Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանից պահանջում է փաստաթղթեր

Սեպտեմբեր 28,2010 00:00

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻ) դեռեւս 2009թ. օգոստոսի 28-ին դիմել է Երեւանի քաղաքապետ Գ. Բեգլարյանին եւ խնդրել տրամադրել 1998թ.-ից մինչ դիմելու օրն ընկած ժամանակահատվածի համար Երեւան քաղաքի կանաչ տարածքների վերաբերյալ անհրաժեշտ մի շարք տեղեկություններ:
Դիմումին ի պատասխան, Երեւանի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանը 25.09.2009թ. NՀ0/2-17992 գրությամբ հայտնել է, որ կազմակերպության կողմից հայցվող «տվյալների որոշ մասերը պահպանվում են Երեւանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումներում (ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն, անշարժ գույքի վարչություն, բնապահպանության վարչություն եւ «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ), որոշ նյութեր հանձնվել են պետական արխիվ»: Միաժամանակ առաջարկվել է նյութերին ծանոթանալ տեղում՝ աշխատանքային կարգով համագործակցելով համապատասխան ստորաբաժանումների հետ:
Անսալով Երեւանի գլխավոր ճարտարապետ Ս. Դանիելյանի խորհրդին՝ իրավապաշտպան կազմակերպությունը մի քանի գրություններով դիմել է Երեւանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչություն, «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ, բնապահպանության վարչություն, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն՝ խնդրելով տրամադրել իրենց ստորաբաժանումներում առկա, իրենց 28.08.2009թ. գրությամբ հայցվող տեղեկությունները: Սակայն քաղաքապետարանի ստորաբաժանումների կողմից համապատասխանաբար տրված 30.04. 10թ. թիվ 20/1-8193, 11.05.2010թ. թիվ 17/8194, 05.05.2010թ. թիվ 18-06/116 գրությունները չեն տալիս ԹԻ-ի բոլոր հարցերի պատասխանները՝ հիմնականում պարունակելով նշում այն մասին, որ ստորաբաժանումը նման տեղեկատվության չի տիրապետում:
Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրության 27.1-րդ եւ 42.1-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները՝ ԹԻ-ն այս տարվա մայիսի 5-ին վերստին դիմել է Երեւանի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել Երեւան քաղաքի կանաչ տարածքների մասին 1998թ.-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածի համար ամբողջական տեղեկատվություն:
Ինչպես դատարան ուղարկված հայցում նշել են ԹԻ-ի ներկայացուցիչները, իրենց հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետը իր 27.05.2010թ. թիվ 20/1-10001 գրությամբ տվել է ոչ բավարար պատասխան՝ հայտնելով, որ «պահանջվող տեղեկատվության եւ փաստաթղթերի մի մասը գտնվում է ՀՀ ազգային արխիվում եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում»: ՀՀ ազգային արխիվը 17.06.2010թ. 1-7/168 գրությամբ, ԹԻ-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ «ՀՀ կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի ու համապատասխան ստորաբաժանումների 1998թ. մինչ օրս ընկած ժամանակահատվածի փաստաթղթերը դեռեւս արխիվ չեն հանձնվել»: ԹԻ-ի հայցի հետ կապված սեպտեմբերի 17-ին ՀՀ վարչական դատարանում ընթացել է նախնական նիստ: Դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 20-ին:
Հակակոռուպցիոն կազմակերպությունը գտնում է, որ քաղաքապետարանը, ի դեմս իր աշխատակազմի ստորաբաժանումների եւ ենթակա կառույցների, իր գործողություններով խախտել է ՀՀ սահմանադրության 27-րդ, 27.1-րդ, 42.1-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի պահանջները եւ պահանջում է ղեկավարվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի համաձայն: Ըստ այդ հոդվածի, «Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիuի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը»:
Հայցվոր ԹԻ-ն պահանջում է Երեւանի քաղաքապետարանից՝ տրամադրելու վերոհիշյալ տեղեկատվությունը եւ փաստաթղթերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել