Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ

Սեպտեմբեր 28,2010 00:00

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում
փոփոխությունների նախագծի քննարկումներն ընթանում են, բայց դեռեւս
փակ դռների հետեւում:

Գործարարները առաջիններից էին, որ մեկ հարկի տակ քննարկեցին օրենսդրական նախագիծը, բայց, չգիտես ինչու, խուսափում են հրապարակել քննարկման արդյունքները: Ըստ Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի. «Երբ պետք լինի, կբարձրաձայնենք՝ ինչ ենք քննարկել կամ առաջարկել: Առայժմ դրա կարիքը չկա, որովհետեւ դա մեր ներքին խոհանոցն է»: Նախագծով առաջարկվող փոփոխությունները նախատեսում են անբարեխիղճ մրցակցության ու գերիշխող դիրքը չարաշահելու դեպքերի նվազեցում: Օրինազանցների համար, նոր օրենքով, տուգանքի մեծ չափեր են սահմանվել:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» գործող օրենքը չաշխատող է, ու ինչ փոփոխություններ էլ արվեն, այն էլի չի աշխատելու: Եթե կա մենաշնորհ, բնական է, որ չկա մրցակցություն, մեկը լինի հարցնի՝ ի՞նչ են կանոնակարգում, այդ օրենքը փաստորեն կանոնակարգում է մի բան, որը գոյություն չունի: Տուգանքների չափը բարձրացնելով կամ նվազեցնելով՝ խնդիրը չի լուծվում»,- «Առավոտի» հետ զրույցում նման տեսակետ ներկայացրեց տնտեսագետ Հարություն Մեսրոպյանը: Ի՞նչ անել; Ըստ նրա. «Քանի դեռ կլինեն քողարկված ու բացահայտ մենաշնորհներ, տնտեսական մրցակցությունը չի աշխատի: Պետք է մենաշնորհների վերացման տարբերակներ գտնել»: Տնտեսագետը մտավախություն չունի, թե խոշոր տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված տուգանքների չափի բարձրացումը կնպաստի տնտեսությունում ստվերի մեծացմանը. «Տուգանքները կախված են, թե տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կբռնացնի՞, թե՞ չի բռնացնի օրինազանցին, այլ հարց է, թե գուցե ամեն կամ 10 տարին մեկ բռնացնի»:
Օրենսդրական նախագիծը քննարկել են նաեւ սպառողների շահերի պաշտպանները: «Առավոտի» հետ զրույցում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն անդրադարձավ օրենսդրական նախագծում տեղ գտած որոշակի բացթողումներին. «Օրինակ, 2 անգամ նույն չարաշահումն անելու համար տնտեսվարող սուբյեկտը նույն չափով է տուգանվում, սա անընդունելի է: Այն օրինազանցը, ով համարձակվում է 2-րդ անգամ նորից օրենքը խախտել, պետք է շատ ավելիով տուգանվի»: Նա նաեւ կարծում է, որ գերիշխող դիրք զբաղեցնողին խոշոր գումարով տուգանելը մենաշնորհների դեմ պայքարի լավագույն տարբերակ չէ. «Ավելի լավ է սահմանել ներկրվող ապրանքի թույլատրելի չափաքանակը ու արգելել խոշոր չափերի հասնող արտադրանքի ներմուծումը, թե չէ՝ պարզ է, որ ապրանքները տարածվում են շուկայում փոքր խմբաքանակներով, ու ցանցում գերակշռող դիրք ունեցող չի կարող լինել: Պատժամիջոցները պետք է կիրառել ներկրողի վրա, երբեմն տուգանքն էլ չի օգնում, որովհետեւ գերիշխող դիրք զբաղեցնող ձեռնարկության համար 500 հազար դրամի հասնող տուգանքը «պարգեւատրում է»: Սպառողների պաշտպանի համոզմամբ, նոր օրենքում պետք է հստակեցվի նաեւ հակամենաշնորհային չարաշահումների դեպքում վարույթ սկսելու հիմքերը. «Այն, որ նույն ապրանքատեսակի գները թռիչքաձեւ իջնում ու բարձրանում են, պետք է բավարար հիմք հանդիսանա վարույթ սկսելու համար, որովհետեւ փաստացի ապացուցել, թե տնտեսվարող սուբյեկտներն իրար մեջ պայմանավորվեցին ապրանքի գինը բարձրացնել կամ իջեցնել, հնարավոր չէ, իսկ փաստը առկա է, որ միաժամանակ տարբեր մարզերում գները բարձրացան ու նվազեցին: Այս կետը ո՛չ գործող, ո՛չ էլ առաջարկվող փոփոխություններով սահմանված չէ»: Պարոն Պողոսյանը նկատեց նաեւ, որ օրենսդրական փոփոխությունների նախագծում կան նաեւ դրական լրացումներ, որոնք կնպաստեն ոլորտը վերահսկելուն ու կարգավորելուն: Նրա կարծիքով՝ նոր օրենքով հավասար պայմաններ կստեղծվեն մեծ ու փոքր տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար. «Տուգանքի չափերի առումով ներկայումս չկա կանոնակարգում, շուկայում գերիշխող կամ շատ փոքր դիրք ունեցող ընկերությունների համար սահմանված են հավասարաչափ տուգանքներ. մեկի դեպքում դա, ինչպես ասացի, չակերտավոր պարգեւ է, մյուսի համար՝ սնանկացում: Այս առումով փոփոխությունները դրական են: Պատժամիջոցները պետք է կախված լինեն ընկերության շրջանառության ծավալներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել