ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի կանխատեսմամբ, մինչեւ տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 600 հազարը:
«Տուրիզմի ոլորտում այս տարին կավարտվի երկնիշ աճով»,- սա ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի կանխատեսումն է, որը երեկ նա հայտնեց «Անի Պլազա» հյուրանոցում՝ Զբոսաշրջության համաշխարհային օրվա առթիվ հրավիրված միջոցառման ժամանակ: Փոխնախարարի խոսքով՝ չնայած նախորդ տարի համաշխարհային տուրիզմում շուրջ 4% անկմանը, հայաստանյան ներգնա տուրիզմի բնագավառում արձանագրվել է 7% աճ. «Բացի այն, որ տուրիզմում ունենք անշրջելի զարգացումներ, ունենք նաեւ լավատեսական «պրոգնոզ»՝ 11-12% աճ»: Ինչ վերաբերում է այս տարվա ցուցանիշներին, փոխնախարարը հավաստիացրեց, որ հունվար-օգոստոս ամիսների կտրվածքով եղել է շուրջ 438 հազար տուրիստական այց: Նրա կանխատեսմամբ՝ մինչեւ տարվա վերջ զբոսաշրջիկների թիվը կլինի շուրջ 640 հազար:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ը տուրիզմի համաշխարհային օր հռչակվել է 1979 թվականից եւ յուրաքանչյուր տարի նշվում է շուրջ 150 երկրներում: Հայաստանում տոնը պաշտոնապես նշվում է արդեն 2-րդ անգամ: Մեկ այլ լավատես պաշտոնյա՝ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց. «Տուրիզմի ոլորտը մեծ ներուժ ունի, կառավարությունը լուրջ միջոցառումներ եւ ծրագրեր է ներդնում այս ոլորտի զարգացման համար: Առաջ են քաշվել լուրջ մոտեցումներ, որոնք մեկ-երկու տարիների ընթացքում պետք է իրենց արդյունքը տան, եւ զբոսաշրջության ոլորտը պետք է տեսնենք ժամանակակից ենթակառուցվածքներով ու կարողանանք ապահովել զարգացման այլ մակարդակ»:
Նախարարն օրվա առիթով ոլորտի մի շարք աշխատակիցների հանձնեց շնորհակալագրեր: Զբոսաշրջության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար «Անի Պլազա» հյուրանոցը պարգեւատրվեց էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով, մեդալի արժանացավ նաեւ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Միջոցառմանը ներկա Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ, տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը «Առավոտի» հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել փոխնախարարի հայտնած վիճակագրական տվյալները: Նա գտնում է, որ Հայաստանում տուրիզմի զարգացման միտում կա, բայց ոլորտում քիչ չեն նաեւ չլուծված խնդիրներն ու խոչընդոտները. «Այն, ինչ որ անում ենք, հատկապես մասնավոր հատվածը, կարելի է բավարար համարել: Ներուժ ունենք, բայց պետք է շատ գործ անենք, որ հետ չմնանք մեր հարեւան երկրներից: Պետք են նոր՝ ժամանակակից, կրթված մարդիկ»:
Ռ. Մինասյանը համակարծիք է, որ Հայաստանում զբոսաշրջության ոլորտում մատուցվող ծառայություններն անորակ են, ցածր մակարդակով եւ թանկ: «Գները բարձր են, գնագոյացում չկա, եթե ծառայությունները չեն բարելավում, իրավունք չունեն գները թանկ դնել, աբսուրդ գներ են, այդ առումով մեծ աշխատանք է անհրաժեշտ կատարել: Մրցակցության հետ կապված՝ պետք է ստեղծել նոր հյուրանոցային համալիրներ, 2, 3 աստղանի տուրիստական կոմպլեքսներ, որտեղ հնարավոր կլինի ցածր գներով սպասարկել մարդկանց: Չենք կարող թանկ գներ առաջարկելով գումար վաստակել, գումար կարող ենք վաստակել քանակով»,- կարծում է Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահը: Մեր զրուցակիցը գտնում է, որ այս տարի ճգնաժամը լուրջ ազդեցություն չի ունեցել զբոսաշրջության ոլորտի վրա. «Կային լուրջ ֆիրմաներ, որոնք աշխատեցին եւ ունեին քանակի աճ: Ճիշտ աշխատանքի միջոցով կարող ես արդյունքի հասնել»: