Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի գյուղատնտեսությունում ճգնաժամը շարունակվում է

Սեպտեմբեր 25,2010 00:00

Սյունիքում հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի աշխատանքներն ավարտվում են, բայց բերքի հույս գրեթե չկա, հավաքած բերքն էլ անորակ է եւ սերմանյութի համար ոչ պիտանի: Այս մասին Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Քաջիկ Խաչատրյանը դեռ գարնանից է ահազանգում ու պնդում, որ հարցը չլուծելու դեպքում խնդիրն էլ ավելի կբարդանա հաջորդ տարի: («Առավոտ»,  21. 05. 2010՝ «Սյունիքի գյուղատնտեսությունը ճգնաժամ է ապրում», 30. 07. 2010՝ «Բերքը գոհացուցիչ չէ»): Ահա եւ ահազանգին չարձագանքելու պատկերը: «Այս տարի բերքի ցուցանիշները բավականին նվազել են, գարու եւ ցորենի 1 հեկտարի միջին բերքը կազմել է 10-12 ցենտներ: Համոզված եմ, որ հաճարի բերքահավաքից հետո այդ ցուցանիշը կիջնի: Մոտ 1300 հեկտար հաճարի ցանքս է մնացել հնձելու, որը մինչեւ այժմ չի հասունացել: Հաճարի ցանքսի 1 հեկտարից 6 ցենտների հույս կա ընդամենը: Նախորդ տարի հացահատիկային մշակաբույսերի միջին բերքը մարզում 1 հեկտարից եղել է 13,2 ց: Դա նույնպես գոհացուցիչ արդյունք չէր: Նախորդ տարիներին այդ ցուցանիշը հասել էր 24 ց-ի, որոշ անհատներ ապահովել են մինչեւ 36 ց բերքատվություն: Այս տարի պատկերն էլ ավելի վատ է: Այդպես էլ ենթադրվում էր, որ այս տարի բերքը շատ վատ կլինի, որովհետեւ որակյալ սերմանյութ մարզի գյուղացիական տնտեսություններին չհաջողվեց ձեռք բերել»,- ասում է Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Քաջիկ Խաչատրյանը:
Կառավարությանը տեղյակ է պահվել խնդրի մասին, եւ, ըստ զրուցակցիս, առաջիկայում կառավարության աջակցությամբ մարզին կհատկացվի 150-200 տ էլիտար սերմացու, որը կտրամադրվի 20-30 հա եւ ավելի ցանքատարածություն ունեցող սերմարտադրող ֆերմերներին` վարկի տեսքով: 1 տ սերմի դիմաց եկող տարի ֆերմերը պետք է վերադարձնի 2 տոննա: Ստացված առաջին վերարտադրության բարձրորակ սերմացուն էլ արդեն գյուղացիներին տրամադրվելու է անհատույց:
Մտահոգիչ է նաեւ բանջարաբոստանային կուլտուրաների բերքը: Ոչ կոնդիցիոն սերմանյութի բացակայության պատճառով ստացված բերքը ոչ միայն քիչ էր, այլեւ՝ անորակ: Այդ պատճառով Սյունիքում կարտոֆիլի սերմանյութի խնդիր է առաջացել: Համայնքները պատրաստվում են հայտեր ներկայացնել Ագրոարդյունաբերական միությանը` որակյալ սերմացու ստանալու նպատակով: Արտասահմանից ներկրված կարտոֆիլի բարձր որակի սերմացուի 1 կգ-ն կարժենա 560 դրամ, գինը, ըստ գյուղվարչության պետի, բարձր է, բայց գյուղացին բարձր որակի սերմ կստանա եւ մի քանի տարի հետո մարզում կարտոֆիլի սերմի խնդիր չի լինի:
Շատ ավելի վատ էր մրգի վիճակն այս տարի: Միրգ չինելու պատճառով մարզում նույնիսկ մրգի իրացման խնդիր չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել