2009 թ. փետրվարի 5-ին՝ «Հարուստները՝ հուշարձանների սեփականատերեր», 2010թ. հունիսի 25-ին՝ «Ոչնչացնելով անցյալը՝ ոչնչացնում ենք ապագան» ու էլի ուրիշ հրապարակումներով անդրադարձել ենք Հայաստանում պատմամշակութային հուշարձանների նկատմամբ անընդունելի եւ անհասկանալի վերաբերմունքին: Հաշվի չառնելով հողերի շերտերում առկա հազարամյա պատմությունը, պետությունն ու համայնքները արտոնում են դրանց սեփականաշնորհումը՝ բացառելով կամ գրեթե բացառելով հետագա պեղումների հեռանկարը: Նաեւ նշել ենք, որ պետության անուշադրությունը զուգորդվում է պաշտոնյաների անձնական շահի հետ: Օրինակ, Արմավիրի մարզում, Մեծամորից մինչեւ Լեռնամերձ՝ պատմականորեն արժեքավոր տարածքը սեփականաշնորհվել է, եւ այստեղ մի քանի հարյուր հեկտարների հասնող հողեր ունեն Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանը, Երեւանի նախկին քաղաքապետ, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, հանրապետական Երվանդ Զախարյանը, ֆինանսների երբեմնի նախարար, հանրապետական Վարդան Խաչատրյանը, «Արցախ ալկո» ընկերությունը: Արագածոտնի մարզի Օրգով գյուղի հուշարձաններով հարուստ տարածքներից 54 հեկտարը վաճառել են մի հարուստ սփյուռքահայի:
Այս ահազանգերից հետո պետական ու պատկան կառույցները ցավալիորեն լռում են, անտարբեր են ինչպես պատմական հուշարձանների, այնպես էլ դրանց ոչնչացման մասին բարձրաձայնողների նկատմամբ: Իսկ մենք նոր ահազանգ ենք ստացել՝ կրկին Արմավիրի մարզից ու նորից արձանագրել, որ հնագիտության նկատմամբ պետության այս, մեղմ ասած, սխալ վերաբերմունքը կարող է պատճառ դառնալ դեռ չպեղված, հազարամյա պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանների ոչնչացմանը:
«Հուշարձանների պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքը թեեւ արգելում է հուշարձանների տարածքի օգտագործումն այլ նպատակներով, բայց արգելքը մնացել է թղթի վրա: Շարունակվում են ոտնատակ լինել հարյուրավոր հեկտարներով դամբարանադաշտեր եւ օգտագործվում որպես վարելահողեր: Առանձին դեպքերում էլ դամբարանադաշտերը վերածվում են գերեզմանոցների:
Մասնավորապես, գերեզմանոց է դարձել հայոց հին Արմավիր մայրաքաղաքն իր միջնաբերդով: Չնայած այն պեղվում է 1962 թ.-ից, բայց բազմաթիվ շերտեր դեռ բացված չեն: Միջնաբերդի մերձակայքը բնակեցված է մարզի չորս՝ Հայկավան, Արտագես, Արմավիր եւ Ջրաշեն գյուղերով: Տարիներ շարունակ հենց այդ գյուղերի բնակիչներն էլ իրենց ննջեցյալներին հուղարկավորում են միջնաբերդում:
Արտագեսի գյուղապետ Դավիթ Ումրշատյանը չհերքեց, որ միջնաբերդը գերեզմանոց է դարձել, բայց չընդունեց, որ այդտեղ նաեւ իրենց գյուղի հանգուցյալներն են թաղվում: «Միջնաբերդում հիմնականում Ջրաշեն, Արմավիր եւ Հայկավան գյուղերի եզդի մեռելներին են հուղարկավորում, որովհետեւ եզդիները սովորություն ունեն հանգուցյալներին թաղելու բարձր տեղերում»,- նկատեց Դավիթ Ումրշատյանը:
Արմավիրի միջնաբերդում թաղումները կանխելու խնդրանքով հնագետները դիմել են գյուղապետերին՝ գերեզմանոցների համար տեղեր հատկացնելու խնդրանքով: Հարցը բարձրացվել է նաեւ Արմավիրի մարզխորհրդի նիստերից մեկում: Փոխմարզպետ Արայիկ Աղաբաբյանի փոխանցմամբ՝ մարզպետը գյուղապետերին հորդորել է տարածքում թաղումներն արգելել: Իսկ որպեսզի մեռելներն անթաղ չմնան, գերեզմանոցի համար այլ հողատարածքներ է մատնանշել: «Դատախազության միջնորդությամբ Ջրաշենի գյուղատնտեսական նշանակության հողերից 7000 քմ-ի կարգավիճակը փոխվեց այլ նշանակության, որպեսզի կարողանանք այն ծառայեցնել գերեզմանոցի»,- ասաց Արմավիրի գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը: Վերջինիս փոխանցմամբ, Ջրաշենից գնած հողատարածքը՝ 3500-ական քմ չափերով, հավասարապես բաժանել են իրենց եւ Հայկավանի միջեւ՝ գերեզմանատուն դարձնելու նպատակով:
Թեեւ հուղարկավորությունները միջնաբերդում այս պահին դադարեցված են, բայց ընտանեկան գերեզմանոցներում թաղումները դեռ շարունակվում են: «Դեպքեր են եղել, երբ փոսեր փորելու ժամանակ գյուղացիները կահկարասի են հայտնաբերել: Հանձնել ենք հնագետներին»,- ասաց Արմավիր համայնքի ղեկավարը:
Միջնաբերդի՝ արդեն գերեզմանոցի վերածված տարածքներում պահպանվել են նաեւ հունական հնագույն սեպագիր արձանագրություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, կարող են անհետանալ: Ասենք՝ եզդի գերեզմանատերը, որ այնքան էլ մշակութային արժեքների պահպանման ջատագով չէ, մի օր ձեռքը կառնի լինգն ու կկոտրի-դեն կնետի իր տարածքում «աննպատակ» տեղ զբաղեցնող այդ «քարակտորը»: Շատերի համար գուցե արտառոց ոչինչ էլ տեղի չի ունենա, բայց իրականում՝ գերեզմանատիրոջ հարվածով վերջ կդրվի Հայաստանում Հունաստանի պատմության սկզբնաղբյուրների ուսումնասիրությանը:
Մինչ մեր երկրում արհամարհվում է «Հուշարձանների պահպանության եւ օգտագործման մասին» օրենքը, քաղաքակիրթ երկրներում՝ դրա տառին հավատարիմ լինելուց բացի, գործում է նաեւ կանխարգելիչ հնագիտություն հասկացությունը: Հողակտորի սեփականատերն իրեն հատկացրած հողի վրա որեւէ ծրագիր իրականացնելուց առաջ պետք է ստանա հնագետի եզրակացությունը: Եթե հնագետը պեղել եւ տարածքում պատմամշակութային արժեք ներկայացնող որեւէ հուշարձան է հայտնաբերել, ապա սեփականատերը պարտավոր է հաշվի նստել այդ փաստի հետ: