Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եկամուտները լավ չեն հավաքում

Սեպտեմբեր 28,2010 00:00

Սյունիքի ոչ մի համայնք չի կատարել իր առջեւ դրված պլանը

Կապանում կայացած Սյունիքի մարզխորհրդի հերթական նիստում կրկին առանցքային էր տարածաշրջանի որոշ գյուղական համայնքների հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման անբավարար վիճակը: Սեփական եկամուտների հավաքման խնդիրը բարձրացվել է մարզխորհրդի բոլոր նիստերում եւ գյուղապետերին հորդորվել հետեւողական լինել ու հավաքագրումը պատշաճ մակարդակի հասցնել: Սակայն այս անգամ մարզպետարանում չբավարարվեցին հորդորներով եւ ստեղծվեց հատուկ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրություններ իրականացնի մարզի այն համայնքներում, որտեղ հավաքագրման ցուցանիշը չի գերազանցում նախատեսվածի 50%-ը: Իսկ այդպիսի համայնքները քիչ չեն: Գույքահարկի հավաքագրման 10%-ից ցածր ցուցանիշներ են արձանագրվում Գեղանուշ, Դավիթ-Բեկ, Խդրանց, Շիկահող, Ուժանիս, Սվարանց, Բնունիս, Վաղատին, Տորունիք, Ալդարա, Գուդեմնիս, Լեհվազ, Տաշտուն գյուղական համայնքներում, եւս 32 համայնքներում գույքահարկի հավաքագրումը չի գերազանցում նախատեսվածի 40-%-ը:
Հողի հարկի հավաքագրման 50%-ից ցածր ցուցանիշներ են գրանցվել Շիկահող, Վերին Գյոդաքլու, Բարձրավան, Սոֆլու համայնքներում, իսկ Գեղանուշ, Եղվարդ, Ծավ, Հալիձոր, Շինուհայր, Բնունիս, Գորհայք, Սպանդարյան, Վաղատին, Կարճեւան, Շվանիձոր, Տաշտուն համայնքների հողի հարկի հավաքագրման ցուցանիշները չեն գերազանցում 70%-ը:
Ըստ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Աշոտ Մարդյանի՝ սեպտեմբերն արդեն ավարտվում է, սակայն ընդամենը 46 համայնք է այս ամիս հողի հարկի եւ գույքահարկի գծով համայնքների բյուջեներ մուտքեր արել:
Սյունիքում, ինչպես ողջ Հայաստանում, համայնքներում չմարված աշխատավարձերի պարտքեր կան. 2010-ի սկզբին պարտքը կազմել է 40 միլիոն դրամ, մարվել է 8,4 միլիոն դրամ, կուտակվել 2,8 միլիոն դրամ նոր պարտք: Աշխատավարձի գծով պարտքեր կան Արավուս, Բարձրավան, Հալիձոր, Հարթաշեն, Սվարանց, Ույծ, Տաշտուն, Մեղրի համայնքներում:
Որ Սյունիքի գյուղատնտեսությունում խնդիրներ կան՝ տեղեկացրել ենք բազմիցս, վերջին անգամ սեպտեմբերի 25-ին՝ «Սյունիքի գյուղատնտեսությունում ճգնաժամը շարունակվում է» հրապարակմամբ: Մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը տարին անբարեհաջող համարեց գյուղատնտեսության համար, նշեց, որ այս տարի շատ վատ է հատկապես կարտոֆիլի բերքի վիճակը: Ենթադրվում է, որ այս տարի կարտոֆիլի գինը համեմատաբար բարձր է լինելու. 250-300 դրամ՝ այս շրջանում, իսկ ձմռանը նույնիսկ կհասնի 500 դրամի: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզխորհրդի նիստում ներկա գյուղապետերին խորհուրդ տվեց այսօր կարտոֆիլը չվաճառել, ավելի մեծ եկամուտ ստանալու համար պահել եւ ձմռանն ավելի թանկ՝ 500 դրամով վաճառել: Առաջարկը նիստին ներկա քաղաքաբնակների սրտով չէր, որովհետեւ տուժելու են՝ նման բարձր գնով կարտոֆիլ երբեւէ մարզի շուկայում չի եղել:
Կընդունե՞ն գյուղացիները մարզպետի առաջարկը, թե՝ ոչ, կերեւա առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել