Օրերս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում գրող, գրականագետ, թարգմանիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը նշեց իր ծննդյան 60-ամյակը:
Գրողին ծննդյան կապակցությամբ շնորհավորելու էին եկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գրողների եւ նկարիչների միությունների նախագահները:
Գլխավոր դատախազը գրականագետի մասին ասաց. «Բախչինյանն այն մարդկանցից է, ով ամեն օր պակասեցնում է իր պարտքը մոլորակին եւ մարդկությանը: Փառք նրան, ով ամեն օր այսպես կնվազեցնի իր պարտքն ու կհեռանա երկրից առանց պարտքի»:
Ոստիկանապետն էլ կես կատակ, կես լուրջ նշեց. «60-ը լավ տարիք է, բայց դրա քաղցրությունը, ինձ թվում է, 3 տարի անց՝ 63-ամյակում կհասկանաս: Մի անգամ Ջիվան Գասպարյանն ինձ ասաց՝ ես 83 տարեկան եմ, այնքան կուզեի 20 տարի ժամանակը ետ տայի, ընդամենը 20 տարի: Ասացի՝ ինչո՞ւ հենց 20, այդ դեպքում կլինես 63 տարեկան, ասաց՝ դա քաղցր տարիք է»:
Լ. Անանյանն էլ ասաց. «Այսօր արժեքային համակարգերն այնքան են փոխվել, որ շատերը դուրս են գալիս ասպարեզ ոչ թե այն զարգացնելու, այլ սեփական հարստությունը մեծացնելու համար: Ֆելիքսն այն բացառիկներից է, որ եկել է աշխարհ՝ իր նպաստը բերելու համար»: