառեր: Մինչդեռ Հախվերդյանի բառապաշարի ամպլիտուդը ազատական է, գռեհկությունից մինչեւ էսթետիկա, հնարավորինս մոտ մեր առօրյա կյանքին, Հախվերդյանը ոչ միայն չի խորշում «վատ» բառերից, այլեւ չի պատկերացնում ստերիլ բառամթերք, ստերիլությունը նրա համար կեղծված է՝ կտրված կյանքից, կյանքը պետք է սիրել այնպես, ինչպես կա եւ երգել՝ ինչպես կա: «Կեղտոտ» բառապաշարը նրան իրականության զգացողություն է տալիս, նրա երգի կերպարները իրադարձային են եւ այդպիսին են նրա բառերը:
Կենցաղ: Մեսչյանը արհամարհում է կենցաղը, մտածողության կենցաղացումը նրա համար իջեցում է, վեհի ձգտման գռեհկացում, շեղում մաքրության, լույսի, քավության ճանապարհից: Իր երգերում Մեսչյանը մերժում է կենցաղը, նրա մանր եւ առօրեական հոգսերն ու ուրախությունները, մինչդեռ Հախվերդյանը ապրում է կենցաղով, կենցաղը նրա մոտ հասցված է սիմվոլիզմի մակարդակի, առանց կենցաղի կյանքը նրա համար ուտելիք է առանց աղի եւ համեմունքի: Հախվերդյանը իր էսթետիկան գտնում է հենց կենցաղում, նա չի ցանկանում «բարձրանալ» կենցաղից վեր, կտրվել իրականությունից, նա կենցաղի մեջ գտնում է ինչ-որ ուրախ բան, որ մեզ կապում է կյանքին՝ իր բոլոր կապերով: Ի տարբերություն Մեսչյանի, Հախվերդյանի մոտ մարդը կենցաղային արարած է, բայց դա ոչ թե մեղք է կամ շեղում ճշմարիտ ճանապարհից, այլ մեր կյանքը՝ իրականության չափ մերկ: Հախվերդյանը սիրում է մարդուն իր թերություններով, նա չի դատում, չի հասկանում, թե ով է այն անմեղը, որ իրավունք ունի դատելու, մինչդեռ Մեսչյանը սիրում է ոչ թե մարդուն, այլ նրա մեջ առկա կամքը առ Աստված, առ «լույսը»: Հախվերդյանի մոտ նույնիսկ սերը զուրկ չէ կենցաղից, կինը գեղեցիկ է իր խորհրդավորությամբ եւ արկածների հնարավորությամբ, կնոջը պետք է վայելել: Սերը Հախվերդյանի համար գեղեցիկ կին է, Մեսչյանի համար՝ ճանապարհ դեպի Աստված: Մեսչյանը մեղադրում է մարդուն, կոչ անում փրկվել, մաքրվել, ցույց է տալիս ճանապարհը, նա բարոյախոսում է երգելով: Այդպես է սիրում Մեսչյանը մարդուն: Հախվերդյանը փախչում է բարոյախոսությունից եւ չի հավատում մարդու մաքրագործմանը, ինչպես եւ մեղքին:
Եվ չնայած բոլոր տարբերություններին, այս երկու երգիչներին միավորում է ներքին անկեղծությունը, հավատը եւ տառապանքը ամեն մի գրված բառի եւ զգացմունքի համար, մի բան, որ հասու չէ մեր «աստղերի» մեծ մասին: Նրանց երգերն ունեն բնավորություն, էներգիա ու դեմք եւ բնավ էլ էական չէ՝ աստվածային է այն, թե մարդկային: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել