Հայ ազգային կոնգրեսը, իր ավելի վաղ տված խոստման համաձայն, ի դեմս իր լիազոր ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի, երեկ Երեւանի քաղաքապետարան հոկտեմբերի 14-ին եւ 15-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին հերթական իրազեկման դիմում է ներկայացրել: Դրանց վերաբերյալ իր որոշումները քաղաքապետարանը կկայացնի, թերեւս, առաջիկա 1-2 օրերի ընթացքում, իսկ երեկ նա արդեն, ըստ էության, ի գիտություն է ընդունել ավելի վաղ՝ սեպտեմբերի 24-ին ՀԱԿ ներկայացուցիչ Տ. Առաքելյանի կողմից հոկտեմբերի 13-ին, ժ, 18:00-ին, Ազատության հրապարակում զանգվածային միջոցառում անցկացնելու մասին իրազեկումը: Համենայնդեպս, այդպես կարծում է ինքը՝ ՀԱԿ ներկայացուցիչը՝ պարզաբանելով, որ երեկ առավոտյան լրացել է այդ մի իրազեկման դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար սահմանված ժամկետը՝ 72 ժամը: Օրենքով նախատեսված կարգով լիազոր մարմինը՝ քաղաքապետարանը, 72 ժամվա ընթացքում պետք է որոշում կայացներ այդ դիմումի վերաբերյալ եւ այն պիտի փակցներ դրա համար նախատեսված հատուկ ցուցանակի վրա ու մեկ օրինակ էլ տրամադրեր դիմումատուին: Երեկ, սակայն, 72 ժամը սպառվելուց հետո ՀԱԿ-ը իր այդ դիմումի վերաբերյալ ոչ մի պատասխան չի ստացել, ինչը, օրենսդրության պահանջի համաձայն, նշանակում է, որ քաղաքապետարանն այդ միջոցառման անցկացումն ի գիտություն է ընդունել: ՀԱԿ լիազոր ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանը, ըստ այդմ, հայտարարել է, թե հոկտեմբերին Կոնգրեսը Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի: Մինչդեռ Երեւանի քաղաքապետարանից «Ա1+»-ին ասել են, թե հանրահավաքն արգելելու որոշում է կայացվել, իսկ ընդդիմությանը այն ուղարկվել է փոստային տարբերակով: Մերժման պատճառը Ազատության հրապարակի մանկական ատրակցիոններն են: