Հենվելով թուրքական «Սաբահ» («Առավոտ») թերթի տարածած տեղեկության վրա՝ tert.am-ը հաղորդում է, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին պատրաստվում է նամազ անել Անիի ավերակներում: Այս մասին կուսակցության նիստի ժամանակ հայտարարել է անձամբ Բահչելին: Բահչելին միանշանակ դեմ էր Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցմանը, հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին՝ թուրքական խորհրդարանի աշխատանքների մեկնարկի օրը, ինքը կլինի ոչ թե Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, այլ Անիի ավերակներում եւ նամազ կանի Ալփասլանի կողմից 1064թ. մզկիթի վերածված Անիի մայր տաճարում: Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը 989թ. հիմնել է հայկական ճարտարապետության գոհարների շարքին դասվող Անիի Մայր տաճարը՝ Անիի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցին: Վանքի շինարարական աշխատանքները 1001 թվականին ավարտին է հասցրել Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրիդե թագուհին, իսկ ճարտարապետը եղել է Տրդատը: Թուրքական աղբյուրներում Անիի մայր տաճարը հիշատակվում է Ֆեթհիյե մզկիթ անունով: