Շեքսպիրյան շնչով, Լենզի ռոմանտիզմով ու խենթությամբ օրերս հայ հանդիսատեսին ներկայացավ իտալական Ինստաբիլի Վագանտի թատրոնը: «Լենզ» ներկայացումը համանուն գերմանացի գրողի «խենթ» գործերից է: Լենզը ներկայացման գլխավոր հերոսն է, որը միայնակ փակված է իր սենյակում: Նրան շարունակ հետապնդում են տեսիլքներ, մղձավանջներ եւ ուրվականներ՝ միաժամանակ ծնելով նրա մեջ եւ՛ պոետիկ մտքեր, եւ՛ սարսափ: Պոետական ռոմանտիկ մտքերով տարված՝ Լենզի երեւակայությունը հայտնի հերոսների է փնտրում ու խենթության թեժ պահին բախվում Շեքսպիրի դերակատարներին՝ ամեն անգամ դառնալով նրանցից մեկը: Բեմադրությունն իտալերեն էր, իսկ դերասանները մտավախություն ու կասկած չունեին, թե իրենց ասելիքը կմնա կես ճանապարհին: Ներկայացման բեմադրիչ, գլխավոր դերակատարուհի Աննա Դորա Դորնոյի կարծիքով, հանդիսատեսը ոչ այնքան հասկացավ, որքան զգաց իրենց խաղը, միջավայրն ու բեմադրության նպատակը: Ներկայացման մյուս դերակատարն էլ՝ Նիկոլա Պիանզոլան հավելեց. «Շատ լավ է, երբ չես հասկանում ներկայացման լեզուն, որովհետեւ դու դադարեցնում ես աշխատեցնել բանականությունը եւ առաջնորդվում ես միայն զգացմունքներով»: Աննա Դորա Դորնոն նշեց, որ բեմադրության մեջ հատկապես կարեւորում է այն, որ ինչպես խաղի հերոսը, այնպես էլ կյանքում յուրաքանչյուր ոք երբեմն իրեն մեկուսացած է զգում. «Լենզը մեծ գրող էր, բայց իրականում չճանաչված, մեկուսացած մարդկանցից: Բեմադրությամբ փորձեցինք նաեւ ասել, որ հասարակությունը երբեմն սպանում է դերասանին կամ շրջանակների մեջ առնում նրան: Ազատ լինելու նախապայմանն է ստեղծագործել երեւակայությամբ ու զգացմունքներով»:
Թե ինչու էր Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում հանդես եկող թատրոնը նախընտրել խաղալ գերմանացի գրողի ստեղծագործությունը, Նիկոլա Պիանզոլան բացատրեց յուրովի. «Լենզը գերմաներեն է թարգմանել Շեքսպիրի ստեղծագործությունների մեծ մասը, դա է հաստատում նաեւ այն, որ նրա գրական գործերում առկա են բազմաթիվ շեքսպիրյան վկայակոչումներ ու մեջբերումներ, բացի այդ, մի օր որոշեցինք ուսումնասիրել շեքսպիրյան խելագար հերոսներին՝ Լիր արքային, Համլետին, Օֆելյային ու հենց այդ ժամանակ որոշեցինք խելագար այս հերոսներին ներկայացնել խենթ գրողի՝ Լենզի տեսանկյունից»: «Լենզ» ներկայացումը հայտնի է նաեւ 2-րդ անվամբ՝ «Գյոթեի կապիկը»: Դերասանի խոսքով, ներկայացման այս անվանումը պայմանավորված է այն փաստով, որ գրաքննադատները Լենզին մեղադրում էին Գյոթեի ստեղծագործությունների գրագողության մեջ. «Գուցե սա ճիշտ չէ, բայց քննադատները պնդում էին, որ նա կրկնօրինակում է Գյոթեի գործերն ու այդ պատճառով Լենզին «Գյոթեի կապիկ» էին անվանում: Դրա համար մենք էլ ներկայացումը անվանակոչեցինք նաեւ «Գյոթեի կապիկը»: Դերասանը, գաղտնազերծելով իրենց առաջիկա պլանները, ասաց, որ իրենց Հայաստան է բերել ոչ միայն Շեքսպիրյան փառատոնի մասնակցությունը, այլեւ Տիկնիկային թատրոնի հետ համագործակցությունը: Միջազգային նախագծերի շարք են մշակել, որի մի քայլը կանեն Հայաստանում: Տիկնիկային թատրոնի դերասանների հետ համատեղ կստեղծեն մի ներկայացում, որը կկոչվի «Տխրության երգ»: Պիանզոլան ասաց, որ երկար ժամանակ տարբեր ազգերի երգեր են ուսումնասիրել: Նա նշեց, որ ներկայացումը ցուցադրելու են նաեւ «Հայֆեստ» փառատոնում: