Գյումրեցի ծանրորդն իր հաղթանակը նվիրեց իր անձնական մարզիչ Աշոտ Մխիթարյանի հիշատակին
Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան «Antalya Expo Centre» համալիրում հավաքված հայ մարզասերները «Հա-յաս-տան» վանկարկումներով ու ջերմ գրկախառնումներով շնորհավորում էին միմյանց՝ մինչեւ 77 կգ քաշային Տիգրան Գ. Մարտիրոսյանի հաղթանակի եւ Թուրքիայում հայոց եռագույնը բարձրանալու եւ Հայաստանի օրհներգը հնչելու առիթով: Իսկ այս հաղթանակը մի քանի առումներով առանձնահատուկ նշանակություն ուներ մեզ համար: Նախ, որ մինչ այդ տղամարդկանց ծանրամարտում վերջին անգամ աշխարհի չեմպիոն դարձել էր Իսրայել Միլիտոսյանը՝ 1991 թվականին: Երկրորդ՝ Տիգրանին հաջողվեց կանգնեցնել վերջին տարիների անփոփոխ առաջատար Չինաստանի մեքենան: Երրորդ՝ հայ մարզիկը, փաստորեն, միայնակ պայքարեց օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր Լու Հաոյինի դեմ ու հարկադրեց նրան ընդունել պարտությունը: Եվ չորրորդ՝ աշխարհի նորընծա չեմպիոնը Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի հաշվարկին բերեց թիմային առավելագույն՝ 28 միավոր:
Տիգրանի եւ չինացու պայքարը, իրոք, դաժան էր, ու հայաստանցի մարզասերները դա տեսան ուղիղ հեռուստաեթերում: Հավասարազոր այս երկու մարզիկների պայքարի ելքը վճռվում էր կուլիսների ետեւում, իրենց՝ ծանրորդների եւ մարզիչների միջեւ ընտրվող ռազմավարությունում, որտեղ հաղթեց Հայաստանը:
Պոկում վարժությունն սկսելով 165 կգ-ից՝ Տիգրանը հաջորդաբար սանձեց նաեւ 170 եւ 173 կգ ծանրաձողը: Իսկ չինացին, որ իր ուժերի վրա չափից ավելի վստահ էր, գերագնահատելով իր հնարավորությունները՝ որոշեց պոկումի վերջին մոտեցմամբ 1 կգ-ով գերազանցել իր իսկ սահմանած աշխարհի ռեկորդը (174)՝ հուսալով, որ հաջողության դեպքում ոչ միայն կնվաճի փոքր ոսկին, այլեւ երկրորդ վարժությունից առաջ հոգեբանորեն կճնշի մրցակցին: Բայց նրա հաշվարկները սխալ դուրս եկան, ու ինչպես ասում են՝ «ուրիշի համար փոս փորողը ինքն ընկավ թակարդը»: 175 կիլոգրամանոց ռեկորդային քաշ ունեցող ծանրաձողը չենթարկվեց Լուի կամքին, ու չինացին 3 կգ զիջելով Տիգրանին՝ ստիպված բավարարվեց պոկում վարժությունում 2-րդ տեղով: Այս պայմաններում պայքարն ավելի սրվեց, եւ հաջողությունը ժպտալու էր նրան, ում նյարդերն ավելի ամուր կլինեին: Լարվածությունն առաջինը զգացվեց Տիգրանի մոտ: Նա ձախողեց հրում վարժության մեկնարկային 200 կգ-ն: Սակայն կարողացավ հավաքել ողջ ուժերը եւ 2-րդ փորձով արձանագրել արդյունքը: Չինացին նույնպես սկսեց այդ քաշից, բարձրացրեց այն ու սպասեց հայ մարզիկի վերջին քայլին: Մարտիրոսյանը գնաց 205 կգ-ին ու կրկին անհաջողության մատնվեց: Լուին, որը պոկումից հետո պարտվում էր 3 կգ-ով, մնում էր իր երկու մոտեցումներից գոնե մեկում բարձրացնել առնվազն 206 կգ եւ հռչակվել աշխարհի չեմպիոն: Հուրախություն մեզ՝ նրա երկու մոտեցումներն էլ անհաջող էին: Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի 373 կգ-ով նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: Հայ ծանրորդը Անթալիայում նվաճեց երկու ոսկե (պոկումում եւ երկամարտում) եւ մեկ արծաթե (հրումում) մեդալ:
Այդ օրը հավաքականին եւ մարզասերներին տհաճ անակնկալ մատուցեց 77 կգ քաշային կարգում հանդես եկող մեր երկրորդ մասնակիցը՝ Գեւորգ Դավթյանը: Նա պոկումում երեք անգամ չկարողացավ բարձրացնել 163 կիլոգրամը եւ, ստանալով զրո, չմասնակցեց նաեւ հրում վարժությանը: Ընդմիջման ժամանակ Գեւորգին հարցրինք՝ ի՞նչ կատարվեց: «Նախավարժանքի ժամանակ մեջքս ցավեցրի, ու այն իր գործն արեց արդեն մրցահարթակում»,- եղավ պատասխանը:
Ինչ արած: Այսպիսին է մեծ սպորտը, եւ ոչ ոք ձախողումից ապահովագրված չէ: Գեւորգը, որ 3-րդ տեղի հավակնություն կարող էր ունենալ, մեդալից ավելի այլ խնդիր ուներ լուծելու: Նա պետք է պայքարեր հավաքականի վարկանիշային պաշարը հնարավորին չափ շատ միավորով համալրելու համար: Եվ այստեղ է, որ պիտի կրկնենք Անթալիայից ուղարկված առաջին նյութի վերնագիրը. «Մեդալնե՞րն են կարեւոր, թե՞ վարկանիշային միավորները»: Այս զրոն մինչեւ Լոնդոնի օլիմպիական խաղերը դեռ շատ է հիշվելու: