Երեկ Խանտի Մանսիյսկում աշխատանքն սկսեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի 81-րդ կոնգրեսը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը: News.am-ի հաղորդմամբ, կոնգրեսի աշխատանքի կարեւորագույն մասը Գլխավոր ասամբլեայի` ֆեդերացիայի օրենսդիր եւ գործադիր մարմնի նիստն է, որի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա նախագահի ընտրությունը: Պաշտոնին հավակնում են Կիրսան Իլյումժինովն ու Անատոլի Կարպովը: ՖԻԴԵ-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը ֆեդերացիան գլխավորում է 1995թ. նոյեմբերից եւ վերընտրվել է 2006-ին: Նրա թեկնածությունը առաջադրել է Ռուսաստանը:
Աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովին առաջադրել են ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան: Հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 82 երկրների աջակցությունը: Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ արդեն ունի 95 երկրի ձայն, Կարպովի օգտին արտահայտվել է 20 երկիր:
Սակայն Կարպովը նախօրեին նշել է, որ իր աջակից երկրների անունը չի հրապարակում: