Լրահոս
Օրվա լրահոսը

«ԸՆՏԱՆԻՔԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Սեպտեմբեր 25,2010 00:00

«Ամուսնությունը բարդ գործընթաց է: Ընտանիք կազմելիս պետք է հաշվի առնել ինչպես հոգեբանական, այնպես էլ կենսաբանական, սեռական համատեղելիությունը: Այսօր դատարաններից որեւէ մեկում չես հանդիպի դեպքի, որ զույգերը հայտնեն, թե բաժանվում են սեռական առումով անհամապատասխան լինելու պատճառով, բայց ամուսնալուծությունների գերակշիռ մասը հենց դրա հետեւանքով է»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հոգեբանների միջազգային խորհրդի անդամ, Հայաստանում գործնական հոգեբանության ուղղության հիմնադիր, Երեւանի գործնական հոգեբանության եւ սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի հիմնադիր ռեկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանը:
Նա շուրջ 140 գիտական եւ ուսումնամեթոդական հրապարակումների հեղինակ է, հրատարակել է «Քաղաքական հոգեբանություն», «Կառավարման հոգեբանություն», «Պետական կառավարման եւ ինքնակառավարման հոգեբանական հիմնահարցեր» գրքերը, իսկ Մոսկվայում տպագրված «Социальная психология семьи» աշխատությունը շուտով կդասավանդվի նաեւ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: Երեկ էլ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Ս. Սեդրակյանի «Ընտանիքի հոգեբանություն» գրքի շնորհանդեսը, որտեղ հեղինակը մեթոդաբանական վերլուծության է ենթարկում ընտանիքի հոգեբանության առանցքային հարցերը՝ սկսած ընտանիքի պատմական ձեւերից, ամուսնությունների տեսակներից մինչեւ ամուսնալուծություններ: Վերջին՝ ամուսնալուծություն բաժինը, ըստ հեղինակի, նաեւ կանխարգելիչ նշանակություն ունի. «Ընտանիքները գրքով չեն կազմվում եւ գոյատեւում, բայց գիտական գիտելիքը հնարավորություն է տալիս, որ մարդը մի բաժակ ջրում չխեղդվի»: Ըստ մեր զրուցակցի, հայկական ընտանիքի հիմնական առանձնահատկությունը եռասերունդ լինելն է, իսկ, օրինակ, ԱՄՆ-ում կամ Եվրոպայում նման ընտանիքներ արդեն հազվադեպ կարելի է գտնել: «Ամերիկայում կամ Եվրոպայում հազվադեպ են ընտանիքները, ուր տատն ու պապը ընտանիքի հետ են, որովհետեւ 16 տարեկանը լրանալուց հետո երեխաներն ինքնուրույն կյանք են վարում: Ավանդական ընտանիքները մեզ մոտ ավելի լավ են պահպանվել, որովհետեւ ավանդույթները, սովորությունները նպաստել են: Սա ունի իր ե՛ւ առավելությունները, ե՛ւ  թերությունները»,- ասում է Ս. Սեդրակյանը ու հավելում, որ այժմ հայերի մոտ անցումային շրջան է՝ հինը փորձում ենք մոռանալ, ձեւավորել նոր, եվրոպական ընտանիք, իսկ այդ նորն էլ դեռ սերմանված չէ: Մեր զրուցակիցը կարծում է, որ այստեղ մտահոգիչ հիմնախնդիրներ են առաջ եկել, որոնք պետք է լուծել. «Որովհետեւ երիտասարդները մեծերի փորձը չեն կիրառում, սխալվում են, իսկ այդ սխալը երբեմն կարող է լինել ճակատագրական»:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել