Վանաձորի ծննդատունը անմխիթար վիճակում է եւ պարզ չէ, թե երբ կկառուցվի ծննդատան նոր շենքը
Լոռու մարզի բժիշկներն ու կանայք առայժմ
երազում են այսպիսի պայմանների մասին:
Վանաձորում նոր ու հարմարավետ ծննդատան շենք ունենալը վաղուց անհրաժեշտություն է՝ վստահ է քաղաքի Մ. Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը: Եթե շենքը կառուցվի՝ միանգամից մի քանի հարց կլուծվի. ծննդատունը ժամանակի չափանիշներին համապասխան շենք եւ երկրաշարժից հետո վերջապես հիմնական տանիք կունենա: 1988-ի երկրաշարժից 9 տարի անց՝ 1997 թվականին վնասվածքաբանական բաժանմունքի համար նախատեսված շենքը վերանորոգվեց եւ ծննդատունը տնակներից տեղափոխվեց քարե շենք: «Բնականաբար, տնակներից հետո, այդ տարիների համար դա բավարար էր, հնարավորություն էր տալիս քիչ թե շատ նորմալ պայմաններում աշխատել, սակայն հիմա անհնար է»,- ասում է Արամ Ավալյանը:
Վերջին տարիներին Լոռիում ծնունդների աճը ուրախացնող է, սակայն նաեւ մտահոգիչ՝ հիվանդասենյակները չեն բավարարում: Լոռիում տարեցտարի ծնունդների թիվն աճում է շուրջ 100-ով. 2009 թվականի հունվարից մինչեւ սեպտեմբերի 26-ը 1276 ծնունդ է գրանցվել, իսկ այս տարվա նույն հատվածում՝ 1370: Հիվանդանոցի նեղ, փոքր, խոնավ սենյակները միշտ լիքն են՝ մի սենյակում մի քանի ծննդկան են տեղավորում: «Բա ի՞նչ անենք, ուրիշ ելք չունենք, թեկուզեւ ծննդատան համար դա անընդունելի է»,-ասում է Արամ Ավալյանը եւ նեղ պայմանների պարտադրած անցանկալի իրողության մեկ փաստ ներկայացնում. ելք չունենալով՝ ծննդկանին մի քանի ժամ ծնարանի թախտին կամ հիվանդների զննման համար նախատեսված սենյակում են պահել, որը հակասում է հիվանդանոցի կանոնակարգին: «Շատ ուրախալի է, որ ծնունդների մեծ թիվ է գրանցվում, բայց պայմաններն էլ համապատասխան պետք է լինեն: Փաստորեն՝ եւ ուրախանում ենք, եւ տխրում»,- նկատեց Արամ Ավալյանը:
Վանաձորի ծննդատան գլխավոր բժիշկը կարեւորում է ոչ միայն նոր մասնաշենք ունենալը, նաեւ, որ ավելի կարեւոր է, տեխնիկական եւ գույքային հագեցվածությունը՝ հատկապես հարմարավետ բազմաֆունկցիոնալ մահճակալների առկայությունը: Այս մահճակալները նորաթուխ մայրերին կազատեն մի շարք խնդիրներից՝ կապահովեն շարժունակություն, հիգիենան ճիշտ կկազմակերպվի:
Կարեւոր է նաեւ անհարմարավետ սանհանգույցներից ու արդեն մաշված լվացարաններից ազատվելը. խողովակների մաշվածության պատճառով պատերը խոնավանում են, ծեփը անընդհատ թափվում է: 13 տարի որպես ծննդատուն ծառայած շենքը նորոգելը, ըստ Ավալյանի, անիմաստ է, քանի որ այն հարմար չէ ծննդատան պայմաններին, ամբողջովին վերափոխելն ու չափորոշիչներին հարմարեցնելն անհնար է: «Ավելի լավ չի՞ լինի, որ մեր քաղաքն էլ հարմարավետ ծննդատուն ունենա»,- հարցնում է Արամ Ավալյանը:
Բուժհաստատությունում սարքավորումներն էլ շատ հին են: Բժշկական գիտությունների թեկնածու Արամ Ավալյանը նկատում է, որ 21-րդ դարում, երբ օրեցօր նոր տեխնոլոգիաներ են ստեղծվում, ներդրվում եւ կիրառվում, Վանաձորում վիրահատություն են կատարում հնագույն, անցած դարից մնացած գործիքներով, ինչը կրկնակի բարդացնում է բժշկի աշխատանքը: Վանաձորի Մ. Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում միայն մեկ տոնոգրաֆ կա, որով լսում են երեխայի սրտի զարկերը, որը եւ բժշկին է օգնում, եւ մորը դրական լիցքեր տալիս: «Ժամանակակից ոչ մի սարքավորում չենք ստացել արդեն 22 տարի: Նույնիսկ թերհաս երեխաների համար նախատեսված շնչառական ապարատ չունենք, առայժմ գոհանում ենք նրանով, որ շտապ բուժօգնության հետ կապը կա եւ նման երեխաներին շտապ տեղափոխում ենք մայրաքաղաք»,- ասաց բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանը:
Նոր սարքավորումների խնդիր ունեն հիվանդանոցային համալիրի բոլոր բաժանմունքները: Պետբյուջեից տրամադրված 3,7 միլիարդը սարքավորումների տեսքով ե՞րբ Վանաձոր կհասնի՝ դեռեւս պարզ չէ, իսկ հիվանդանոցի տնօրինությունը ավելի մեծ թվով հիվանդների չհիասթափեցնելու եւ չկորցնելու համար, այլ բուժհաստատություններից փոխառությամբ բուժսարքավորումներ է վերցնում՝ պարտավորվելով նաեւ նրանց հիվանդներին սպասարկել: «Այնքան ենք վերանորոգում, որ մի օր էլ հնարավոր չէ լինում, այդ պատճառով շատ մեծ թվով հիվանդներ ենք կորցնում՝ ուղարկելով մայրաքաղաք հետազոտման: Բնականաբար, հիվանդի համար դժվար է նույն ճանապարհը մի քանի անգամ անցնել, դրա համար նախընտրում են բուժումն էլ Երեւանում անցկացնել եւ նոր վերադառնալ»,- ասում է հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Մհեր Մարգարյանը:
Շենքային անհարմարավետ պայմաններն ու հնագույն գործիքները թեեւ դժվարություններ են ստեղծում, սակայն Վանաձորում վերջին 10 տարիներին մայրական մահացության երեք դեպք է գրանցվել: Բժիշկները ասում են, որ շատ հաճախ հղի կնոջը հիվանդանոց են բերում՝ հիվանդության ծայրագույն բարդացված, անելանելի վիճակում, երբ տարբեր տնական-պապական-տատական միջոցների արդեն դիմել են եւ արդյունք չեն ստացել: Բարեբախտաբար, վերջին տարիներին այս հարցում դրական տեղաշարժ կա: Հղի կանայք անվճար ծննդօգնության հավաստագիրը ստանալու համար հղիության նախնական շրջանից գրանցվում են պոլիկլինիկաներում, եւ բժիշկներին արդեն պարզ է դառնում մոր եւ մանկան առողջական վիճակը, գիտեն ինչի սպասեն:
Ասում են՝ Վանաձորում նոր ու չափանիշներին համապատասխան ծննդատան շենք է կառուցվելու: Այսօրինակ լուրեր հասել են նաեւ բուժանձնակազմին: Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնից էլ տեղեկացրին, որ նախագծային աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն՝ ոչ պաշտոնական: Պաշտոնական կդառնա, երբ պետությունը՝ փող կամ անմխիթար վիճակում գտնվող բուժհաստատությունը՝ բարերար գտնի: