Երեք տարի հարցը չի լուծվում
«Առավոտի» այս տարվա փետրվարի 2-ի համարում «Կոռուպցիայի հոտ է գալիս» հոդվածում անդրադարձել էինք Ձորաղբյուրի ամառանոցների ճանապարհին, տեղեկացնելով, որ ԴԱՀԿ ծառայության Կոտայքի բաժնի Աբովյանի բաժանմունքը տարբեր անհիմն ու անհեթեթ պատճառներով չի կատարում դատարանի վճիռը: Տեղեկացրել էինք նաեւ, որ ամառանոցների սեփականատերերը ստիպված դիմել են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հ. Հովհաննիսյանին՝ խնդրելով ապահովել խնդրի լուծման օրինականությունը:
Օգոստոսի սկզբին, նախագահի վերահսկողական ծառայության միջամտությունից հետո միայն, ԴԱՀԿ-ի աշխատակիցները քանդեցին Արմեն եւ Վահագն Վանցյանների կողմից կառուցված պարիսպը: Թվում է, թե այսքանով պետք է ավարտվեր երեք տարի ձգվող քաշքշուկը, քանի որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել էր Վահագն եւ Արմեն Վանցյանների կողմից բերված վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ թողել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որտեղ նշված է. «Պարտավորեցնել Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 11 թաղամասի թիվ 15 հողակտորը օգտագործող պատասխանողներ Արմեն եւ Վահագն Վանցյաններին՝ վերականգնել մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը. քանդել 11 թաղամասի թիվ 15 հողակտորի եւ 12 թաղամասի թիվ 31 հողակտորի միջեւ անցնող գլխավոր ճանապարհի հատվածում կառուցված պարիսպը՝ գլխավոր հատակագծի համաձայն: Գլխավոր ճանապարհը վերականգնելու պարտականությունը դնել նշված խախտումները կատարած պատասխանողներ Արմեն եւ Վահագն Վանցյանների վրա կամ իրականացնել նրանց հաշվին»:
Սակայն, պարզվում է, դատարանի վճիռը Վանցյանների քիմքին հարիր չէ, եւ քանի որ նրանք իրենց օրենքից վեր են դասում, չեն պատրաստվում ենթարկվել դատարանի որոշմանը: Ասվածի հավաստումն է այն, որ Վանցյանները՝ ԴԱՀԿ-ի կողմից պարիսպը քանդելուց շատ չանցած, վերականգնել են այն՝ կրկին փակելով նախատեսված ճանապարհը: Ու քանի որ Վանցյաններն իրենց նաեւ կադաստրի իրավունք են վերապահում, չգիտես ինչու, 3,5 մետր լայնությամբ ճանապարհ են բացել հարեւան հողատարածքով: Ի դեպ, այդ հողատարածքը գրանցված է ո՛չ Վանցյանների անունով:
Հիշեցնենք, որ գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհն ունի 7 մետր լայնք: Բայց «Հողշինմոնիթորինգ» ՊՈԱԿ-ը, որի եզրակացությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ կայացնելիս հիմք է ընդունել, բնության մեջ կատարել է չափումներ, եւ քանի որ 11 թաղամասի թիվ 30 հողակտորի տերը իր հողամասի ճակատային լայնքը՝ 14 մետր ապահովելով 70 սմ մտել է ճանապարհի մեջ, ներկայացրած տեղեկանքում նշել է. «Ճանապարհը պետք է անպայման բացել արդեն 6,3 մ լայնքով, որը կարող է ապահովել մեքենաների երթեւեկության եւ քաղաքացիական գործով հայցվորների պահանջները, որը անցնում է 11 թաղամասի թիվ 15, 30 հողակտորների աջ եւ 12 թաղամասի թիվ 30, 31 հողակտորների ձախ եզրագծերով»:
Ճանապարհը կրկին փակելու առիթով ձորաղբյուրցիները իրենց բողոքներն են ներկայացրել համապատասխան մարմիններին եւ համոզված են, որ վերջապես կկատարվի դատարանի վճիռը, քանի որ մեր երկրում, ինչպես այգեգործական ընկերության անդամներն ասացին՝ օրենքի իշխանություն է եւ ոչ թե վանցյանների: