Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԵԿՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՎ ԽԱԲՈՒՄ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ»

Սեպտեմբեր 25,2010 00:00

 Հարցազրույց վերլուծաբան, Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ

\"\"– Փիլիսոփաներից մեկն ասել է, թե խնդիրը ոչ թե աշխարհը բացատրելու, այլ այն փոխելու մեջ է: Երբեւէ ցանկություն ունեցե՞լ եք փոխել իրականությունը:
– Ամերիկյան իրականությունից հայաստանյան իրականությունում հայտնված եւ դրան անխզելիորեն կապված մարդու համար այսօրվա պարագայում բացատրություններ գտնելն արդեն քիչ բան չէ: Առհասարակ, որպես հայ մարդու, ում խորթ չեն ոչ ժողովուրդը, ոչ այդ ժողովրդի ծոցից ելած իշխանությունները, դժվար է հաշտվել մի իրավիճակի հետ, ուր հայը օտարված է հայից, իսկ մեկ անգամ տրված կյանքը ծախսվում է մշտարթուն դիմակայության վրա: Իհարկե, ցանկությունդ մեծ է շրջել իրավիճակը, բայց, միեւնույն ժամանակ, բնականոն կյանքի հասնելու ձգտումը չպետք է իրագործվի միջոցների մեջ խտրություն չդնելու ճանապարհով: Այլ խոսքով, նորացված կյանքին՝ այո, հեղափոխությանը՝ ոչ: Մտածողներից մեկն ավանդել է կյանքի իմաստնությունը փնտրել ժողովրդական շնչառության մեջ: Ասել է թե՝ ժողովուրդն ինքը, ի վերջո, կկողմնորոշվի՝ ինչը շրջել եւ ինչպես:
– Ձեր մանկության մտապատկերներում ի՞նչ դեմք ուներ Հայաստանը:
– Պատկերացնում եք, չէ՞, դու ապրում ես իրական կյանքով, իսկ քո ներսում զուգահեռաբար շարժանկարի պես ընթանում են հեռավոր հայրենիքիդ մասին երազները: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, մեղմ ասած, չճանաչեցի իմ մանկության հեքիաթների երկիրը: Բայց ես ուրախ եմ, որ Հայաստան ոտք դնելուն պես անէացան իմ այդ երազային սեւեռումները, եւ ես հայրենիքի մասին անրջողից վերաճեցի հայրենաբնակի:
– Որո՞նք են այսօրվա Հայաստանի քաղաքական- հասարակական կյանքի հիմնական բնութագրիչները:
– Հայաստանի Հանրապետության հիմնադիր իշխանությունը ձեւավորվեց հանուն Արցախի եւ Հայաստանի անկախության փողոց ելած ժողովրդի հավաքական մանդատը ստացած այրերից: Նորանկախ Հայաստանի կայացման առաջնափուլը վերոնշյալ ազգային իղձերի իրականացման առումով արդյունավետ էր, բայց հետագա կյանքի կառուցման համար անհրաժեշտ ու պարտադիր քայլերի իրագործման առումով՝ ձախողված: Հայաստանի Հանրապետության բոլոր 3 նախագահների պարագայում էլ, ինչքան էլ նրանք տարբերվեն մտապաշարով եւ քաղաքական վարքագծով, երկիրը ղեկավարվել է ոչ թե Օրենքով, այլ անձերի կողմից եւ Սահմանադրությամբ ամրագրված կենսանորմերի հանդեպ այդ անձերի հայեցողական մոտեցումների շրջանակներում: Ի՞նչ ունենք այսօր. ժողովրդի նյարդերը հյուծող մի խումբ հարստացածներ, ովքեր օրենքի կոպիտ շրջանցումով ներաճել են քաղաքական համակարգերին, իսկ նրանց փոխգործակցությունը որոշումներ կայացնող այրերի հետ տեսադաշտից դուրս է թողել հասարակական շահը եւ ծառայում է բացառապես խմբակային շահին: Ահա այս անօրեն վիճակը մարդկանց կրկին հանեց փողոց, բայց նրանց զանգվածայնորեն բողոքելու եւ պահանջելու սահմանադրական իրավունքը ոչ միայն հակաօրինական, այլեւ Հայաստանի պարագայում անօրինակ եղանակով ճզմվեց: Մարտի 1-ը երկրի քաղաքական-հասարակական կյանքը հրեց փակուղի, եւ որքան էլ այսօր պաշտոնական քարոզչադաշտը ջանա աշխարհին ի տես դնել «անհոգ կյանքը մեր», փաստն այն է, որ Հայաստանում առկա գործընթացները որեւէ տրամաբանության չեն ենթարկվում, եւ բոլորիս համար պետք է վիրավորական դիտվի, որ բառացիորեն մեր քթի տակ գտնվող Վրաստանը ժողովրդավարական ձեռքբերումների առումով անհամեմատ առաջ է մեզնից:
– Մի՞շտ է, արդյոք, պետք փորձված թանը գերադասել անփորձ մածունից:
– Երկար ծանրութեթեւ անելը ոչ միայն անհատին, այլեւ ժողովուրդներին կարող է ուշացնել լուծումներից: Մեր դեպքում, առավելեւս՝ ցեղասպանություն ու այլեւայլ արհավիրքներ վերապրած ժողովրդի համար ավելորդ զգուշավորությունը պիտանի խորհրդատու չէ: Տեսեք, մեզ պարտադրված վերջին պատերազմում ռեսուրսների առումով, լինեն դրանք մարդկային, ռազմատեխնիկական եւ այլն, անհավասար իրավիճակում ոգի դրեցինք եւ հաղթեցինք: Իսկ ո՞րն է ոգու կենտրոնական բաղադրիչը, իհարկե՝ ռիսկը:
– Եթե Ձեզ վստահվեր Սփյուռքի նախարարությունը, ո՞րը կլիներ Ձեր գլխավոր կարգախոսը ի հակադրություն «Արի տուն» անմարմին, անհասցե կանչին:
– Եթե հանկարծ պահանջվի Սփյուռքի մեկ այլ նախարար, ավելի արժանավորները կգտնվեն ղեկավարելու այդ կառույցը, բայց պատրաստ եմ կիսվել հարցի շուրջ իմ մտահոգությամբ: Իմ կարգախոսը կլիներ «Արթնացեք»՝ ուղղված թե դրսին, թե ներսին: Որքան էլ մենք ընդլայնենք փոխայցելությունների հաճախականությունն ու աշխարհագրությունը, կազմակերպենք տարաբնույթ միջոցառումներ, որոնց գլխավոր գործառույթը դառնում է միմյանց հասցեին բարձրագոչ ու շոյիչ արտահայտությունների փոխանակումը սոսկ, Հայրենիք-Սփյուռք իրական կապ չես ստեղծի: Աշխարհն այսօր ապրում է իր խնդիրներով, ուրեմն, ստացվում է, որ դեկորատիվ բնույթի միջոցառումներով խաբում ենք ինքներս մեզ: Սա՞ է մեր նպատակը: Մենք ոչ տեսանելի ենք ու ոչ էլ լսելի միմյանց: Հանուր հայության խնդիրը ձեւակերպված չէ: Պետք է սկսել դրանից եւ այս ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկումից:
– Մի պահ պատկերացնենք, որ անցել ենք միասնական ուղղագրության եւ զանգվածայնորեն յուրացրել իրապես դժվարամարս դասական ուղղագրությունը: Ի՞նչ կփոխվի մեր կյանքում:
– Ըստ իս, ոչինչ էլ չի փոխվի: Այսօր առավել քան խնդրահարույց են այն հարցերը, որոնք անմիջականորեն կապված են կրթության որակի եւ համընդհանուր կրթվածությունն ապահովող գործոնների հետ: Ո՞վ է այսօրվա ուսուցանողը, ի՞նչ արժեքներ է նա սերմանում երեխայի մեջ: Որեւէ մեկը մտահոգվա՞ծ է վաղվա մասնագետի ինքնադրսեւորման դաշտի իսպառ բացակայության հանգամանքով:
Իսկ ո՞վ է քաղաքակրթության բնօրրաններից համարվող Հայաստանի այսօրվա քաղաքացին. հացի փնտրտուքների ոլորաններում նա դարձել է մի խումբ փողատերերի հոռի վայելքների ակամա սպասավորը: Այս հարցերից դուրս մտավորականների որեւէ վեճ համոզիչ չէ: Եվ վերջապես, եթե մեր ազգային նկարագրին ու հավաքականության կայացմանը խանգարում են Տերյանն ու Չարենցը, արեւելահայ գրականության մյուս հսկաներին դեռ չհաշված, ապա ես չգիտեմ, թե ումից պետք է ներողություն խնդրեն դասական ուղղագրության ետդարձին ընդդիմացողները:
– Ըստ Ձեզ, ե՞րբ կթոթափվենք թուրք էթնոսի հետ գենետիկ անհամատեղելիության մտասեւեռման լծից եւ վերջապես մեր ազգային ու պարզապես կենսական էներգիան կուղղորդե՞նք բարօր կյանք կառուցելու եւ աշխարհի հետ համընթաց զարգանալու դաշտ:
– Անշուշտ, որեւէ ժողովրդի համար զարգացման ու բարգավաճման առումով խիստ վնասաբեր է ողջ ներուժն ուղղել թշնամանքի չեզոքացմանը: Կենսասեր եւ ստեղծարար հայ ժողովուրդը չի կարող անհամատեղելի լինել որեւէ այլ ժողովրդի, նույն թվում եւ՝ թուրքի հետ: Մենք ոչ թե թուրք ժողովրդի, այլ տվյալ ժամանակաշրջանի թուրքական պետական վայրագ քաղաքականության զոհն ենք, եւ ոչ միայն մենք՝ շատ այլ արժանապատիվ ազգեր եւս: Այո, մենք պարտավոր ենք զգոն լինել վերահաս վտանգների նկատմամբ եւ կուռ պահել մեր ազգային դիմադրողականության պաշարները: Մինչ պատմական արդարության վերականգնումը, աշխարհից արդարացիորեն պահանջելով արտասանել ցեղասպանություն բառը, մենք ուղղակի դատապարտված ենք գիտակցել, որ դա չէ առավել քան երեքհազարամյա պատմություն ունեցող ազգի գոյության իմաստն ու նպատակակետը: Հայ դատը հավասարապես մարդկության դատն է: Ջորջ Վաշինգտոնի դիպուկ բնութագրմամբ. «անարդարությունը մեկ տեղում՝ արդարության դեմ սպառնալիք է ամենուր»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա նշեմ, որ առիթներ ունեցել եմ բարձրաձայնելու, որ դրանց խոտոր ընթացքի մեղավորը թուրքական կողմն է: Հայկական կողմի գործողությունները վերծանելիս, որոշակի դժգոհություններ ունենալով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատաոճից, նախագահ Սարգսյանի քայլերը գնահատում եմ իրատեսական, տրամաբանված եւ հավասարակշիռ:
– Երբ Բարաք Օբաման օծվեց ԱՄՆ նախագահ, ես ոգեւորություն ապրեցի՝ նորի, անսովորի, ինչ-որ առեղծվածային շրջադարձի սպասման առումով: Իսկ աշխարհի հունը չի փոխվում ու չի փոխվում:
– Պետք չէ մոռանալ, որ Բարաք Օբաման ընտրվել է ԱՄՆ քաղաքացիների կողմից եւ իր սուրբ պարտականությունն է ծառայել հենց ամերիկյան ժողովրդին: Անշուշտ, նրա դրական նախաձեռնությունները որոշակիորեն նպաստում են աշխարհաքաղաքական պրոցեսների առողջացմանը, բայց սպասել, որ, զորօրինակ մեր դեպքում, պարոն Օբաման կախարդական փայտիկի մեկ հպումով պետք է լուծի Ղարաբաղի հարցը կամ ստիպի Թուրքիային քավել իր մեղքը հայության հանդեպ, պետք է առնվազն իրատես չլինել: Իսկ եթե նկատի առնենք Օբամայի կերպարի հանդեպ ոչ ամերիկացիների հետաքրքրությունն ու զուտ մարդկային համակրանքը, ԱՄՆ նախագահը, ինչ խոսք, կարող է եւ հանդես գալ որպես տարբեր մշակույթների կրողների միջեւ փոխհամաձայնության աճի գործոն:
– Ձեր կարծիքով, ո՞ւր է ձգտում նորդարյա հայության հոգին, եւ ո՞րն է ասօրվա Հայաստանի ասելիքն աշխարհին:
– Հայության նորօրյա ձգտումները փնտրեք առավոտ ծեգին փողոցները ավլող տատիկի հոգում, իսկ աշխարհին ասելիքը՝ նրա աչքերում:
Նայեք մեր նորօրյա տերերի պալատներին կից սեփական գործածման եկեղեցիներին, ապա՝ այս ամենին անհաղորդ Մայր տաճարին եւ փորձեք ձեւակերպել…
Ես ինձ թույլ եմ տալիս կարծել, որ եթե մի հրաշքով Թումանյանը մեր օրեր հասներ, ինքնակամ տարագիր կլիներ: Բայցեւ՝ նույն Թումանյանի, այլ հայ մեծերի եւ, անխոս, մեր ազգի լավագույն հատկանիշները կրող տատիկի գոյությունը ներշնչում են, որ մենք կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք:                                                             

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել