«Առավոտը» տեղեկացրել է, որ հուլիսին Սյունիքի մարզի Կապան եւ Լեռնաձոր համայնքների ավագանիները ուղերձով դիմել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը` խնդրելով կրկին անդրադառնալ ուրանի հանքավայրի շահագործման ծրագրերին` դրանք կասեցնելու եւ ՀՀ կառավարության՝ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնելու 2008 թվականի որոշումը չեղյալ համարելու նպատակով: Սյունեցիներին պատասխանել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:
Պատասխանը ուղարկվել է Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանին ու Լեռնաձորի գյուղական համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանին: Նախարարությունը ընդամենը տեղեկացնում է, որ 2010 թ. նախատեսվում է շարունակել երկրաբանահետախուզական աշխատանքները: Հատկանշական է, որ գրությունում նշվել է՝ Կապանի քաղաքային եւ Լեռնաձոր գյուղական համայնքների ավագանիների «մի քանի անդամների» ուղերձին ի պատասխան: Սակայն հայտնի է, որ ուղերձ ընդունելու որոշումները ընդունել են ավագանիները՝ քվորումի առկայության պայմաններում եւ այն էլ՝ միաձայն: Ուստի անկախ ավագանու անդամների քանակից, որոշումները ավագանունն են:
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունն արդեն որերորդ անգամ «հանքավայրի շահագործում» ձեւակերպման փոխարեն «երկրաբանահետախուզական աշխատանքներ» արտահայտությունն է օգտագործում՝ ծրագրին «սփոփիչ» ու «անվտանգ» երանգ հաղորդելու նպատակով:
Հիշեցնենք, որ դեռեւս հուլիսի 2-ին «Հայ-Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի, շահագրգիռ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հստակ նշել են, որ դեմ են նույնիսկ որոնողական աշխատանքներին եւ պահանջել են տարածաշրջանի բնակչության կարծիքն ու որոշումը հաղորդել վերադասին, ավելացնելով, որ անկախ դրանց արդյունքներից, թույլ չեն տա եւ ամեն քայլ կձեռնարկեն` ուրանի հանքավայրի շահագործումը չթույլատրելու համար: