Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ժիգուլու» փոխարեն «Հունդայի» կվարեն

Սեպտեմբեր 25,2010 00:00

Առաջիկայում հնարավոր է Հայաստանը հրաժարվի միասնական քննություններից: Երեկ կառավարությունը հավանության արժանացրեց բուհական եւ հետբուհական բարձրագույն կրթության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ինչպես կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, օրենսդրական նախաձեռնությունը նպաստելու է պետական եւ մասնավոր բուհերի միջեւ իրավահավասար պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ նախատեսվում է ընդլայնել ուսանողների իրավունքները՝ ստեղծելով ուսանողակենտրոն բարձրագույն կրթական համակարգ: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն էլ կարծիք հայտնեց, որ լիարժեք հավասարություն այս օրենքով էլ հնարավոր չէ ապահովել: Պարոն Աշոտյանը բացատրեց. «Իհարկե, չեն կարող լիարժեք իրավահավասար լինել ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող պետական կամ անհատ ձեռներեցի կարգավիճակ ունեցող մասնավոր բուհերը՝ զուտ իրենց իրավական ձեւից ելնելով, բայց պետական կրթական քաղաքականության մեջ նրանք հավասար են լինելու»: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ նախարարության առաջ խնդիր է դրված փուլ առ փուլ դնել մի հայեցակարգ, որը ենթադրում է. «Հրաժարվել միասնական քննություններից ու անցնել միջազգային լավագույն ստանդարտներին, երբ բուհերն իրենք են պատասխանատու իրենց ուսանողների ընտրության համար, սա նշանակում է՝ ապագայում կհրաժարվենք ընդունելության քննություններից»:
Այս տարի մեծ շուքով տոնվելու է Ուսուցչի օրը: Հոկտեմբերի 5-ին Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում աննախադեպ միջոցառում է նախատեսված: Որպեսզի ամեն ինչ անթերի ու ճոխ կազմակերպվի, կառավարությունը ԿԳ նախարարությանը որոշակի գումար հատկացրեց: Նախարարը գործադիրից գումար խնդրեց նաեւ օրվա առիթով «Լավագույն ուսուցիչ», «Լավագույն դաստիարակ» անվանակարգերում հաղթողներին ավտոմեքենայով պարգեւատրելու համար. «Գուցե գնային տարբերությունն այնքան մեծ չէ եւ ավանդական դարձած «Ժիգուլի» մենքենայի փոխարեն փորձենք արտասահմանյան մեքենա նվիրաբերել մեր լավագույն մանկավարժներին»:
Նախարարի խոսքով, նախատեսվում է երկու մեքենա գնել՝ յուրաքանչյուրի արժեքը կկազմի 3 միլիոն 650 հազար դրամ: Նա նշեց, որ այդ գումարով գուցե եւ գնեն «Հունդայի» մակնիշի մեքենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել