ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը հակադարձում է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանին:
– ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը մեր թերթի հետ զրույցում քննադատեց ՀՀ նախագահի կողմից իրականացվող նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը, ինչը դուք ներկայացնում եք որպես ձեռքբերում:
– Որպես ձեր հարցի պատասխանի սկիզբ՝ հիշեցնեմ, որ պատմությանը հայտնի են դեպքեր, երբ նախկինում պաշտոններ զբաղեցրածները պաշտոնից զրկվելուց հետո սկսում են թունդ քննադատության ենթարկել իրենց նախկին գործընկերներին: Երեւի տեղին է հիշեցնել ֆրանսիացի հայտնի գործիչ Շառլ Մորիս Տալեյրանի հետեւյալ խոսքերը՝ «Բաժանումներից ամենադաժանը բաժանումն է իշխանությունից»: Երեւի մեզանում եւս որոշ նախկին պաշտոնյաներ այս դաժան իրականությունից են ազդված: Իսկ նրանք, ովքեր տեսնում են մեր արտաքին քաղաքականության հաջողությունները, տեսնում են, որ մենք վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց այդ նախաձեռնող քաղաքականության արդյունքում ենք արձանագրել կոնկրետ հաջողություններ: Եվ այդ հաջողությունների մասին խոսում ենք ոչ թե մենք կամ՝ ոչ միայն մենք, այլեւ աշխարհի հզոր պետությունների ղեկավարները՝ Մոսկվայից մինչեւ Վաշինգտոն: Շատ դեպքերում մեզ քննադատում են, թե ղարաբաղյան հարցում իբր ետընթաց կա, բայց պարզից էլ պարզ է, որ նման մեղադրանք հնչեցնողների կողմից ներկայացվող փաստերը ուղղակի հիմնազուրկ են: Հիմա՝ կոնկրետ փաստերով: 2009-ի դեկտեմբերին Աթենքում առաջին անգամ ընդունվեց ԵԱՀԿ նախարարների հայտարարությունը, որում ներառվեց նաեւ ինքնորոշման իրավունքը՝ որպես արցախյան հարցի կարգավորման սկզբունք: Հետագայում արդեն ամրագրվեց նաեւ այն սկզբունքը, որ պետք է պարտադրել ԼՂՀ վերջնական կարգավիճակի հարցը իրականացնել հանրաքվեով: Հետագայում արդեն՝ Ալմաթիիում եւ Կանադայում, ԵԱՀԿ նախարարների եւ ղեկավարների հայտարարության մեջ տեսանք, որ հստակ հնչեցվեց, որ առկա երեք սկզբունքներից որեւէ մեկը չի կարող գերակա լինել, եւ խնդիրը պետք է լուծվի հիմնարար երեք սկզբունքների հիման վրա՝ ինքնորոշում, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում: Եվ սա արձանագրվեց հատկապես այն պահին, երբ Ադրբեջանը առավոտից իրիկուն խոսում էր մեկ կետի՝ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին: Եվ եթե այս ամենը ոմանք համառորեն չեն ուզում տեսնել եւ չեն ուզում հաջողություններ անվանել, ապա դա իրենց խնդիրն է: Մի մոռացեք, որ եթե ոչ հեռավոր անցյալում հայկական դիվանագիտությունը խոսում էր այն մասին, որ ԼՂՀ-ն երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, ապա այսօր նախագահ Սարգսյանի կողմից իրականացվող հստակ քաղաքականության արդյունքում շատ կոնկրետ նշվում է, որ Արցախը ոչ միայն չի եղել Ադրբեջանի կազմում, այլեւ Արցախի անկախությունն այլընտրանք չունի, եւ պետք է հասնել այդ անկախության միջազգային ճանաչմանը: Լավ չհասկացողների համար մեկ մեջբերում ներկայացնեմ ՀՀ նախագահի մի ելույթից. «Այսօր ԼՂՀ-ն կայացած պետություն է, որը ազատության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության գաղափարները կյանքի կոչող հանրապետություն է»: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են: Նույնի մասին նախագահը խոսեց նաեւ սեպտեմբերի 21-ի իր հայտնի ուղերձում: Ինչ վերաբերում է մեր նախաձեռնողականությանը՝ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները մշտապես ասել են, որ առանց Արցախի մասնակցության հնարավոր չի Արցախի հարցի լուծումը: Եվ պատահական չէ, որ ԱԳ նախարար Նալբանդյանը ԱԺ-ում հստակ հայտարարեց, որ չի եղել թեկուզ մեկ հանդիպում, որտեղ Հայաստանը չդնի Արցախի մասնակցության հարցը: Միջազգային լրատվամիջոցների հետ հարցազրույցներում հանրապետության նախագահը մշտապես եւ շատ կոնկրետ ասում է, որ հարցի լուծման բանալին Ստեփանակերտում է: Մեր նախաձեռնողական քաղաքականության եւս մեկ օրինակ էր այն, որ «Եվրոնյուզ» հեռուստաընկերության միջոցով ի լուր ամբողջ աշխարհի մեր նախագահը Ադրբեջանի նախագահին կոչ արեց կնքել ուժի չկիրառման կամ չհարձակման պայմանագիր: Սա շատ կարեւոր քայլ էր եւ եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը տարածաշրջանում երկարատեւ խաղաղության եւ անվտանգության կողմնակից է, եւ այստեղ եւս նախաձեռնությունը մեր երկրի ձեռքին է: Ի դեպ, վերջին շրջանում բավականին ակտիվ է աշխատում նաեւ մեր երկրի խորհրդարանական դիվանագիտությունը, ինչը չէի ասի նախկինի մասին. ես ինչ-որ չեմ հիշում ակտիվ աշխատանք, ստորագրահավաքներ, քարոզչական նյութերի տարածում եւ այլն: Մինչդեռ այժմ մեր խորհրդարանականները բավականին ակտիվ են:
Ի դեպ, հիշեցնեմ նաեւ, որ ԱՄՆ Պետքարտուղարը այստեղ՝ Երեւանում, հայտարարեց, որ խաղաղությունը անհրաժեշտ է Հայաստանին, Ղարաբաղին եւ Ադրբեջանին: Միամիտ են նրանք, ովքեր կարծում են, թե Հիլարի Քլինթոնը պատահաբար հնչեցրեց Ղարաբաղ բառը: Իրականում սա նշանակում է, որ ԱՄՆ Պետքարտուղարը Ղարաբաղն ընդունում է որպես սուբյեկտ: Բացի ղարաբաղյան հարցի հայանպաստ լուծումը ճիշտ եւ ճկուն ճանապարհով առաջ տանելուց, նախագահ Սարգսյանը իրավամբ դարձել է համահայկական առաջնորդ, եւ նախագահի ելույթները Դեր-Զորում կամ Վուդրո Վիլսոնի գերեզմանին պատմական ելույթներ էին, համահայկական առաջնորդի ելույթներ: Եթե այս ամենը չի համոզում մեր ընդդիմախոսներին, ինձ այլ բան չի մնում, քան մտածել, որ նրանց մասով գործում է Մորիս Տալեյրանի բանաձեւը:
– Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերությունները եւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի որոշ հայտարարությունները եւս պարոն Թորոսյանն ամենեւին հայանպաստ չի համարում, եւ այս ամենի մասին նա ունի ձերինից տարբերվող կարծիք:
– Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը բավականին բարձր մակարդակի վրա է, եւ Դմիտրի Մեդվեդեւի այցը Հայաստան դրա վկայությունն է: Ոմանք կամայական եզրակացություններ են անում՝ հղում անելով Լավրովի որոշ հայտարարություններին: Համամիտ չեմ եւ ասեմ՝ ինչու: Հայտնի թիվ 5 արձանագրության մեջ հստակ նշված է, որ ստորագրված փաստաթղթերով ընդլայնվում են ռուսական ռազմաբազայի աշխարհագրական ֆունկցիաները: Եթե նախկինում սահմանափակում կար՝ մինչեւ ԽՍՀՄ արտաքին սահմաններ, ապա այժմ այդ սահմանափակումները չեն լինելու: Նույն փաստաթղթում նշված է, որ հայկական բանակը պետք է մատակարարվի նորացված տեխնիկայով, զինամթերքով: Այս ամենի մասին համատեղ ասուլիսում խոսեցին եւ ՌԴ, եւ ՀՀ նախագահները: Հաջորդը՝ Լավրովը, որպես ՌԴ ԱԳ նախարար, ադրբեջանական ԶԼՄ-ների հետ նախ եւ առաջ պետք է խոսեր իր պետության շահերից, իսկ այստեղ ակնհայտ է, որ ՌԴ շահը այս պայմանագրերում ռազմաբազաների տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելն է, իսկ մյուս երկու կետերը՝ եւ աշխարհագրության ընդլայնումը, եւ ռազմատեխնիկայով հայկական բանակին մատակարարելը, բխում են մեր շահերից: Եթե ոմանց թվում է, թե ռուս դիվանագետը պետք է կանգներ եւ ադրբեջանցիներին ասեր՝ լավ ենք անում, Հայաստանին զինում ենք, կարծում եմ՝ ուղղակի ծիծաղելի է: ՌԴ ԱԳ նախարարը մի կարեւոր քայլ եւս կատարեց՝ ադրբեջանցի լրագրողների ներկայությամբ փաստեց սանկտպետերբուրգյան առաջարկների գոյությունը, որը մինչ այդ Ադրբեջանի ղեկավարությունը հերքում էր: Ի դեպ, ոչ թե ԱԳ նախարարը, այլ ՌԴ նախագահը Երեւանում հայտարարեց, որ պատերազմի դեպքում իր երկիրը հավատարիմ կմնա Հայաստանի հետ դաշնակցային պարտավորություններին: Եզրակացությունը հետեւյալն է՝ անշուշտ, իրավական տեսանկյունից ԼՂՀ-ն հայ-ռուսական հարաբերությունների սուբյեկտ չի հանդիսանում, եւ 102-րդ ռազմակայանը իրավասու չէ միջամտելու ԼՂՀ-Ադրբեջան հակամարտությանը, սակայն կոնկրետ պարագայում պետք է հաշվի առնել հետեւյալ հանգամանքները: Առաջին՝ ԼՂՀ-Ադրբեջան հնարավոր ռազմական բախման պարագայում ՀՀ անվտանգության երաշխավորումը ՌԴ-ի կողմից զգալիորեն կնպաստի, որպեսզի ՀՀ-ն կենտրոնացնի իր ուժերը ԼՂՀ անվտանգության (ինչի երաշխավորն է) ապահովման ուղղությամբ, քանի որ նկատելի չափով ձերբազատված կլինի ոչ միայն Հայաստան-Թուրքիա, այլեւ Հայաստան-Ադրբեջան սահմանների պաշտպանությունից: Պետք չէ մոռանալ, որ ՀՀ-ՌԴ պայմանագիրն ունի նաեւ քաղաքական նշանակություն, եւ նման պայմանագրի առկայությունը արդեն իսկ նվազեցնում է պատերազմի հավանականությունը ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի դեմ: Այս հանգամանքը լավագույնս ըմբռնել է Բաքուն, որը պաշտոնական մակարդակով հայտարարում է, թե հայ-ռուսական պայմանագիրը չափազանց մեծ առավելություններ է տալիս Հայաստանին եւ վկայում է Ռուսաստանի կողմնակալ դիրքորոշման մասին: Ընդհանրապես համեմատության եզրեր չկան հայ-ռուսական եւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում: Բաքվում որեւէ լուրջ պայմանագիր չի կնքվել եւ նույնիսկ Գաբալայի խնդիրը չի լուծվել:
– ՄԱԿ-ի օրակարգից Ադրբեջանի բանաձեւի դուրսբերումը դուք ներկայացնում եք որպես հաղթանակ, սակայն Տիգրան Թորոսյանն այս մասին այլ կարծիք ունի:
– Մենք բազմիցս ենք նշել, որ դեմ ենք ղարաբաղյան խնդիրը այլ հարթակներ տեղափոխելու փորձերին: Եթե երկուսուկես տարի առաջ Ադրբեջանին հաջողվեց անցկացնել թեկուզ եւ խորհրդատվական բնույթի մի որոշում, ապա հիմա, նաեւ ՀՀ իշխանությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, Ադրբեջանը դա հանեց օրակարգից: Ես պարզ հարց եմ տալիս մեր ընդդիմախոսներին՝ եթե մի պետություն իր իսկ ձեռքով հանում է իր մտցրած նախագիծը ՄԱԿ-ի օրակարգից, դա ի՞նչ անվանենք, հաջողությո՞ւն: Ես համոզված եմ՝ դա ֆիասկո է, ուրեմն ինչո՞ւ չխոսենք այդ մասին: Պետք է հստակություն մտցնել, որովհետեւ խոսքը ոչ թե բանաձեւի նախագծի քննարկումը հաջորդ նստաշրջան տեղափոխելու մասին է, այլ ընդհանրապես քննարկումից հանելու մասին: Տվյալ նախագիծը քվեարկության չդնելու պարագայում համապատասխան նստաշրջանի ավարտից հետ այլեւս դադարում է գոյություն ունենալ: Իհարկե, համանախագահների ճնշումը սրան հասնելու գործում մեծ է եղել, բայց եւ մեր դիվանագիտական աշխատանքը պետք է նշել: Ի դեպ, միայն մի քանի օրվա ընթացքում մեր դիվանագիտության ներկայացուցիչները 600-ից ավելի հանդիպումներ են ունեցել այլ երկրների ներկայացուցիչների հետ, հարյուրավոր հեռախոսազրույցներ, ուղարկվել են 200-ից ավելի նամակներ: