Անօրինական վճարումներ չկատարելու համար համավճար մուծածները պետք է ամուր նյարդեր ունենան
Կառավարության որոշմամբ՝ «Արաբկիր» բժշկական կենտրոնում փորձնականորեն կիրառվում է, այսպես կոչված, համավճարային նոր կարգը: Մի քանի օր առաջ ստիպված եղա անձամբ օգտվել այդ կարգից ու հասկանալ, թե ո՞ւմ է այն ավելի շատ ձեռնտու՝ հասարակությա՞նը, թե՞ կրկին բուժաշխատողներին ու հիվանդանոցների տերերին: Ինչպես հայտնի է, նախկինում մինչեւ 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար էր, իսկ հիմա, անկախ նրանից՝ հիվանդ երեխային ուղեգրով են տանում հիվանդանոց, շտապօգնության մեքենայով, թե երթուղայինով՝ պետք է վճարեն 30 հազար դրամ: Բացառություն են միայն «Փարոսի» ծրագրում ընդգրկված, առաջին կարգի հաշմանդամ եւ վերակենդանացման բաժնի հիվանդ երեխաները, որոնց առայժմ շարունակում են սպասարկել անվճար: Բոլորս էլ գիտենք, որ անվճար ծառայությունների դիմաց հիվանդները այսպես թե այնպես շարունակում էին վճարումներ կատարել, բժիշկների խալաթների գրպանը հարկադրված կաշառք խցկել, բուժքույրերին ամեն ներարկման, ամեն հիվանդասենյակ մտնելու ու ամեն ժպտալու համար վճարել: Եվ այս առումով համավճար ասվածը կարծես թե իրեն արդարացնում է, որովհետեւ արդեն նախապես 30 հազար դրամ վճարած հիվանդին դժվար է ստիպել աջուձախ ու անիմաստ գումարներ բաժանել եւ վճարել կրկնակի: Սակայն, եթե բժիշկներն ու բուժքույրերը, հասկանալով, որ համավճարից իրենք էլ են օգտվում ու բարձր աշխատավարձ են ստանում, հիվանդի հարազատների մոտ ոտքները կախ չէին գցում ու չէին սպասում կողմնակի վարձատրության, նույնը սանիտարկաների մասին չենք կարող ասել. 1 անգամ հիվանդասենյակը մաքրելուց հետո սկսվում էր հիվանդապահի վրա մուննաթը, թե՝ «ինչու պալատը մաքուր չեք պահում, մի հատ գոնե ավլեիք, էստեղ ինչու եք ջուր թափել, էս շորն ինչու եք էստեղ դրել» եւ այլն:
Պարզ էր, որ եթե 500 կամ 1000 դրամ մտներ այդ սանիտարկայի գրպանը, պալատն էլ նրա աչքին մաքուր կերեւար, ջուրն էլ արագ կմաքրվեր ու մուննաթն էլ կվերանար: Հարցը այդ մի քանի կոպեկը չէ, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ եթե իսկապես ուզում ենք հիվանդանոցներից ստվերային եկամուտները, կաշառքը վերանան, մենք ինքներս էլ պետք է դիմանանք մուննաթներին ու չտանք այդ սպասված կաշառքը: Փորձելով օգնել պետությանն այդ հարցում, ես, բացի սահմանված 30 հազար դրամից, իմ բալիկի բուժօգնության համար հիվանդանոցում անցկացրած օրերի ընթացքում որեւէ բուժաշխատողի չվճարեցի: Դեռ երկրորդ օրն էր՝ սանիտարկան վաղ առավոտյան բացեց հիվանդասենյակի դուռը, արթնացրեց մեզ, որ ասի՝ «էս ի՞նչ փշուրներ եք թափել, ա՛յ մամաներ, չե՞ք կարում ձեր տակը մաքրեք, հո ես գերի չեմ»: Երբ Սիլվա անունով այդ սանիտարկային խնդրեցինք ներել՝ բացատրելով, որ ողջ գիշեր երեխան անհանգիստ է եղել, բարձր ջերմություն է ունեցել, աչք չի փակել եւ գիշերը ժամը 4-ին բուլկի է կերել ու փշրանքները թափվել են, կինը, որը հիվանդասենյակները մաքրելու համար աշխատավարձ էր ստանում, եւ նրա պարտականությունների մեջ էր մտնում մաքրելը՝ նետեց. «Ժամը 4-ին ա թափել՝ ժամը 4-ին հելնեիր մաքրեիր»: Մի քանի ժամ անց սանիտարկան սկսեց նեղվել, թե բաղնիքում ջուր ենք թափում, սենյակի սալիկները ցեխոտվում են եւ այլն: Այդ սենյակում եւս մի երեխա կար, եւ նրա հիվանդապահն էլ շատ լավ հասկանում էր, թե որն է կնոջ նեղվածության իրական պատճառը, բայց որքան էլ մեծ էր ցանկությունն ազատվելու այդ կարգի կշտամբանքներից՝ նրան սկզբունքորեն չվարձատրեցինք:
Նշենք, որ առողջապահության նախարարության պատասխանատուները վստահեցնում էին, որ համավճարի ներդրմամբ հնարավոր կլինի բարձրացնել բժշկական ծառայությունների որակը եւ օրինական դաշտ բերել ոչ պաշտոնական վճարումների ծավալը: Սակայն ինձ համար գոնե պարզ դարձավ, որ իրականում շատ ամուր նյարդեր են պետք՝ անօրինական վճարումներ չկատարելու համար: Ինչ վերաբերում է բուժծառայությունների որակին, ինչպես անվճար բուժսպասարկման, այնպես էլ համավճարի դեպքում դրանց որակը կոնկրետ հիվանդի համար բախտի հարց է: Շատ մայրիկներ ստիպված էին իրենց հիվանդ երեխային անտիրական թողնել սենյակում, որ բուժքրոջից ջերմաչափ վերցնեին, որովհետեւ հենց այնպես որեւէ մեկը չէր մտնում հիվանդասենյակ ու չէր հարցնում երեխայի որպիսությունը: Իմ երեխային բուժող բժիշկն այցելում էր նրան միայն առավոտյան ստուգման ժամանակ՝ բաժնի վարիչի հետ: Բուժքույրը կաթիլայինը միացնում էր ու կորչում. մամաներն իրենք պետք է հետեւեին, որ կաթիլները չարագանային, որ դեղը չվերջանար ու օդ չանցներ: Հասկանալի է, որ հիվանդանոցում հիվանդներից տեղ ու դադար չկար, որ բուժաշխատողները ֆիզիկապես ի վիճակի չէին բոլորին սպասարկել, որ նրանք էլ մարդ են եւ երբեմն ուզում էին սուրճ խմել, բայց, եթե խոսում ենք պայմանագրի, վճարելու եւ համապատասխան ծառայություններ ստանալու մասին, ուրեմն ամեն ինչ պետք է լինի բարձր մակարդակի վրա: Ստացվում է, որ մեզ մոտ համավճարի գաղափարը վերցրել ենք եվրոպական երկրներից, բայց մակարդակը մնացել է «հայկական»: Տարրական խնդիրներ կան, որոնք «Արաբկիրում» դեռ լուծված չեն ու հարուցում են համավճար մուծած ծնողների դժգոհությունը, օրինակ՝ կաթիլայինների ամրակալանների՝ շտատիվների բացակայությունը: Մեկ հիվանդասենյակում բոլոր հիվանդ երեխաներին կաթիլայինը միացնում էին միաժամանակ ու մեկ ամրակալան էին տալիս: Ստիպված պետք է աչքներս չորս արած հետեւել, որ հանկարծ երեխան կես սանտիմետր իր մատիկը կամ թաթիկը չշարժեր ու ասեղը դուրս չհաներ: Եթե խորանանք այս խնդիրների մեջ ու վճարելուց հետո պահանջենք հիվանդանոցին կատարել պայմանագրով ֆիքսված բոլոր կետերը՝ հիվանդանոցի տերը կամ պետք է հրաժարվի համավճարից, կամ դատարանների դռներն ընկնի: