Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՍՈՒՄՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Սեպտեմբեր 28,2010 00:00

Երեկ 4 ժամ շարունակ լսումներ անցկացվեցին օտարալեզու դպրոցներ բացելու նախագծի մասին, որի երկրորդ ընթերցման ձեւակերպումներն անգամ այս պահին դեռ հստակեցված չեն:

\"\"

ՀՀԿ-ականների
անակնկալը

Հիմա արդեն կարելի է ենթադրել, թե ինչու ԱԺ կայքում չէր հրապարակվել այն լրամշակված տարբերակը, որը դեռ օգոստոսի 12-ին խորհրդարանին էր ներկայացրել կառավարությունը «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար: Երեկ լսումների ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացման խոսքից պարզվեց, որ այդ փաթեթը դարձյալ է լրամշակվելու: Մեջբերում ենք նրա խոսքի այդ հատվածն ամբողջությամբ. «Օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն գործընկերների հետ: Հաշվի առնելով օտար լեզվով հանրակրթական ծրագրերի իրականացման հարցի օրենսդրական կարգավորման շուրջ արտահայտված հանրային բազմակարծությունը, հայեցի լեզվամտածողության ձեւավորման ձգտումը եւ ցանկություն ունենալով հասնել որակյալ ազգային կրթության համաչափ զարգացմանը՝ առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետեւյալ մոտեցումները.
1. Հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով` օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը,
2. «Հանրակրթության մասին» օրենքում սահմանել «այլընտրանքային կրթական ծրագիր», «հեղինակային կրթական ծրագիր», «փորձարարական կրթական ծրագիր», «միջազգային կրթական ծրագիր» հասկացությունները: (Հիշեցնենք, որ «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը դեռ առաջին ընթերցումից հետո էր առաջարկել օրենքում սահմանել այդ հասկացությունները, սակայն կառավարությունը խոստացել էր, թե դա արվելու է առաջիկա օրենսդրական փաթեթում.-Ա. Ի. ):
3. Պահպանել այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնադրման սահմանափակումը եւ մարզային քվոտավորման սկզբունքը:
Այլընտրանքային ու միջազգային ծրագրերով կրթությունը պետք է կառուցվի ձեւավորված հայեցի լեզվամտածողության հենքի վրա»: Հովիկ Աբրահամյանը նաեւ նշեց. «Կարեւորում եմ այն հանգամանքը, որ պետությունը չի կարող ստեղծել, հիմնադրել միջազգային ծրագրերով դպրոցներ, եւ պետական միջոցները չեն դրվում այդ ծրագրերի վրա»:
Առաջարկվող այս փոփոխություններով փաստորեն դարձյալ է հիմնովին վերանայվում կառավարության նախաձեռնությունը, որի էությունը հենց «Լեզվի մասին» օրենքի երկրորդ հոդվածում՝ «ՀՀ տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակարգերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է»՝ բացառություն սահմանելն էր: Սակայն անգամ այն բանից հետո, երբ պարզվեց, թե որոշվել է ձեռք չտալ «Լեզվի մասին» օրենքին՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լսումներում հայտարարում էր, թե գաղափարը պահպանվել է. «Ռազմավարությունը չի փոխվել՝ փոխվել է միայն մարտավարությունը, թե ինչպես հասնել Ա կետից Բ կետ»:

Հավելյալ մանրամասներ Աշոտյանից
«Ականատես եք լինում, թե ինչպես հարթ էվոլյուցիայի է ենթարկվում օրենսդրական այս նախաձեռնությունը»,- ասաց Արմեն Աշոտյանը: Նաեւ հայտնեց. «Ձեւակերպումների վրա դեռ պետք է աշխատենք՝ առաջարկություններ ունի թե՛ նախարարությունը, թե՛ գլխադասային հանձնաժողովը»: ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին ի պատասխան՝ հայտնեց. «Կարող ենք սահմանել կա՛մ կառավարության հաստատելիք կարգում, կա՛մ հենց «Հանրակրթության մասին» օրենքում, որ նման դպրոցները չեն կարող ունենալ մասնաճյուղեր, որպեսզի հավելյալ անհանգստությունները նույնպես փարատվեն»: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Արամ Ապատյանի հարցադրմանն ի պատասխան՝ պատրաստակամություն հայտնեց քննարկել նաեւ այդ դպրոցներում աշակերտների առավելագույն թվաքանակը սահմանելու հարցը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատելով այս հայտարարություններից՝ նախագծի վրա դեռ շատ աշխատանք պիտի արվի, ձեւակերպումներ պիտի հստակեցվեն՝ «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք կառավարությունը պնդելո՞ւ է, որ օրենսդրական այս փաթեթը նախատեսվածի պես քննարկվի ԱԺ հաջորդ քառօրյայում: «Կառավարությունը ո՛չ շտապել է, ո՛չ շտապում է՝ այս օրինագծերի հետ կապված համապատասխան գործընթացն արագացնելու ցանկություն մենք չունենք»,- պատասխանեց ԿԳ նախարարը: Հավելեց, որ եթե չհասցնեն ձեւակերպումները տալ մինչեւ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այս շաբաթ կայանալիք նիստը՝ էլի 15 օրով կհետաձգվի նախագծի քննարկումը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հայտնեց. «ՀՀԿ խմբակցության պատգամավորների կողմից արդեն իսկ կա նախագիծ, առաջարկություն, որտեղ կան ձեւակերպումներ՝ այլընտրանքային, հեղինակային, միջազգային կրթական եւ փորձարարական կրթական ծրագրերի սահմանումները տրված են: Ու նաեւ համապատասխան փոփոխությունների առաջարկությունը կա: Մենք առաջիկայում հենց այս ուղղությամբ կաշխատենք»:
Այսպիսով ստացվեց, որ լսումներում քննարկվում էր մի նախագիծ, որի ուրվագծվող բովանդակությունը գիտեին միայն ՀՀԿ-ականներից ոմանք: Ու մնում էր հնչող բանավոր հայտարարություններից կռահել կամ հարցերի միջոցով փորձել ճշտել, թե ինչպես է նորից լրամշակվելու այս նախագիծը: Ասենք, պրն Աշոտյանը հայտարարեց. «Խոսքն օտար լեզվով կրթություն տալու մասին չէ: Խոսքն այդ զուգահեռ հարթության մեջ օտար լեզուների տիրապետման մասին է, ինչը կարող է արվել ե՛ւ հայկական դպրոցում, ե՛ւ այլ՝ բոլոր տեսակի դպրոցներում»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հետաքրքրվեց, թե այնուամենայնիվ՝ այդ այլընտրանքային, հեղինակային կամ փորձարարական ծրագրերով տարվող ուսուցումը հայերե՞ն է լինելու, թե՞ ոչ: Եվ ստացավ պատասխան նախարարից, թե նման դպրոցներում դասավանդումը կարող է իրականացվել նաեւ օտար լեզվով: Ի դեպ, պրն Աշոտյանը հայտնեց. «Բարեհաջող ընթացքի դեպքում՝ օրենքի վերափոխումից եւ ընդունումից հետո, իմ կանխատեսմամբ, մոտակա դպրոցը կարող է աշխատել, բացվել 2012-2013 թվականներին»:
ԿԳ նախարարը մի տվյալ էլ հայտնեց. «16-35 տարեկանների տարիքային խմբում մենք ունենք օտար լեզուների ամենացածր իմացությունը՝ Ադրբեջանի եւ Վրաստանի համեմատ»: Ավետիք Իշխանյանը ելույթում նկատեց. «Դա նշանակում է, որ Հայաստանում օտար լեզուներ սովորեցնելու մեթոդը բավարար մակարդակի չէ՝ հին մեթոդիկայով են սովորեցնում»:

Հանե՛ք
շրջանառությունից
օրենքը

16 հոգի էին հերթագրվել ելույթների համար, եւ հռետորներից շատերն ընդգծեցին, թե այն պայմաններում, երբ օրենքի նախագիծ չկա ներկայացված՝ դժվար է ակնկալել առարկայական քննարկում: «Սրանք աննախադեպ լսումներ են՝ առանց համապատասխան փաստաթղթի»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը: Թեեւ նաեւ նշեց, որ այս օրինագիծը «վերին աստիճանի հատվածական խնդիր է լուծում ու չի տալիս այն հարցերի պատասխանները, որոնք արծարծել է հասարակությունը»: Իսկ Տիգրան Թորոսյանն ասաց, թե պարզապես անհասկանալի է քննարկել նախագիծն առանց նախագծի. «Ինչպե՞ս կարելի է գաղափար առաջարկել՝ առանց իմանալու դրա սահմանումը։ Սա իսկապես ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»: Դրական գնահատելով այն, որ օրենսդրական փաթեթից հանում են «Լեզվի մասին» օրենքը, պրն Թորոսյանն այնուամենայնիվ հարցական համարեց՝ արդյոք այդ այլընտրանքային, միջազգային, հեղինակային, փորձարարական դպրոցները հանրակրթակա՞ն հաստատություններ են լինելու. «Եթե դրանք լինելու են հանրակրթական հաստատություններ, եւ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չի արվելու, ապա այնտեղ անպայման դասավանդման լեզուն հայերենն է լինելու։ Սա խնդիր է, եւ սրա պատասխանը պետք է տրվի: Այսինքն՝ այստեղ, չեմ ուզում պարոն Աշոտյանի նման ասեմ՝ «ֆոկուս» է արվում, բայց ինչ-որ մի բան արվում է։ Մի բան առաջարկվում է, բայց դրա հետեւանքները անհայտ են եւ անհասկանալի»։
Սակայն ե՛ւ նա առաջարկեց նախագիծն ընդհանրապես հանել շրջանառությունից, ե՛ւ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի բազմաթիվ անդամները: Նախաձեռնող խմբի անդամ Էդգար Առաքելյանը նշեց. «Չենք պատրաստվում առարկայական քննարկման դաշտ մտնել այն այլանդակ նախագծի, որն իրականում օտարալեզու դպրոցների վերաբացելու նախագիծ է՝ ինչպիսի լոլոյական բնորոշումներով էլ այն փաթեթավորվի՝ այլընտրանքայի՜ն, միջազգայի՜ն, չգիտեմ ինչ: Այդ ամենը մենք դիտարկում ենք ընդամենը շղարշ: Շատ պարզ ասվեց այստեղ, որ նահանջ չի կատարվել կրթությունն օտար լեզվով կազմակերպելու կառավարության ծրագրի առումով»:
Ի վերջո՝ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամները դուրս եկան դահլիճից, քանի որ սահմանափակվեց ելույթ ունենալու հնարավորությունը: Խոսքի իրավունքից զրկվեց նաեւ Անահիտ Բախշյանը, որն «Առավոտին» փոխանցեց. «Ելույթի ժամանակ պատրաստվում էի ասել, թե բանավոր հայտարարվեց, որ «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չի լինելու: Այդ դեպքում «Հանրակրթության մասին» օրենքով՝ ավագ դպրոցներ, փորձարարական, հեղինակային եւ այլ դպրոցները չեն կարող ունենալ օտար լեզվով ուսուցում կազմակերպելու այդ թույլտվությունը: Հիշեցնում եմ, որ «Լեզվի մասին» օրենքում ես առաջարկել էի հետեւյալ փոփոխությունը. «ՀՀ տարածքում հայերենի հենքի վրա նաեւ օտար լեզուներով նախամասնագիտական, մասնագիտական, ուսումնական հաստատություն կարող է հիմնվել միայն ՀՀ կառավարության որոշմամբ»: Փաստորեն՝ սա էլ չեն ընդունել: Ուրեմն՝ չեն կարող օտարալեզու ավագ դպրոց ունենալ»:
Եզրափակիչ ելույթում Արմեն Աշոտյանը խնդրեց իրեն փոխանցել այն բովանդակային առաջարկները, որոնք հնչել են լսումների ընթացքում. «Իշխանությունն իր երկու երեսներով՝ կառավարական եւ խորհրդարանական, կոալիցիոն ուժերը, մեր նախարարությունը՝ ի մասնավորի, պատրաստ է աշխատել օրինագծի բարելավման ուղղությամբ՝ ընդհուպ մինչեւ օրինագծի քվեարկությունը դահլիճում»: Ի դեպ, սրան ի հավելումն մի ակնարկ արեց. «Կարծիք ունենալու եւ արտահայտելու իմ իրավունքը ոչ ոք, անգամ 110-120 հոգանոց շարժումը չի կարող սահմանափակել: Սա՝ որպես վերջաբան»: Հիշեցնենք, որ այդքան թվաքանակ ունեն օտարալեզու դպրոցների բացման օգտին համացանցում հանդես եկող խմբերը, բայց ոչ դրա ընդդիմախոսները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել