Ազգային անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 25-ին կայացած նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել «Սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարությունը»: Այս մասին սեպտեմբերի 27-ին հրավիրված ասուլիսում լրագրողներին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա գնահատմամբ՝ փաստաթղթի ընդունումը խիստ կարեւոր նշանակություն ունի Հայաստանի անվտանգության ապահովման, պետական սահմանի կառավարման համակարգի բարելավման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման, նոր տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ներդրման առումով. «Ռազմավարությունը մշակվել է՝ ներգրավելով Հայաստանի բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներուժը, փաստաթուղթն անցել է միջազգային փորձաքննություն, հաշվի ենք առել ՄԱԿ-ի, Եվրամիության եւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան փորձագետների առաջարկություններն ու նկատառումները: Վստահ եմ՝ ռազմավարության ընդունումը հնարավորություն կտա որակական նոր մակարդակի բարձրացնել այս ոլորտում իրականացվելիք բարեփոխումները: Ռազմավարության հիմնական կարգախոսն է՝ սահուն անցում անվտանգ սահմանով: Այսօր պետական սահմանի համալիր կառավարման գործում ներգրավված են սահմանապահ ծառայությունները, ոստիկանությունը, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունները, մաքսային ծառայությունը, եւ անհրաժեշտություն կար մի կողմից՝ վերլուծել նրանցից յուրաքանչյուրի գործառույթներն այս գործընթացում, մյուս կողմից՝ ներդնել մեկ պատուհանի սկզբունքը, որը հնարավորություն կտա առանց ավելորդ քաշքշուկի ապահովել մեր քաղաքացիների, Հայաստան այցելող անձանց եւ տրանսպորտային միջոցների ու բեռների տեղափոխումը»: Փաստաթուղթն առանցքային նշանակություն ունի նաեւ սահմանային անվտանգության ապահովման առումով, մանրակրկիտ վերլուծված են Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի հետ կապված բոլոր խնդիրները, հնարավոր վտանգներն ու մարտահրավերները, նախանշված են դրանց հաղթահարման ուղիները միջազգային փորձին համապատասխան: «Եվրամիության հետ համագործակցության արդյունքում այս տարի կսկսվեն Բագրատաշենի սահմանային անցակետի տեխնիկական վերազինման աշխատանքները, ինչպես նաեւ՝ կմշակվի պետական սահմանի բոլոր օղակներում սահմանային ենթակառուցվածքների արդիականացման լուրջ ծրագիր: Տարեվերջին թերեւս կկարողանանք սկսել կոնկրետ ֆինանսավորվող միջոցառումների իրականացումն առկա խնդիրները փուլային հերթականությամբ լուծելու համար»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: ԱԱԽ նիստում հանրապետության նախագահը կառավարությանը հանձնարարել է եռամսյա ժամկետում մշակել ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագիր եւ դրա իրականացման ժամանակացույցը: