Շարունակում է արտագաղթը Հայաստանի Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանամերձ, առավել վտանգավոր գոտում գտնվող գյուղերից, ինչի պատճառով տարեցտարի նվազում է այդ գյուղերի դպրոցների աշակերտների թիվը: Սահմանամերձ Բարեկամավանում այս տարի առաջին դասարան չկա: Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է ընդամենը 35 աշակերտ, մինչդեռ 1970-ականներին տեղի ութամյա դպրոցն ուներ 10 անգամ ավելի` 330 աշակերտ: Բերքաբերի միջնակարգ դպրոցն ունի 45 աշակերտ: Անցյալ ուսումնական տարում Ոսկեպարի դպրոցում սովորողների թիվը 108 էր, հիմա` 97: Քանի որ դպրոցների ֆինանսավորումը կատարվում է աշակերտների թվաքանակով, սահմանի անմիջական հարեւանությամբ գտնվող փոքր գյուղերի դպրոցները ֆինանսավորման լուրջ խնդիր ունեն: Դրա հետեւանքով ձեւավորվում են երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ: Այս տարվա ամռանը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Բերքաբերի միջնակարգ դպրոցի տնօրեն Հենրիկ Արզումանյանը խնդրել է վերականգնել «պաշտպանված դպրոցները»: Նախկինում սահմանի անմիջական հարեւանությամբ գտնվող դպրոցների ֆինանսավորումը կայուն էր, կախված չէր աշակերտների թվից: «Պաշտպանված դպրոցները» վերականգնելու ջատագով են նաեւ Ադրբեջանին սահմանակից գյուղերի այլ դպրոցների տնօրենները: