Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները Խոսրովի անտառում եղած ժամանակ կրակոցներ են լսել: Կրակոցի ձայնը մասնակիցներից մեկի տեսախցիկում ֆիքսված է: Նրանց տարածած հայտարարության մեջ նաեւ ասված է, որ հայտնաբերվել է 70մմ-անոց կրակված փամփուշտ: «ԷկոԼուր» հ/կ-ից նաեւ հայտնում են, որ Խոսրովի անտառի շուրջ կրքերը նորից թեժացել են: Երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները հայտնել են, որ Խոսրովի անտառի Գիլան տեղամասում, որը վարձակալության է տրված «Հովազաձոր» ընկերությանը, կրկին անհասկանալի աժիոտաժ է եւ ինչ-որ մարդիկ են հայտնվել: Բնապահպանական կազմակերպությունները պահանջում են Գիլան տեղամասին վերադարձնել արգելոցի կարգավիճակ, որը կառավարության 2007թ. որոշմամբ արգելավայր է դարձել՝ ավելի ցածր աստիճանի պաշտպանվածությամբ: News.am-ի փոխանցմամբ, բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը հերքել է արգելոցի տարածքում կրակոցների վերաբերյալ հաղորդագրությունը՝ ենթադրելով, որ ակտիվիստները կրակոցները լսել են հակառակ կողմից՝ որսահանդակից, որը գտնվում է Գյուլասոր գյուղի մոտակայքում: Իսկապես, ներկայումս լորի եւ կաքավի որսաշրջանը շարունակվում է:
Սակայն հայտնի բնասեր, գրող Վահրամ Թաթիկյանը, ով ավելի քան 40 տարի անցկացրել է Խոսրովում, «ԷկոԼուրին» հայտնել է, որ Գյուլասորում արված կրակոցների արձագանքը չի հասնում Կաքավաբերդ: