Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համոզեցին ու պատվաստեցին

Սեպտեմբեր 28,2010 00:00

Բժիշկները նաեւ օրինակ ծառայեցին

\"\"
Նախարարության ներկայացուցիչ Գայանե Սահակյանն առաջինն օրինակ ծառայեց:

\"\"
Վստահեց ու պատվաստվեց անգամ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Այսօր գրեթե յուրաքանչյուր ծնող իր երեխային պատվաստելուց առաջ կասկածներ է ունենում՝ պատվաստե՞լ, թե՞ ոչ: Որքան էլ պատվաստվելու անհրաժեշտության եւ կարեւորության մասին քարոզչություն է կազմակերպվում, հասարակությունը բացասական է վերաբերվում պատվաստմանը: Դրա պատճառներից մեկը հենց բուժաշխատողների ներքին հակաքարոզչությունն է, որ տարվում է պատվաստումների դեմ: Ապացուցելու համար, որ պատվաստվելը խիստ անհրաժեշտ է եւ անվնաս, Իմունիզացիայի ազգային ծրագրի գրասենյակի մասնագետները «Unicef»-ի աջակցությամբ շաբաթ-կիրակի Ծաղկաձորում կազմակերպել էին սեմինար: Միջոցառման ընթացքում առողջապահության նախարարության մասնագետները վստահեցրին, որ պատվաստման արդյունքում որոշ մարդկանց մոտ արձանագրված ուշաթափության, ջերմաստիճանի բարձրացման դեպքերը բնական ռեակցիա են, եւ պետք չէ խուճապի մատնվել. «Հաշվի է առնվում պատվաստումների ընթացքի բոլոր ռիսկերը: Առաջնային բուժօգնության օղակներին տրվել են ցուցումներ՝ պատվաստանյութի հետ աշխատելու, պատվաստելու, հետպատվաստման շրջանի, պատվաստումներից հետո երբեմն առաջացող բարդությունների վերաբերյալ»: Չնայած դրան, մասնագետները նշեցին, որ պատվաստումը հակացուցված է այն մարդուն, որն ունի ծանր իմունադեֆիցիտային վիճակներ, ծանր ալերգաբանական ռեակցիա եւ էնցեֆալոպատիա՝ նախորդ պատվաստումից հետո: Իսկ նրանք, ովքեր հակացուցումներ չունեն, պատվաստվելուց հետո գոնե 30 րոպե պետք է բժշկի հսկողության տակ լինեն:
Բժիշկների ներկայացմամբ՝ պատվաստումներն անհրաժեշտ են, որպեսզի կանխեն այնպիսի հիվանդությունների բռնկումը, ինչպիսիք են դիֆտերիան, պոլիոմելիտը, կարմրախտը, կարմրուկը, հեպատիտ B-ն, C-ն, տուբերկուլյոզը եւ այլն: Ամբողջ աշխարհում եւ Հայաստանում նման հիվանդությունների քանակի կրճատումը, ինչպես հավաստում են բժիշկներն ու ԱՀԿ-ի տվյալները, զանգվածային պատվաստումների արդյունք է:
Մասնագետների վստահեցմամբ՝ հասարակության մեջ տարածված այն կարծիքը, որ պատվաստանյութերը անորակ են կամ ժամկետանց, բժիշկները հերքեցին՝ հենց սեմինարի ընթացքում անձամբ պատվաստվելով: Որոշ բժիշկներ պատվաստվեցին հեպատիտ B-ի, փայտացման եւ այլ վիրուսների դեմ: Սեմինարի կազմակերպիչները օրինակ ծառայելով՝ մի քանի լրագրողների էլ պատվաստեցին՝ դիֆտերիայի եւ փայտացման դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել