Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՁԳԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Սեպտեմբեր 28,2010 00:00

Քաղաքական թվաբանության ազգային առանձնահատկությունները

Հայաստանյան մամուլից. «Հայ ազգային կոնգրեսի սեպտեմբերի 17֊ի հանրահավաքը նախորդ բոլոր հանրահավաքներից մարդաշատ էր»: Հայաստանյան մամուլից. «Ընդդիմության հանրահավաքների ալիքը գնալով մարում է՝ դրա վառ ապացույցն էր սեպտեմբերի 17-ի հանրահավաքը»:
Արդեն ակնհայտ է, որ «հանրահավաքային թվաբանության» խնդիրը Հայաստանում դարձել է համազգային նշանակության հարց,  գրեթե նույնքան կարեւոր, որքան, օրինակ, «Աննա» սերիալի հերոսուհու ճակատագիրը կամ Լուժկովին հանել֊չհանելու հարցը:  Բայց մերն ուրիշ չէ:
Օգոստոսի վերջին Վաշինգտոնում, Լինքոլնի հուշահամալիրի մոտ, կայացավ Մարտին Լյութեր Քինգի հիշատակին նվիրված հանրահավաքը: 1 միլիոն մարդ՝ պնդեց հանրահավաքում ելույթ ունեցած կոնգրեսական Միշել Բեքմանը: 300 հազարից 500 հազար մարդ՝ սա հանրահավաքի կազմակերպիչ Գլեն Բեքի գնահատականն է: 300 հազար մարդ՝ հեռուստակայաններից մեկին հայտնեց տեղի պաշտոնյան: 87 հազար մարդ՝ ասաց AirPhotos Live.com ընկերությունը, որը օդից կատարված լուսանկարներ է տեղադրում ինտերնետային ցանցում: «Տասնյակ հազարավոր»՝ հաղորդեց «Ասոշիեյթեդ փրեսը»:
Ամերիկացի վերլուծաբան Կարլ Ֆրենզենը փաստում է, որ շատ լրատվամիջոցներ ընդհանրապես սկսել են խուսափել հանրահավաքների մասնակիցների գոնե մոտավոր թիվը նշելուց, եւ նրանք դրա համար հիմնավոր պատճառներ ունեն: Մի քանի տարի առաջ «Իսլամական ազգ» կազմակերպության առաջնորդ Լուիս Ֆարաքանը զանգվածային միջոցառում էր կազմակերպել Վաշինգտոնի կենտրոնում: Տեղական իշխանությունները տվեցին իրենց գնահատականը՝ շուրջ 400 հազար մարդ: Ֆարաքանը, որն իր հավաքը նախօրոք անվանել էր «Միլիոնանոց երթ», սպառնաց դատի տալ այն մարդկանց, որոնք, իր կարծիքով, ռասիստական դրդապատճառներից ելնելով էին նվազեցրել մասնակիցների թիվը: Տեղական իշխանությունները գերադասեցին գործ չունենալ ազգայնական գործչի հետ եւ հետ կանգնեցին իրենց հրապարակած թվից:
Մինչդեռ հաշվարկը հիմնված էր, այսպես կոչված, «Ամբոխի չափման Ջեկոբսի բանաձեւի» վրա: Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս Հերբերտ Ջեկոբսը փորձել է քիչ թե շատ գիտական մոտեցում ցուցաբերել «ամբոխաչափության» հարցում: Վերցնենք իդեալական տարբերակը՝ ենթադրենք, թե հայաստանյան ընդդիմությունը համաձայնել է իր հանրահավաքներն անցկացնել «Դինամո» մարզադաշտի դիմացի տարածքում: Մի րոպե, դեռ մի հանեք նեխած ձվերն ու լոլիկները, ես ընդամենը ասացի՝ «ԵՆԹԱԴՐԵՆՔ»:
Ինչեւէ, չափում եք այդ տարածքի երկարությունն ու լայնությունը եւ գումարում այդ երկու թվերը: Ստացված գումարը բազմապատկում եք 10֊ով՝ եթե մարդիկ խիտ են կանգնած, կամ 7-ով՝ եթե հանրահավաքը ավելի նոսր է: Այսինքն, ըստ Ջեկոբսի,  ֆուտբոլային դաշտում, որի չափերը հայտնի են՝ 100×60, «խտահավաքի» ժամանակ կտեղավորվի 1600, «նոսրահավաքի» ժամանակ՝ մոտ 1200 մարդ: Ճիշտ է, Ջեկոբսն էլ է ընդունում, որ իր բանաձեւն անթերի չէ: Պարզ է, որ, օրինակ, հայոց աշխարհի փափկասուն կանանց հանրահավաքի դեպքում նույն տարածքի վրա ավելի քիչ մասնակից կտեղավորվի, քան տղամարդկանց, որովհետեւ, որքան էլ կանայք փափկասուն լինեն, իրենց, այսպես ասենք, ֆիզիոլոգիական առանձնահատկությունները չեն կարող թաքցնել: Ճիշտն ասած, երեւի պետք էլ չի դրանք թաքցնել:
Հայաստանյան հանրահավաքների կազմակերպիչները նաեւ կարող են առարկել, որ Ջեկոբսի բանաձեւը մեր պայմաններում ընդունելի չէ: Իրոք, մի կողմից՝ հայ ազգը պատմական անարդարության հետեւանքով հետզհետե զրկվել է իր պապենական հողերից՝ Կարսից, Արդահանից եւ Ազատության հրապարակից, մյուս կողմից՝ դարերի ընթացքում այնքան հաճախ է լսել համախմբման եւ միասնականության կոչերը, որ Մատենադարանին հարող տարածքում մարդկանց խտությունը, անկախ ֆիզիոլոգիական առանձնահատկություններից, գերազանցում է բոլոր ջեկոբսների երեւակայությունը:
Ամերիկացի մասնագետները նաեւ այսպիսի մեթոդ են առաջարկում: Հայտնի է, որ Բարաք Օբամայի ինագուրացիայի արարողությանը մասնակցել է 1,8 միլիոն մարդ: Սա ճշգրտորեն ստուգված թիվ է: Ուրեմն մոտավորապես կարելի է համեմատել՝ այս կամ այն հանրահավաքը դրանից մարդաշա՞տ է եղել, թե՞ հակառակը, ասենք, դրա կեսի կամ կեսի կեսի չափ: Ցավոք, սա էլ Հայաստանում կիրառելի չէ, որովհետեւ մեր վերջին ինագուրացիայի ժամանակ Ազատության հրապարակում, չգիտես ինչու, այնպիսի նոսրություն էր տիրում, որ դրա համեմատ Սարյանի արձանի մոտ պարբերաբար տեղի ունեցող հավաքները կարելի է առնվազն հուժկու անվանել:
Այնուամենայնիվ, հայ ժողովրդի հանրահաշվական միտքը օրուգիշեր ելքեր է որոնում: Շատերն առաջարկում են Հանրային խորհրդին կից ստեղծել հատուկ հաշվիչ հանձնաժողով՝ շատ հայտնի եւ շատ անկախ մարդկանց մասնակցությամբ: Բայց ենթադրենք, թե իշխանությունները այդ հանձնաժողովի համանախագահի պաշտոնում առաջարկում են, օրինակ, Ալբերտ Էյնշտեյնին, իսկ ընդդիմությունը, ասենք՝ Հոմերոսին: Պարզ չէ՞, թե ինչ է կատարվելու հերթական հանրահավաքի թվային արդյունքների հայտարարումից հետո: Ընդդիմությունը անմիջապես հերքելու է Էյնշտեյնի հաշվարկները, պատճառաբանելով, թե այդ մարդը կուսակցական պատկանելությամբ հարաբերական է, այսինքն՝ գրեթե հանրապետական, իսկ իշխանությունը, մեկնաբանելով Հոմերոսի բերած թվերը, հայտարարելու է, թե միայն կույրը չէր կարող չնկատել, որ մինչեւ 1998 թվականը Երեւանում լուսավորված էր ընդամենը երեք փողոց, իսկ ներկա իշխանության օրոք, նույնիսկ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, Հայաստանում հայտնաբերվեց ամենահին կոշիկը:
Եվ ուրեմն առայժմ հրատապ է մնում պոետի հանրահայտ կարգախոսը՝ Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո բազմասակավ առաձգական հանրահավաքների մասնակիցների թվի ճիշտ գնահատման մեջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել